Նախագահ
Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրվա առթիվ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձի կարևոր շեշտադրումները.
02.09.2025

«Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը եղել է հայատյաց Ադրբեջանին անարդարացիորեն բռնակցված մեր Հայրենիքի մի մասի ազատագրման օր»։
«Այսօր, սակայն, երբեմնի տոնական օրը մենք նշում ենք Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հետևանքով էթնիկ զտման ենթարկված, հայաթափված, օկուպացված Արցախի և բռնագաղթի ենթարկված արցախցիների խնդիրների նկատմամբ ՀՀ գործող վարչակազմի տոտալ անտարբերության պայմաններում»։
«Բաքվի բանտերում ապօրինի, շինծու մեղադրանքներով դատավարության շրջանակներում անմարդկային զրկանքներ են կրում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ու պատանդառված, գերեվարված այլ հայորդիներ»։
«Ես հավատում եմ, որ ինչպես իմ սերնդին հաջողվեց բռնակցումից տասնամյակներ անց ազատագրել հայրենի հողը, վերականգնել արդարությունը, ազգային արժանապատվությունը և հայատյաց Ադրբեջանին պարտադրել խաղաղություն, այլ ոչ թե անարժանապատիվ պայմաններով խաղաղություն մուրալ, այնպես էլ այս ողբերգությունից դուրս կգանք հաղթանակով»։
«Թող մեր ցավը դառնա վճռականություն, թող մեր կորուստները դառնան պայքարի խթան, և թող Սեպտեմբերի 2-ը մնա ոչ թե անցյալի հիշատակ, այլ հաղթանակով պսակվելիք ապագայի աներեր համոզմունք»։
«Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ միջազգային ճնշում գործադրելու հնարավորությունները և հիմքերն այսօր էլ առկա են, սակայն Հայաստանի գործող վարչախումբը դիտավորյալ այդ գործիքակազմից չի օգտվում»։
«Մենք չենք կարող լռելյայն համաձայնել կապիտուլյանտ իշխանությունների պարտվողական, աղետաբեր, կորուստներով լի քաղաքականության հետ, որը խաբեությամբ մատուցվում է որպես խաղաղություն»։
«Սեփական աթոռը կորցնելու վախերից կառչած իշխանազավթի համար Արցախը ոչ թե Հայրենիք է, այլ ծանր բեռ, արցախցին ոչ թե հայրենակից է, այլ ժամանակավոր ապաստան խնդրող, պատմական արդարության վերականգնումը ոչ թե նպատակ է, այլ խանգարող հանգամանք»։
«Աներկբա է՝ ոչ մի օկուպանտ կամ բռնապետ, ոչ մի ժամանակավոր պարտություն չեն կարող սասանել մեր կամքը՝ Աստծո՝ մեզ պարգևած հողի վրա այլ ժողովուրդների նման ապրելու ազատ, անկախ, խաղաղ ու երջանիկ»։
«Արցախը հայերի Հայրենիքի նվիրական մասն է, իսկ արցախահայության վերադարձը՝ նրա անբեկանելի և հիմնարար իրավունքը»։