Հարցազրույցներ

«Ես բացառապես համաձայնել եմ մնալ ՀՀ վարչապետ, որ իրականացնեմ այդ տարբերակը». Սերժ Սարգսյան

15.02.2021

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմյուզ» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումներին՝ կապիտուլյացիայի պատճառներին, հետևանքներին, ինչպես նաև ստեղծված իրավիճակից ելքին ու ապագային միտված ծրագրերին:

 
 
Հեռուստամեկնաբան Դավիթ Սարգսյանի ճշտող հարցին, թե՝ ՀՀ առաջին նախագահը վերջերս հայտարարեց, որ իր տպավորությամբ՝ Ձեր վերընտրությունից հետո Դուք պատրաստ էիք ստորագրելու Լավրովյան պանը։ Նախ հասկանանք՝ դա Կազանյան փաստաթղթի մոդիֆիկացիա՞ն է, առհասարակ, եղե՞լ է այդպիսի փաստաթուղթ, և Դուք պատրաստ եղե՞լ եք 2018-ին Ձեր վերընտրությունից և իշխանության մնալու դեպքում դա ստորագրել, Սերժ Սարգսյանը պատասխանեց.
 
«Նախ պետք է ասեմ, որ Լավրովյան փաստաթուղթ, որպես այդպիսին, գոյություն չի ունեցել։ Ինչն է անվանվել Լավրովյան փաստաթուղթ. իմ ասած երկրորդ տարբերակը, այսինքն՝ Կազանյան փաստաթղթի Մադրիդյան սկզբունքների մոդիֆիկացված տարբերակը Լավրովը առաջարկել է համանախագահների անունով, և երբեք չի եղել մի, այսպես ասած, բանակցային պրոցես, որ համանախագահներից որևէ մեկն առանձին իր գաղափարներն առաջարկեր։ Միշտ համաձայնեցված է եղել։ Սա էր այն, ինչի մասին ես ասացի։ Եվ այն, ինչ կոչվում է Լավրովյան փաստաթուղթ և Կազանյան փաստաթուղթ։ Իմիջիայլոց, կներեք, որ մի քիչ շեղվում եմ, Կազանյան փաստաթուղթը միակ փաստաթուղթն է, գոնե մինչև 2018-ը միակ փաստաթուղթն էր, որ դարձել էր աշխատանքային փաստաթուղթ։ Եվ այդ փաստաթուղթը, ուրեմն, գտնվում է ԵԱՀԿ դեպոզիտարիայում։ Այլ աշխատանքային փաստաթուղթ չի եղել»:
 
 
Հարցին՝ Լավրովյան պլան՝ որպես աշխատանքային փաստաթուղթ, գոյություն չունի՞, Սերժ Սարգսյանը մանրամասնել է.
 
«Ուզում եմ նաև այդ մասին մի քիչ խոսել, որովհետև շատ-շատերը լավ չեն պատկերացնում, թե ի՞նչ է նշանակում աշխատանքային փաստաթուղթ, ի՞նչ է նշանակում առաջարկություն, և ի՞նչ է նշանակում ընդհանրապես թուղթ, որ տալիս են քեզ՝ ծանոթանալու համար։ Աշխատանքային փաստաթուղթն այն փաստաթուղթն է, որ միջնորդները ներկայացնում են իրենց պատկերացրած լուծումը, և կողմերն ասում են՝ այո, այս փաստաթղթի շուրջ կարելի է բանակցել և գալ համաձայնության։ Եվ սկսվում է արդեն աշխատանքը՝ ըստ տողերի, սկզբունքների և այլնի։ Սա է աշխատանքային փաստաթուղթը և ոչ թե այն, ինչը բազմաթիվ անգամ կարող են անել համանախագահները՝ իրենց գաղափարները գրավոր կերպով կամ բանավոր կողմերին հայտնելով։ Գաղափարները կարող են բազմաթիվ լինել, բայց երբ միանգամից ծանոթանալով այդ գաղափարին՝ ասում ես՝ սա անհնար է քննարկել, այլևս քննարկում չի լինում։ Ես ենթադրում եմ, որ այն փաստաթուղթը, որ 2019-ի ապրիլին տրվել էր կողմերին, բնականաբար, այդ թվում՝ հայկական կողմին, հայկական կողմի պատասխանը, ամենայն հավանականությամբ, եղել է, որ այո, այս փաստաթղթի շուրջ կարելի է քննարկումներ իրականացնել։ Հակառակ պարագայում, եթե մերժվեր, ապա, երևի, այլ առաջարկություններ կներկայացվեին, կամ այն գլխից համանախագահները կասեին, որ իրենց առաջարկները մերժված են»։
 
-Դրա տրամաբանությունը փուլայի՞ն է եղել, պարո՛ն նախագահ։ Լավրովի ասածից կարո՞ղ ենք դատել։
 
-Դուք հիշում եք, որ դրա մասին առաջին անգամ հայտարարեց Լավրովը՝ արդեն 2020-ի գարնանը՝ մեկ տարի անց։ Այսինքն՝ համանախագահները դրանով ուզում էին ասել, որ մենք կողմերին տվել ենք փաստաթուղթ, ստացել ենք հավաստիացում, որ սրա շրջանակներում կարելի է քննարկել, գալ համաձայնության, բայց կողմերից մեկը, և, ինչպես հասկացանք, հայկական կողմը հետո հրաժարվեց շարունակել բանակցությունները։ Այո, իմ խորին համոզմամբ՝ դա եղել է փուլային տարբերակ, որովհետև ինչո՞ւ պետք է հայկական կողմը փաթեթային տարբերակից հրաժարվեր։ Իսկ թե ինչո՞ւ եղավ փուլային տարբերակ, դա արդեն ևս խոսակցության թեմա է։ Չէ, ես պատկերացնում եմ մոտավորապես, թե ինչու այդպես եղավ, բայց մինչ այդ ուզում եմ մեկ անգամ ևս անդրադառնալ և շատ-շատերի համար մեկ անգամ ևս ասել, թե ինչ է նշանակում փաթեթային տարբերակ, ինչ է նշանակում փուլային տարբերակ։
 
Փաթեթային տարբերակն այն է, երբ բանակցող կողմերը, համաձայնության եկած կողմերը գիտեն առաջին քայլից մինչև վերջին քայլը, թե ինչ գործողություններ են տեղի ունենալու։ Սկսելով ինչ-որ բանից՝ վերջում ինչի ենք հասնելու։ Եվ, ամենակարևոր հատկանիշներից մեկն էլ այն է, որ փաթեթային տարբերակում կողմերից որևէ մեկը, ստանալով ինչ-որ բան, չի կարող սեղանը շուռ տալ, ասել՝ ես այլևս չեմ բանակցում, որովհետև փոխզիջումները լինում են համահունչ, հավասարազոր, և հրաժարվելու պարագայում դու ունենում ես ոչ միայն ձեռք բերած, ունենում ես նաև կորցրած։ Ակնհայտ է, որ փաթեթային տարբերակը չի կարող միանգամից ամբողջովին իրականացվել, և այն իրականացվում է փուլերով։ Ամբողջ հմայքը այս փաթեթային տարբերակի այն է, որ դու մի բան ստանում ես, մի բան տալիս ես, մի բան ստանում ես, մի բան տալիս ես, կեսից էլ եթե կանգնում է, դու քո կենսական շահերն արդեն տված չես լինում։ Իսկ փուլային տարբերակն այն է, երբ դու ինչ-որ բան տալիս ես՝ ստանալով շատ ոչ հավասարազոր մի բան ու խոստում, որ ապագայում կարող է լավ լինել։ Թե այդ լավ լինելն ինչպիսին է, դա գնահատելու հարց է։
 
-Պարո՛ն նախագահ, առաջին նախագահը ճի՞շտ էր իր եզրակացության մեջ՝ պատրա՞ստ էիք իշխանության մնալու դեպքում ստորագրել այդ աշխատանքային տարբերակը։
 
-Ես ոչ միայն պատրաստ էի ստորագրել, այլ ես բացառապես համաձայնել եմ մնալ ՀՀ վարչապետ, որ իրականացնեմ այդ տարբերակը։ Եվ ես այն ոչ թե պետք է գաղտնի ստորագրեի, այլ բնականաբար, երբ հասնեինք նրան, ինչին ձգտում էինք, ապա այդ տարբերակը, ես չեմ ասում՝ հանրաքվեի կդնեինք և այլն, բայց շատ մեծ և բուռն քննարկման առարկա կդարձնեինք հասարակությունում։ Ես վստահ չէի, որ հասարակության մեծ մասը դրան կարող էր սատարել, իհարկե, եթե հիմա հնարավորություն ունենայինք պատմության անիվը հետ պտտելու և վերադառնալու 2018, կարծում եմ՝ մեր բնակչության 99 տոկոսը դրան կողմ կլիներ։
 
-Ինչո՞ւ այն ժամանակ անկեղծորեն, բացեիբաց դա չասացիք, պարո՛ն նախագահ, թեկուզ ամենածանր պահին։
 
-Ես ասել եմ, բացեիբաց ասել եմ, միգուցե շատ չեմ ասել։
 
-Շատ չեք ասել։
 
-Բայց ասել եմ դա Ապրիլյան իրադարձությունների օրերին, երբ ինձ նամակ հղեցին «Լույս» հիմնադրամի 60-ից ավել շահառու և կոչ արեցին, որ ես հրաժարական տամ։ Ես նրանց բացատրեցի, որ իմ մնալու միակ պատճառը այս խնդիրը լուծելն է։ Մինչ այդ եմ ասել դրա մասին, բազմաթիվ անգամներ եմ ասել։ Ընդունում եմ իմ մեղքը, միգուցե քիչ եմ ասել, բայց արդյո՞ք եթե շատ ասեի, դա կօգներ գործին․ չէր օգնի։ Բայց ինչ էինք արդյունքում ստանալու։ Այս մասին էլ եմ ուզում ասել, շատ հետաքրքիր բան է։ Քանի որ Ադրբեջանը, պարզ է, շատ դժկամությամբ էր շարունակում բանակցություններն այդպիսի պայմանների շուրջ, մենք մտածեցինք տարբերակ՝ ունենալ երեք փաստաթուղթ․ մեկ փաստաթուղթ ստորագրել Ադրբեջանի հետ, որ ամբողջովին չէր բավարարում մեր նվազագույն ցանկությունները․ խոսքը հետևյալի մասին է՝ առաջին կետը, երբ խոսում էր ԼՂ բնակչության ազատ կամարտահայտության մասին, ձևակերպված էր, ինչպես ասացի, հետևյալ կերպ, որ ԼՂ վերջնական կարգավիճակը որոշվում է ԼՂ բնակիչների ազատ կամարտահայտությամբ, որն ունի պարտադիր իրավական ուժ, և որի օրակարգը ոչնչով չէր սահմանափակվում։ Այս վերջին պարբերությունը, վերջին բառակապակցությունը կտրականապես Ադրբեջանին չէր բավարարում, ինչո՞ւ, որովհետև առաջին երկու ձևակերպումները տեղավորվում էին իր Սահմանադրության շրջանակներում, բացի դրանից՝ վերջում Ադրբեջանը շատ հանգիստ կարող էր ասել՝ այո, ազատ կամարտահայտությամբ, որն ունի պարտադիր իրավական ուժ, բայց, հաշվի առնելով Ադրբեջանի Սահմանադրությունը, չի կարող լինել հանրաքվե՝ Ադրբեջանի տարածքային ամբողջությանը վերաբերող։ Դրա համար մտածվել էր հետևյալ գաղափարը, որ Ադրբեջանի հետ ստորագրվի փաստաթուղթ՝ առանց այս վերջին իմ ասած մտքի՝ «օրակարգը ոչնչով չի սահմանափակվում», դրան անմիջապես զուգահեռ ունենալ համանախագահ երկրների հայտարարությունը՝ այս պարբերությամբ հանդերձ և ողջամիտ ժամկետներում ունենալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը՝ համանախագահների հայտարարության հիման վրա։
 
-Այդ պայմանավորվածությունը ե՞րբ է ձեռք բերվել։
 
-Այդ պայմանավորվածությունը մենք ունեինք արդեն 2016-ի աշնանը՝ Ապրիլյան պատերազմից հետո։ Այսինքն՝ սրանով ևս մեկ անգամ հերքվում է այն հիմար միտքը, որ Ապրիլյան պատերազմի արդյունքներով մենք իբր պայմանավորվել էինք հենց այնպես Ադրբեջանին վերադարձնել յոթ շրջան։ Մենք, չեմ բացառում, որ երբևէ կհրապարակենք այդ նախագծերը։ Ես ուղղակի ուզում եմ միշտ մնալ կոռեկտության սահմաններում․ կոռեկտության սահմաններում ոչ թե այն մարդկանց հանդեպ, որոնք իրենց համարում են ինձ օպոնենտ, այլ համանախագահների հանդեպ։ Համբերությունը միշտ բերում է բարի արդյունքներ, լավ արդյունքներ, և ես 2,5 տարի չէի ասում՝ չէ՞ որ մենք մինչև 2018-ը ինչի մասին էինք բանակցում, չէի հակադարձում, բայց եկավ ժամանակը, և ռուսական կողմը պաշտոնապես, ոչ թե հարցազրույցի տեսքով, այլ պաշտոնապես, ԱԳՆ կայքում տեղադրեց այն, ինչ բոլորը…
 
168.am

← Վերադառնալ ցուցակին