Հարցազրույցներ

Մեր նպատակը շարունակում է մնալ Փաշինյանի հեռացումը, և այդ ճանապարհին մենք ոչինչ չենք խնայելու․ Հայկ Մամիջանյան

10.07.2022

Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների միջև որևէ սկզբունքային տարաձայնություն չկա, թեև ամենատարբեր հարցերում կարող են տարակարծություններ լինել, իսկ իրական ընդդիմադիր դաշտում ՀՀԿ-ն երբեք «ընկերական կրակ» չի նախաձեռնում, շատ հաճախ դրան նույնիսկ չի արձագանքում։ Երբ, այսպես կոչված, «ընդդիմության ընդդիմությունը» թիրախավորում է խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններին, մենք չենք պատասխանում, քանի որ դա անիմաստ կլիներ։ Այդ հարցը հեշտ լուծելի է պարզ հեռախոսազանգով, և այն մարդիկ, որոնք դժգոհ են մեր որևէ գործողությունից, կարող են զանգել մեզ, ի վերջո՝ բոլորս իրար ճանաչում ենք։ Նման քայլերի միակ դրդապատճառը կարող է լինել «հայփ բռնելը», մի քիչ ավել «լայք» կամ դիտում հավաքելը, ինչը մեր խմբակցության կամ կուսակցության համար նպատակ չէ, ուստի որպես կանոն՝ իրական ընդդիմադիր դաշտում նման «ընկերական կրակը» մենք անպատասխան ենք թողնում։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

«Հայաստան» դաշինքի ցանկացած ներկայացուցիչ կհաստատի, որ մեր միջև լարվածությունը բացակայում է։ Թագուհի Թովմասյանի՝ մշտական հանձնաժողովի նախագահ մնալու կամ Մանվել Փարամազյանի՝ Աննա Հակոբյանին ծաղիկներով դիմավորելու դեպքերի միջև հավասարության նշան չարժե դնել, նույնիսկ զուգահեռ չարժե անցկացնել, քանի որ դրանցից յուրաքանչյուրն իր բացատրությունն ու մեկնաբանությունն ունի։ Մենք՝ որպես ինստիտուցիոնալ կուսակցություն, որևէ կերպ չենք արձագանքել այդ դեպքերին։ Միգուցե «լայքեր» կհավաքեինք Փարամազյանի կամ Թովմասյանի արարքների հետ կապված որևէ բան ասելով, բայց արդյո՞ք դա կնպաստի մեր նպատակին։ Մեր բոլորի նպատակը մեկն է՝ Փաշինյանին հեռացնելը։ Թագուհի Թովմասյանի հայտարարությանն ավելացնելու ոչինչ չունենք, նա կուսակցական չէ, ըստ սահմանման՝ կուսակցական կարգապահությանը ենթարկվել չի կարող, և Հայաստանի ներքաղաքական կյանքում նրա՝ հանձնաժողովի ղեկավար մնալ-չմնալու հարցն իր կարևորությամբ նույնիսկ առաջին հարյուրյակում չէ, մենք ունենք շատ ավելի կարևոր խնդիրներ»,- ասաց քաղաքական գործիչը։

«ՀՀԿ-ն խորհրդարանում ներկայացված է չորս պատգամավորով և ինստիտուցիոնալ պատասխանատվություն է կրում նրանց համար։ Դա բացարձակապես չի նշանակում, որ խորհրդարանում այս պահին «Պատիվ ունեմ» խմբակցության անվան տակ աշխատող մեր գործընկերների հետ որևէ խնդիր ունենք։ Պարզապես կուսակցական կարգապահությունը և պայքարին անմնացորդ միանալու մոտեցումը բնորոշ են ՀՀԿ-ին։ Հուսամ՝ մինչև այսօր թե՛ մեզ ընտրողներին, թե՛ այլ, իրական ընդդիմադիր դաշինքներին ձայն տված քաղաքացիներին որևէ մեկս չենք հիասթափեցրել։ Ինչ վերաբերում է Դիմադրության համաժողովրդական շարժման անցյալին, ներկային ու ապագային, հարկ է արձանագրել՝ աղետ է, եթե «Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում» նախադասության շուրջ ինչ-որ պահի մեր երկրում սկսեն քիչ մարդիկ հավաքվել։ Դա ոչ թե որևէ քաղաքական ուժի կամ գործչի դժբախտությունն է, այլ մեր ազգի ապագայի խնդիրը։ Այդ նախադասությունը պետք է մոբիլիզացնի բավարար քանակով մարդկանց, և էական չէ՝ դա ո՞վ կհայտարարի՝ Իշխան Սաղաթելյա՞նը, Արամ Վարդևանյա՞նը, ե՞ս, թե՞ այլ մեկը։ Միայն այն փաստը, որ այդ նախադասության շուրջ քիչ մարդ կհավաքվի, արդեն աղետ է»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

 

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ հաշվի առնելով ամռան առանձնահատկությունը՝ շարժման վերջին շրջանի գործողությունները վերափոխված ձևաչափով են, և ակցիաներից շատ-շատերը նույնիսկ չեն էլ ենթադրում բազմամարդություն․ «Նախորդիվ կատարած բացթողումների ու սխալների մասին հրապարակավ չարժե խոսել, բայց դրանք վերլուծվել են և կշտկվեն հաջորդ գործողությունների ժամանակ։ Կարևոր արձանագրում է այն, որ մեր քաղաքական թիմը թե՛ Հայրենիքի փրկության, թե՛ Դիմադրության շարժումների ժամանակ բացարձակ ոչինչ չի խնայել, և չի եղել դեպք, երբ կարող էինք անել ավելին, բայց չենք արել։ Իսկ այն մասին, որ «Պատիվ ունեմ» դաշինքը դադարել է գոյություն ունենալուց, ազդարարել է մեր գործընկեր Արթուր Վանեցյանն իր հայտարարության մեջ, և այստեղ որևէ դավադրապաշտություն չարժե տեսնել։ ԱԺ կանոնակարգ-օրենքով, սակայն, խմբակցությունը պիտի կոչվի այն անունով, որով մասնակցել ես ընտրություններին և մտել խորհրդարան»:

«Վերահաստատում ենք՝ շնորհակալ ենք Արթուր Վանեցյանին նրա հետ անցկացրած համատեղ աշխատանքի և պայքարի համար։ Դա եղել է թե՛ Հայրենիքի փրկության և Դիմադրության շարժումների, թե՛ քարոզարշավի, թե՛ խորհրդարանի շրջանակներում։ Որևէ խնդիր՝ թե՛ անձնապես, և թե՛ որպես քաղաքական միավորներ, չունենք, և շարունակում ենք վստահ լինել, որ «Հայրենիք» կուսակցությունը և Արթուր Վանեցյանը կմնան պայքարի կիզակետում։ Բացարձակ կասկածի տակ չդնելով Արթուր Վանեցյանի և Արթուր Ղազինյանի մղումները և տրամաբանությունը՝ հարկ է նշել, որ ԱԺ մանդատն ընդամենը գործիք է, բայց մանդատ դնելն էլ է գործիք, և այն կիրառելու ճիշտ պահն ունի։ Մանդատը մեր կուսակցության անդամների համար որևէ արժեք կամ կարևորություն չի ներկայացնում, բայց դրանք վայր դնելու ակցիան հնչեղ գործողություն է, և դա անհրաժեշտ է իրականացնել միայն, եթե այն կխթանի փողոցային պայքարը»,- ամփոփեց Հայկ Մամիջանյանը:

Դավիթ Սարգսյան

168.am

 

← Վերադառնալ ցուցակին