Հարցազրույցներ

«Անգամ նիկոլականներին ձեռք կտա Պապիկյանից ազատվելը. պետք է Նիկոլը հրաժարական տա». Հայկ Դերզյան

19.01.2023

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանն այն կարծիքին է, որ ո՛չ Գեղարքունիքի զորամասում տեղի ունեցած ողբերգական դեպքերի, ո՛չ սեպտեմբերյան պատերազմի, ո՛չ 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարցերի պատասխանները գործող իշխանությունների օրոք չեն տրվելու:
 
«Այդ ամենը տեղի է ունենալու մի բանից հետո, երբ գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հրաժարական տա: Պատասխանատուն գերագույն գլխավոր հրամանատարն է: Սուրեն Պապիկյանը նույն Նիկոլի թիմից է: Երբ իրենց մոտ վարչության անդամի ընտրություններ էին տեղի ունենում, Պապիկյանի գլխավոր նպատակը մեծամասնություն ստանալն էր, որպեսզի սահուն ձևով Փաշինյանի տակից վերցնի իշխանությունը: Վերջին պահին տեսանք՝ ինչպես վերաքվեարկություն եղավ, ինչպես եղավ այնպես, որ Պապիկյանի ներկայացուցիչը անգամ ընտրությունների չկարողացավ մասնակցել: Հիմա, իհարկե, անգամ նիկոլականների որոշակի հատվածի ձեռք կտա Պապիկյանից ազատվելը: Մեր նպատակը Նիկոլ Փաշինյանի դիրքերն ուժեղացնելը չէ. միայն Պապիկյանի հրաժարականը չլինի, հետո ծափ տանք, ասենք՝ տեսեք՝ մենք ինչ հուժկու արդյունքի հասանք, դա ողջ համակարգի խնդիրն է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
 
Հարցին՝ Երկրորդ բանակային կորպուսի ամբողջ ղեկավար կազմին միանգամից հեռացնելը որքանո՞վ է նորմալ, երբ թշնամին ամեն վայրկյան կարող է այդ ուղղությամբ ռազմական գործողությունների դիմել, նա պատասխանեց. «Ամենաօբյեկտիվը կլիներ այն, որ ողջ իշխանությունը հեռանար: Մենք գիտենք, թե որտեղից է գալիս խնդիրը: Մենք ունեցել ենք պատերազմ, որից հետո հազար տեսակի զրույցներ են եղել, որ մի տեղ զենք չի եղել, մի տեղ ինչ-որ մեկը փախել է, քանի՞ հոգի է դատապարտվել: Մեկը կհերոսացվի, մեկին բաց կթողնեն, մեկը կասի՝ չէ, ինքը չի մեղավոր: Նման մանր քրեական գործերի նպատակը ոչ թե ինչ-որ մեկին պատժելն է, այլ ուղղակի լծակ է, որ այդ մարդիկ ծառայեն գործող իշխանությանը: Կամ մեկին ասեն՝ դու էսինչ բանը գիտես որ եղել է, բայց որ պահին խոսես, քո նկատմամբ քրեական գործ կա հարուցված, քեզ ազգի դավաճան կհռչակենք»:
 
ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարել էր, որ հանդիպում է կայացել Ադրբեջանի ներկայացուցչի և Արցախի ներկայացուցիչների միջև ռուս խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության մասնակցությամբ: «Կարծում եմ՝ խնդիրը առաջիկայում լուծվելու է»,- ասել էր Լավրովը:
 
Հայկ Դերզյանին հետաքրքրում է, թե ինչի հաշվին է բացվելու ճանապարհը. «Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ ինքը հանդիպել է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: Հիմա այստեղ շատ հարցեր կան, առաջին՝ ի՞նչ է քննարկվել այնտեղ իրականում, երկրորդ՝ ի՞նչ է խոստացել Արայիկ Հարությունյանն Ադրբեջանին, ի՞նչ է պահանջել Ադրբեջանը, երրորդ՝ եթե ճանապարհը բացվում է, ի՞նչ երաշխիք կա, որ հետո ճանապարհը էլի չի փակվի: Այդ հարցին պետք է պատասխանեն Հայաստանի, Արցախի և Ռուսաստանի իշխանությունները, որովհետև իրենց խաղաղապահներն են այնտեղ կանգնած: Որքան էլ Նիկոլ Փաշինյանին քննադատենք, ես որևէ ուժի չեմ համարում, որ չի կարելի կպնել»:
 
Անդրադառնալով իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանի այն հայտարարությանը, թե սպառնալիք չի տեսնում Թուրքիայից, Հայկ Դերզյանը հետևյալն ասաց. «Վայ, Գուգո ջան, լո՞ւրջ ես ասում, բա գնա Թուրքիայում ապրի: Գնա Ջերմուկում ապրի, թե՞ չես ուզում քո բլրի տունը թողնես: Ուղղաթիռ թե ինքնաթիռ ուներ, թող մի հատ Արցախ գնա, տեսնենք՝ քանի վայրկյանից են խփելու: Ես ամաչում եմ, որ գուրգենարսենյանների պես պատգամավորներ ու բիզնեսմեններ կան, ինձ համար իրենք զզվանք են առաջացնում: Թուրքը մեզ համար վտանգ չի ներկայանո՞ւմ, լո՞ւրջ ես ասում, բա Ադրբեջանը մեր դեմ ինչո՞վ է կռվել, բայրաքթարները ո՞ր երկրի արտադրանք են: Ես, իհարկե, հասկանում եմ, թե այդ օլիգարխի հայտարարությունը որտեղից է գալիս, գուցե որդու հետ կապված հարցեր է լուծում, բայց ես թքած ունեմ դրա վրա: Բայց չեն մարսելու: Ոչ մի նման հակապետական տարր իր ասածը չի մարսելու, նրանք յուրաքանչյուրը պատասխան են տալու: Վայ այն իշխանությանը, որը կգա ու սրանց պատասխանատվության չի ենթարկի:
 
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Ռազմիկ Մարտիրոսյան

168.am
 

← Վերադառնալ ցուցակին