Հարցազրույցներ

Զինվորական համազգեստ փոխելը ռեֆորմ չէ․ Տիգրան Աբրահամյան

02.02.2023

 Վերջին մեկ ամսվա ընթացքում բանակում լուրջ կադրային փոփոխություններ տեղի ունեցան․ այսպես՝ Երկրորդ բանակային կորպուսը գրեթե գլխատվեց, Հատուկ բանակային կորպուսի հրամանատարը պաշտոնից ազատվեց․․․

Կադրային ջարդը ռազմական փորձագետները որակում են որպես բանակը գլխատելու և ռազմական ոգին կոտրելու փորձ։ Մինչդեռ, այս ամենի ֆոնին պաշտպանական գերատեսչությունը խոսում է բանակում իրականացվող ու իրականացվելիք բարեփոխումների մասին․ ռազմական ուսումնական հաստատություններ (ՌՈւՀ) ընդունվող երիտասարդների համար ստեղծված ընդլայնված պայմաններից մինչև անհատույց տրամադրվող կացարաններ, կամավոր ատեստավորման դեպքում սպաների աշխատավարձի՝ գրեթե 100%-ով բարձրացում, զինվորական համազգեստի փոփոխություն։ 

Ի՞նչ ունենք այժմ, արդյո՞ք կատարվողն իրապես բարեփոխում է․ թեմայի շուրջ MediaHub.am-ը զրուցեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանի հետ։ 

- Պարո՛ն Աբրահամյան, բարձրաստիճան սպաներ են պաշտոնանկ արվում․ Արտակ Բուդաղյանը երեկ ազատվեց Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից, օրեր առաջ Երկրորդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանին ազատեցին աշխատանքից։ Ի՞նչ եք կարծում՝ ինչի՞ կհանգեցնի այս ամենը։ 

- Եթե Հատուկ բանակային կորպուսի հրամկազմի փոփոխությունը կարելի է դիտարկել ընդհանուր փոփոխությունների համատեքստում, ապա Երկրորդ բանակային կորպուսում, բառիս բուն իմաստով, հրամկազմի գլխատում տեղի ունեցավ։ Եվ ստեղծված իրավիճակում, հատկապես, երբ ծառայողական քննություն չի իրականացվել, քրեական գործ կա հարուցված, այս ազատումները տրամաբանական չեն։ Ավելին, մե բանակային կորպուսում նման ծավալի փոփոխությունները, այն էլ այսպիսի լարված իրավիճակում, ինքնին սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգությանը։ 

- Ազատի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհից հետո, Երկրորդ բանակային կորպուսում եղած պաշտոնանկություններին զուգահեռ պաշտպանության նախարարը սկսեց շրջայցեր կատարել զորամասերում՝ նաև նման դեպքերն իսպառ կանխելու նպատակով։ 

- Պաշտպանության նախարարի, ԳՇ պետի այցերը զորամասեր իրենց ամենօրյա աշխատանքի մաս են կազմում։ Ոնց որ ես ԱԺ գնամ ու դա ներկայացնեմ որպես բարեփոխում։ Դա իրենց աշխատանքային գործառույթի մեջ է մտնում։ Այդ այցերը հատուկ լուսաբանման են արժանանում, և դա մեկ նպատակ ունի՝ ցույց տալ, որ իրենք զբաղվում են բանակով։ Իսկ այդ անսպասելի այցերը պետք է լինեին ավելի վաղ, ոչ թե այսպիսի ողբերգությունից հետո։ 

- ՊՆ-ն վստահեցնում է՝ ամենօրյա աշխատանքներ են տարվում՝ բարեփոխված բանակ ունենալու համար։ Անգամ զինվորական համազգեստներն են պատրաստվում փոխել, մրցույթ կա հայտարարված։ 

- Ինձ համար ամենազարմանալին այն է, որ դա բարեփոխում են կոչում, լայն լուսաբանում են համազգեստի փոփոխության հարցը։ Համազգեստի փոփոխությունը, նախ, բարեփոխում չէ, երկրորդն էլ՝ դա այն փոփոխությունը չէ, որը մենք սպասում ենք։ Եթե ավելի հարմար ու որակյալ հագուստ է լինելու, ապա պետք է փոխվի, բայց դա ռեֆորմ չէ։ 

- Իսկ ի՞նչ պետք է արվի, ո՞րն է ամենաառաջնահերթ քայլն, ըստ Ձեզ, որ պետք է իրականացվի զինված ուժերում։ 

- Առաջնահերթություն պետք է տրվի զինված ուժերի մարտունակության բարձրացմանը, առաջնագծում անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմանը։ Պետք է պայմաններ ստեղծվեն գիտելիք ունեցող սպաներին ծառայության մեջ ներգրավելու համար։ 

Նարե Գնունի

 

mediahub.am

← Վերադառնալ ցուցակին