Հարցազրույցներ

«Նույնիսկ Փաշինյանի տղան է տնից հեռացել. նա, երևի, մեզ նման մտածում է, որ իր հայրը դավաճան է». Աշոտ Անդրեասյան

22.02.2023

 «Նիկոլ Փաշինյանն իր թուրք գործընկերների հետ յուրահատուկ ատելություն ունի Գրիգորի Խաչատուրովի հանդեպ, որովհետև մինչև 44-օրյա պատերազմը Խաչատուրովը բարձր մարտունակություն էր ստեղծել այն հատվածում, որտեղ ադրբեջանցիները հարձակվել էին մեզ վրա, և թուրքերին արժանի պատասխան էր տվել: Նաև 44-օրյա պատերազմի ժամանակ բազմաթիվ տեղեկություններ կան, որ Խաչատուրովն առաջարկել է այդ հատվածով Ադրբեջանին հարվածել և փորձել պատերազմի ելքը փոխել, սակայն, բնական է, որ Փաշինյանն ու նրա կառավարությունը միանգամից Խաչատուրովի մեջ թշնամի և իրենց գործը տապալելուն միտված անձնավորություն են տեսել, որը կարող է խանգարել իրենց դավաճանական ծրագրերին: Այդ պատճառով, նախ՝ Խաչատուրովին հանեցին կորպուսի հրամանատարի պաշտոնից, իսկ հիմա շինծու քրեական գործ են հարուցում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը:

Նա նշեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Գրիգորի Խաչատուրովը չի կատարել Նիկոլ Փաշինյանի հրամանները և պահել է հայկական դիրքերը:

 

«Նիկոլ Փաշինյանը Գրիգորի Խաչատուրովի հաջողությունն իրեն էր վերագրում, իսկ իր անհաջողությունները նա միանգամից բարդում է կողքինների վրա, ընդհուպ՝ մինչև իր ընտանիքի անդամները: Բոլորը մեղավոր են՝ բացի իրենից»,- ասաց նա՝ շեշտելով, որ նույնիսկ Փաշինյանի տղան իր հետ չի ապրում:

«Աշոտ Փաշինյանն էլ, երևի, մեզ նման մտածում է, որ իր հայրը դավաճան է: Ամանորյա տոներից հետո Փաշինյանն ասուլիս տվեց և ակնարկեց, որ եթե մեր երկրում ամեն ինչ լավ լիներ և իր ծանոթներն ու հարազատներն աշխատանքի տեղավորված լինեին, իր հարազատներից չէին լինի մարդիկ, ովքեր երկրից գնացած կլինեին: Իր ընտանիքի անդամներից միայն Աշոտ Փաշինյանը չկար ամանորյա լուսանկարներում, և երևի նրա մասին էր խոսքը, որովհետև Փաշինյանի կինն ու աղջիկներն իրենց ցնդաբանություններով և հակահայ գրառումներով շաբաթը գոնե մեկ-երկու անգամ աչքի ընկնում են և այս ազգի դժբախտության վրա իրենց ստեղծած երջանիկ կյանքն են փորձում ցույց տալ»,- ասաց նա:

Աշոտ Անդրեասյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը գիտի, որ ընդդիմադիրների նպատակները չեն փոխվել, և փորձում է նրանց լռեցնել քրեական գործերով, նրանց համար անհարմարություններ ստեղծելով:

«Մի օրինակ բերեմ՝ վերհիշելով Սասուն Միքայելյանի պահվածքը. Հանրային հեռուստաընկերության եթերում մի մարդ, որն ուրացավ իր մարտական ընկերներին, բանակ ունենալու փաստը, մեր հաղթանակները, Նիկոլ Փաշինյանին հաճոյանալու համար հանրապետականներին է հայհոյում: Այս մարդիկ այնքան են կորցրել իրենց վախը և օրենքի հանդեպ պատասխանատվությունը, որ գալիս են՝ Հանրայինի եթերով առանց մտածելու հայհոյում են ընդդիմադիր քաղաքական գործչի: Եթե որևէ ընդդիմադիր հայհոյում է, միանգամից պատասխանատվության են ենթարկում, միանգամից վայնասուն են բարձրացնում: Ընդդիմությանը բոլոր լծակներով փորձում են լռեցնել, իսկ այն մարդիկ, ովքեր դավաճանին ամեն կերպ աջակցում են, կարող են օրենքը խախտել և շարժվել առաջ»,- նշեց նա:

Անդրեասյանն ընդգծեց. «Եթե Փաշինյանը նեղվեր, որ իրեն կապիտուլյանտ են ասում, կապիտուլյացիա չէր ստորագրի: Փաշինյանը սովորական հայ քրիստոնյա չէ, որ նրա մտածողությունը կարողանանք հասկանալ, նա սատանիստական մոտեցումներ ունեցող, հայի կյանքը չարժևորող, հայկական հողն ու հայկական ավանդույթները զրոյին հավասարեցնող, ՀՀ պետական շահը բացարձակ չկարևորող Քաջ Նազարն է, որին նստեցրել են այդ աթոռին, և որը շատ լավ կարողանում է իրականացնել իր դավաճանական ծրագրերը՝ իր թուրք եղբայրների հետ: Ժողովուրդը սխալ է արել, որ ընտրել է Նիկոլին, և մենք թուրքի բերանը լեզու ենք դրել, պետք է ուղղակի այդ սխալներն ուղղել. պետք է Նիկոլին ռադ անել իշխանությունից: Ընդդիմությունը ձեռքերը ծալած, նստած չէ, մեր նպատակները չեն փոխվել: Միայն Փաշինյանի հեռանալով, ժողովրդի աջակցությամբ և անտարբերությունը հաղթահարելով կարող ենք այս վիճակից դուրս գալ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Ռազմիկ Մարտիրոսյան

168.am

← Վերադառնալ ցուցակին