Հարցազրույցներ

Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ցուցադրում է իր արհամարհանքը Կրեմլի ջանքերի նկատմամբ. Աշոտյան

03.03.2023

«Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող իրադարձությունները և այն իրադարձությունները, որոնք առկա են հայ-ադրբեջանական ուղղության վրա, առանձնահատուկ հատկանիշներ են ձեռք բերել։ Հայ-ադրբեջանական հարթակում ավելի շատ զգացվում է Արևմուտքի ազդեցությունը։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ցուցադրում է իր արհամարհանքը Կրեմլի ջանքերի նկատմամբ, չնայած այն բանին, որ Ռուսաստանի առաջարկած տարբերակն, այնուամենայնիվ, ավելի գրավիչ է, կամ, այսպես ասենք, ավելի քիչ վանող, քան այն տարբերակը, որը քննարկվում է արևմտյան կառույցների միջնորդությամբ։ Իսկ ղարաբաղյան հարթակն առանձին թեմա է դառնում», - «Փաստինֆո» - ի եթերում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Ցանկացած առաքելություն, որը կաշխատի այստեղ, այսինքն՝ անվտանգության արտաքին մեխանիզմներ, մեզ պետք են, - շարունակում է զրուցակիցը։ Մեզ միշտ արտաքին օգնությունը պետք է եղել։ Ասեմ այսպես. կարևոր չէ, թե ում դրոշի տակ է աշխատում առաքելությունը, կարևորը, որ այն լինի ի շահ իմ դրոշի, իմ եռագույնի։ Բայց հիմա նոր առաքելության ֆունկցիոնալության մասին խոսելը՝ տգիտություն է։ Դիտորդները նոր են սկսել աշխատել, և սկսել քննադատել նրանց՝ առանց որոշելու դրանց ֆունկցիոնալությունը, օպերատիվությունը, գործունեության արդյունքները, նշանակում է ունենալ կողմնակալ դիրքորոշում։ Իսկ ահա եվրոպական նախորդ առաքելությունը ոչ տեղեկատվական դաշտում, ոչ էլ իրական քաղաքականության դաշտում հայ հասարակությանը չի ապացուցել իր արդյունավետությունը»։

 

«Նիկոլ Փաշինյանի և Օլաֆ Շոլցի մամուլի ասուլիսի ժամանակ ղեկավարներից մեկը նշել է ժողովրդի ինքնորոշման հիմնարար իրավունքը։ Միամիտ միջին վիճակագրական հայը կարող էր մտածել, որ դա Նիկոլն էր։ Իսկ իրականում դա Շոլցն էր», - ընդգծել է քաղաքական գործիչը։ Նա հավելել է, որ այդ նույն ժամանակ Ն. Փաշինյանը, ելույթ ունենալով գերմանական ուղեղային կենտրոններից մեկում, իր 20 րոպեանոց ելույթում անգամ չփորձեց կապիտալիզացնել ժամեր առաջ Գերմանիայի կանցլերի ասածը։ Գոնե քաջալերվելու համար։

«Մենք կարծում էինք, որ նա վախենում է խոսել ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։ Գուցեև վախենում է, բայց գլխավորն այն է, որ նա դա չի ուզում։ Հայաստանն այսօր ներկայացնում են մարդիկ, ովքեր նպատակային հանձնում են մեզ, Արցախը։ Եվ նրանք դա կանեն, եթե մենք նրանց չխանգարենք», - հայտարարել է նա։

Քաղաքական գործիչը հիշեցրեց, որ երբ գործարար Ռուբեն Վարդանյանին նշանակեցին Արցախի պետնախարարի պաշտոնում, զգացվում էր, թե ինչպես ժողովրդի մեջ ծնվեց նրա անվան հետ կապված հույսը: Արցախի բնակիչների մոտ նրա նշանակումը դրական տեղաշարժ է առաջացրել։ Բայց և նրա գալը, և նրա հեռանալը, ըստ ՀՀԿ փոխնախագահի, աշխարհաքաղաքականություն է ։ Իսկ այն, թե ինչպես նա իրեն պահեց պաշտոնանկությունից հետո, պատիվ չի բերում նրան։

Աղբյուր` Փաստինֆո

← Վերադառնալ ցուցակին