Հարցազրույցներ

Գերմանիայի կանցլերը խոսեց ԼՂ ինքնորոշումից, իսկ Փաշինյանը՝ ԼՂ-ի անվտանգությունից և իրավունքներից, ինչը հետ է ինքնորոշումից․ Տիգրան Աբրահամյան

03.03.2023

 Եվրամիության առաջատար պետություններից Գերմանիան ճանաչում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դա համարում է հավասար տարածքային ամբողջականության սկզբունքին։ Այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի հետ ասուլիսում արել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ «Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայուն և Լեռնային Ղարաբաղում գնալով սրվող հումանիտար իրավիճակից: Ստատուս քվոն չի կարող երկար շարունակվել, պետք է հանգել երկարաժամկետ, ի բարօրություն մարդկանց լուծման։ Անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից։ Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են»,- ասել է Գերմանիայի կանցլերը։ Ի՞նչ նշանակություն ունի այս հայտարարությունը ներկա փուլում։ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ ԵՄ-ի առաջատար պետություններից մեկը հանդիսացող Գերմանիան նախ արձանագրում է, որ Արցախի շուրջ այս իրավիճակը կարող է բերել նոր էսկալացիայի, և դրանով է պայմանավորված, որ ավելի շատ խոսում է տարածաշրջանի ավելի երկարատև խաղաղության և կայունության համատեքստում։ «Երկրորդ՝ այս հայտարարությունը գալիս է լրացնելու ավելի վաղ՝ հետպատերազմյան շրջանում աշխարհաքաղաքական կենտրոններից հնչած այն հայտարարություններին, որ իրականության մեջ երկրորդային չէ ինքնորոշման իրավունքի սկզբունքը։ Ավելին՝ Գերմանիայի կանցլերը նշում է ոչ միայն ինքնորոշման իրավունքի մասին, այլ ասում է, որ այն հավասարազոր է տարածքային ամբողջականությանը, իսկ մինչ այդ խոսում էր ՀՀ-ի ու Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքի մասին։ Ի միջի այլոց՝ դա այն տրամաբանության ներքո է հնչում, որը դեռ տարիներ առաջ եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի տրամաբանությամբ կարգավորման պրոցեսի հիմքում»,- ասաց ընդդիմադիր գործիչը։ Նա խնդրահարույց է համարում այն, որ մինչ Գերմանիայի կանցլեր Շոլցը խոսում էր ԼՂ-ի ինքնորոշման իրավունքից, ՀՀ վարչապետը բարձրաձայնում էր ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերը, ինչը, ըստ Տիգրան Աբրահամյանի, ինքնորոշման իրավունքից հետքայլ է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան  

factor.am


← Վերադառնալ ցուցակին