Հարցազրույցներ

Իմ կյանքը, ՀՀԿ-ի կյանքը ոչ մի գրոշ չարժի, եթե մենք չպայքարենք անկախության ու հայկական Արցախի գաղափարի համար. Շարմազանով

01.06.2023

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը

– Պարո՛ն Շարմազանով, Հանրապետական կուսակցությունն արդեն քանի օր է՝ ստորագրահավաք է անցկացնում նաև մարզերում՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» խորագրով, կարելի է ասել։ Ստորագրահավաքն ի՞նչ է փոխելու մեր իրականության մեջ, ի՞նչ եք ակնկալում այս ստորագրահավաքից։

– Սա նոր ստորագրահավաք չէ, շաբաթներ առաջ Երևանում մեկնարկեց ստորագրահավաք, որը նախաձեռնել էր «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։ Այդ ստորագրահավաքի աշխատանքներում շատ ակտիվ ընդգրկված են մեր կուսակցության ներկայացուցիչները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կապիտուլյանտ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ ստորագրահավաքի մեկնարկից հետո մի քանի անգամ հայտարարեց, որ ինքը Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, անհրաժեշտություն առաջացավ այդ ստորագրահավաքը հասցնել նաև մարզեր։ 

Շաբաթներ առաջ մեկնարկած ստորագրահավաքի պահանջն էր կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի կետերը, հիմա դրան ավելացրել ենք մեկ կետ, որ համաձայն չենք Արցախն Ադրբեջանի կազմում լինելուն։ 

Գլոբալ առումով, սա նոր ստորագրահավաք չէ, ուղղակի նոր շունչ են հաղորդել շաբաթներ առաջ Երևանում մեկնարկած ստորագրահավաքին՝ հաշվի առնելով նոր իրողությունները։ Ասեմ, որ մարզերում ստորագրահավաք անցկացնելու ազդակները եկել են մեր մարզային կառույցներից, մենք չենք որոշել։ 

Մարդիկ ասում են, որ Փաշինյանը Հայաստանը չէ, որ ասում է՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Հայաստանը չի ճանաչում, Փաշինյանն է ճանաչում, իսկ դրանք տարբեր բաներ են։ Երևանում անցկացվող ստորագրահավաքը բերեք նաև մարզեր, որպեսզի տեսնենք՝ մեր հանրությունը կո՞ղմ է, թե՞ չէ, որ Արցախն Ադրբեջանի կազմում լինի։ 

Արձագանքները բավականին լավ են, երեք-չորս օր է արդեն՝ շատ ակտիվ աշխատում ենք, Արարատ, Մասիս քաղաքներում մեկնարկել է, վաղվանից կմեկնարկի բոլոր մարզերում։ Սա կուսակցական հարց չէ, թեև կազմակերպիչները կուսակցական են, բայց այստեղ ո՛չ իշխանափոխության կոչ կա, ո՛չ ներքաղաքական այլ հարց, սա զուտ ազգային, գոյաբանական հարց է, ու խնդիրը դրված է այսպես՝ Արցախն Ադրբեջանի կազմում ընդունո՞ւմ ես, թե՞ չես ընդունում, եթե ընդունում ես՝ համալրիր Ալիևի կուսակցության շարքերը, եթե չես ընդունում՝ որպես քաղաքացի քո պարտքը կատարիր ու ստորագրիր։

– Իրավիճակը դրանից կփոխվի՞։

– Ամեն ինչ պետք է հերթով արվի, տարերայնորեն սկսված ցանկացած շարժում մեկ-երկու օրից մարելու է, իսկ դա նշանակում է, որ մարելու է վերջին հույսը։ Ի՞նչ խնդիր ենք մենք լուծում․ առաջին խնդիրն այն է, որ պետք է հասկանալ՝ հայ հանրությունը մերժո՞ւմ է Նիկոլի՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու դոկտրինը, թե՞ համաձայն է։ Հիմա ես կարող եմ ասել՝ մերժում է, Նիկոլն էլ կասի՝ պաշտպանում են, լավագույն ձևը ստորագրահավաքն է, որը փաստացի ցույց կտա պատկերը։ 

Մարդկանց արթնացնելու խնդիր էլ կա, Նիկոլ Փաշինյանին որոշ չափով հաջողվել է այդ վատատեսական, պարտվողական տրամադրությունները, «ամեն ինչ վերջացած է, մեզանից ոչինչ կախված չէ» նարատիվները մտցնել հանրության մեջ, իսկ մեր խնդիրն է, որ հանրության հետ աշխատենք ու ցույց տանք, որ անկախ պետականության համար պետք է ամեն օր պայքարես։ 

Չի՛ լինում, որ 91 թվականին «այո՛» ես ասել, ուրեմն դա հավերժ է, պետականությունը, անկախությունը երեխայի նման են, պետք է ամեն օր գուրգուրես, պաշտպանես։ Այս ստորագրահավաքով մենք պայքար ենք մղում նաև անտարբերության դեմ․ շուրջ 200 օր է արդեն՝ մեր եղբայրներն ու քույրերն Արցախում բլոկադայի մեջ են, բայց մարդիկ անտարբերության են մատնել այդ փաստը ու կամազուրկ վիճակով ապրում են։ 

– Պարո՛ն Շարմազանով, եթե ստորագրահավաքը ցույց տա, որ մարդկանց մեծ մասը կողմ չէ Արցախն Ադրբեջանի կազմում լինելուն, հաջորդ քայլը ո՞րն է լինելու։ Ուզում եմ հասկանալ՝ ստորագրահավաքն ի՞նչ շոշափելի արդյունք է ապահովելու։

– Ես համոզված եմ, որ և՛ ստորագրահավաքը, և՛ իրականությունը հետևյալն են. ժողովուրդը մերժում է Նիկոլի թրքասիրական ու պարտվողական քաղաքականությունը, պարզապես պետք է ժողովրդի մեջ մտցնել կամք, հավատ, վճռականություն՝ իր սեփական իրավունքների համար պայքարելու համար, վե՛րջ, խնդիրը սա է։ 

Քաղաքական ուժերի խնդիրը պետք է լինի պայքարելը, իմ կյանքը, ՀՀԿ-ի կյանքը ոչ մի գրոշ չարժի, եթե մենք չպայքարենք անկախության ու հայկական Արցախի գաղափարի համար։ Ես դեմ եմ հանձնվելուն, դա հավասարազոր է դավաճանության․ դավաճանություն Եռաբլուրի նկատմամբ, դավաճանություն մեր անկախական արժեքների նկատմամբ։ 

Եվս մեկ անգամ կոչ եմ անում բոլոր նախկին պետական գործիչներին, բոլոր երկրապահներին՝ վերից մինչև վար, որոնց համար այդ «այո՛»-ն ու Արցախը թանկ են ու սրբություն, արտահայտե՛ք ձեր կարծիքը, կրավորական կեցվածքը հավասարազոր է դավաճանության։ Ինձ համար Ալեն Սիմոնյանն ու Գուրգեն Արսենյանն ավելի ընկալելի են, երբ պաշտպանում են Նիկոլի ասածները, քան այն մարդիկ, որոնք լռում են։ 

Գիծը քաշված է․ մի կողմում՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, մյուս կողմում՝ Նիկոլի նման պարտվողականներն ու թրքասերներն են։ Մենք պետք է պատասխանենք ամենակարևոր հարցին՝ պատրա՞ստ ենք պայքարելու, թե՞ ոչ, ուզում ենք հանգիստ նստենք, ռուսն ու ամերիկացին գան մեզ պաշտպանե՞ն, չի՛ լինում այդպես։

– Եթե ստորագրահավաքը ցույց տա, որ պատրաստ ենք պայքարելու, բայց…

– Ստորագրահավաքը ցույց կտա, թե չէ՝ մենք պետք է պայքարենք ու օրենքի սահմաններում դիմենք ամեն ինչի, ու Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Կա՛մ կմնա Նիկոլը, կա՛մ Հայաստանը, դասական իմաստով Հայաստան չի լինելու։ 

– Հարցս հետևյալն էր. եթե ներքին ընդվզում լինի, բայց երկրի ղեկավարը փաստացի ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը ներառում է նաև Արցախը, այդ ընդվզումը որքանո՞վ է բեկում մտցնելու իրականության ու  Արցախը հայկական պահելու մեջ։

– Բայց մի վայրկյան, էլի, Նիկոլ Փաշինյանն ո՞վ է, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչի, ի՞նքը չէր ասում, որ ղարաբաղցիները պետք է որոշեն, բա ասում են՝ չէ, ինչո՞ւ չի լսում։ Նիկոլ Փաշինյանը դասական քաղաքական շառլատան է, իսկ մեր խնդիրն է ապացուցել, որ Նիկոլն ու ՔՊ-ն Հայաստանը չեն, ու ապացուցելու ենք։ 

Ես պայքարելու եմ, չեմ պատրաստվում մի քաղաքական շառլատանության կուլ գնալ ու չպայքարել իմ նպատակների համար։ Կստացվի՞, թե՞ չէ՝ Աստված գիտի, ինձանից հասնում է պայքարելը, ես պայքարելու եմ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

← Վերադառնալ ցուցակին