Հարցազրույցներ

«Ամբողջ հայությունը զզվանք է ապրում Ալիև-Փաշինյան այդ ուրախ-զվարթ կադրերից». Հովհաննես Սահակյան

05.06.2023

 ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա մեկնելն ու Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելը կամ Էրդողանին շնորհավորելը չեն նշանակում, թե այսուհետ հայ-թուրքական հարաբերությունները լինելու են բարիդրացիական, կամ սահմանները բացվելու են:

 

«Միամտություն կլինի կարծել, որ եթե սահմանային բախումներ լինեն, Թուրքիան Ադրբեջանին էլ բայրաքթարներ չի ուղարկելու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացում ներգրավված բոլոր գործընկերների համար հստակ է դարձել, որ ապաշրջափակման դեպքում Հայաստանի տարածքում սահմանային վերահսկողությունն ամբողջությամբ իրականացնելու են հայկական ծառայությունները։ Ընդդիմադիր քաղաքական և փորձագիտական դաշտում սա մեկնաբանվեց՝ որպես ռուսական ռազմաբազան Հայաստանից հեռացնելու անոնս:

Հովհաննես Սահակյանն ընդգծեց՝ այսօր ռուսական դրոշն է, որ հայ-թուրքական սահմանում ծածանվում է և Հայաստանի անվտանգությունն է ապահովում. «Այն, որ Արցախում մեր հայրենակիցներն ապրում են, թեկուզ շրջափակման մեջ, դա նույնպես ռուսական ներկայության արդյունքն է այնտեղ: Թե գործող իշխանություններն ինչ խոստումներ են տվել, և, թե ինչ ռոմանտիզմի շարքից է այդ խաղաղության դարաշրջանը, ես չգիտեմ և խորը մտահոգություններ ունեմ: Մենք չենք կարողանում անգամ ՀՀ սուվերեն տարածքից Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածները վերադարձնել, ամբողջ սահմանային վերահսկողությունն ինչպե՞ս ենք ապահովելու»:

Նա հիշեցրեց Ալիևի հայտարարությունը, թե իրենք դիտարկում են հայկական գյուղերը, և շեշտեց, որ դա հստակ մեսիջ էր, որ՝ վտանգն ամեն օր կախված է ձեր գլխին. «Տիգրանաշենն ու Տավուշի գյուղերն Ադրբեջանին տալն անթույլատրելի և աններելի սխալ կլինի»:

Նախկին պատգամավորն ընդգծեց. «Ամբողջ հայությունը զզվանք է ապրում Ալիև-Փաշինյան այդ ուրախ-զվարթ կադրերից, եթե դա լիներ նախկինում, երբ մենք չէինք պարտվել, կներեք, բայց կզած էր, պարտված էր, այլ կերպ կընկալվեր դա»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Ռազմիկ Մարտիրոսյան

168.am

 

 

← Վերադառնալ ցուցակին