Հարցազրույցներ

Իշխանությունները վախենում են Նարեկ Մալյանի ակտիվությունից. Հայկ Մամիջանյան

24.10.2023

 Analitik.am-ի զրուցակիցն է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն ղեկավար Հայկ Մամիջանյանը:

 

Պարոն Մամիջանյան, վերջին տարիներին Հայաստանի ներքաղաքական կյանքում կատարվում են աբսուրդային գործընթացներ. մի կողմից մենք տեսնում ենք, որ իշխանությունն ամեն ինչ ձախողում է՝ ամեն անգամ բերելով բոլորիս ավելի մեծ կորուստների, մյուս կողմից էլ տեսնում ենք, որ ընդդիմության մոտ չի ստացվում հասնել իրավիճակի փոփոխության: Ըստ Ձեզ, դեռ երկա՞ր կպահպանվի այս պատային վիճակը:

 

Երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված, իմ խորին համոզմամբ, քանի դեռ Փաշինյանն իր խմբակով իշխանության է, ինչպես նախորդ 5 տարիները բերել են ցավ, պատերազմ, ավերածություն, մահ, կորուստներ, նույնը պահպանվելու է, քանի դեռ ինքը իշխանության է: Իրեն չի հետաքրքրում ոչ երկրի անվտանգությունը, ոչ բարօրությունը, ոչ բարեկեցությունը, իրեն բացառապես հետաքրքրում է իր աթոռի պահպանումը, իսկ նմանօրինակ քաղաքականությամբ հնարավոր չէ լավ արդյունքներ գրանցել:

Մի քանի օր առաջ մենք ականատես եղանք, թե ինչպես Եվրախորհրդարանում ծափահարեցին Նիկոլ Փաշինյանի իբր ժողովրդավարությանը, սակայն հենց այս պահին Հայաստանի բանտերում կան մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ: Մարդկանց կալանքի տակ են պահում զուտ քաղաքական դրդապատճառներով: Ինչպե՞ս հասկանանք Եվրոպայի այս դիրքորոշումը, տեղյա՞կ չեն քաղբանտարկյալներից, թե ի՞նչ:

Ես այդքան չէի ֆիքսվի այդ ծափահարությունների փաստի վրա: Նախ՝ նախադեպերը չթվարկեմ, թե այլ ինչ գործիչներ են նման ծափահարությունների արժանացել, ընդամենը կասեմ, որ մեծամասնությունը կազմող ԵԺԿ-ն՝ Եվրոպայի ժողովրդավարական կուսակցությունն, ամիսներ առաջ հայտարարություն է տարածել, ավելի շուտ քաղաքական ասամբլեայի իր ամփոփոիչ մամլո հաղորդագրություն մեջ նշել է և կոչ արել ազատ արձակել ՀՀ-ում առկա բոլոր քաղբանտարկյալներին, մասնավորապես՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին: Այնպես որ, խոսելով ծափահարությունների մասին, անհրաժեշտ է չմոռանալ նաև թե՛ ԵԺԿ-ի հրապարակած դիրքորոշումը, թե՛ կենտրոնամետ դեմոկրատների միության հրապարակած դիրքորոշումը, որն արդեն համաշխարհային կառույց է, թե՛ մի շարք եվրախորհրդարանի պատգամավորների գրառումներ սոցցանցերում: Պետք չէ մոռանալ նաև Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևի թե՛ գրառումը և թե՛ դրան նախորդող ՀՀ-ի վերաբերյալ զեկույցում անդրադարձը ՀՀ իրավապահ համակարգի օգտագործման մասին:

Այս պահին կալանքի տակ են գտնվում Նարեկ Մալյանը, Գրիգորի Խաչատուրովը, Մամիկոն Ասլանյանը և մի շարք այլ անձինք: Այս տեմպերով հնարավո՞ր է, որ յուրաքանչյուր ոք, ով ըստ իշխանության, վտանգ կներկայացնի իրենց համար, ինչ-որ հորինած պատճառով հայտնվի բանտում: Ի՞նչ պետք է անել այս աբսուրդային վիճակից դուրս գալու համար:

Լուծումները շատ չեն. Անհրաժեշտ է հեռացնել այս, այսպես կոչված, իշխանություններին: Վաղ թե ուշ՝ այն պահին, երբ նրանք հասկանան, որ դա կարող են անել, հատ առ հատ բոլոր հայրենասերներին փորձելու են բանտարկել, դա ակնհայտ է:

 

Մի փոքր ավելի մանրամասն խոսենք Նարեկ Մալյանի դեպքից: Արդեն մեկ ամսից ավել Մալյանը գտնվում է կալանքի տակ: Նրան ԱԱԾ-ն ձերբակալեց, հետո կալանավորեց, ապա նաև զրկեց արտաքին աշխարհի հետ բոլոր տիպի շփումներից այն օրերին, երբ Երևանում ակտիվ ակցիաներ էին սկսվել` կապված Արցախի հանձնման ու արցախցիների բռնի տեղահանման հետ։ Շատերն են կարծիք հայտնում, որ Մալյանին կալանքի տակ են պահում քանի որ վերջինս ունակ է իր շուրջը հավաքել մարդկանց, առաջնորդել ու հասնել կոնկրետ արդյունքի: Դուք ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են Մալյանին ամբողջովին մեկուսացրել արտաքին աշխարհից:

Նարեկ Մալյանն այս տարիների ընթացքում աչքի է ընկել սկզբունքայնությամբ և մի շարք հաջողված քաղաքացիական, հասարակա-քաղաքական նախաձեռնություններով: Ակնհայտ է, որ իշխանությունները վախենում են Նարեկ Մալյանի ակտիվությունից և, այո, դա է հանդիսանում այն պատճառներից մեկը, որի համար Նարեկին ձերբակալել են՝ բացառապես քաղաքական դրդապատճառներով, և փաստացի կիրառել են սահմանափակումներ՝ թույլ չտալով նաև որևէ կերպ առնչվել արտաքին աշխարհի հետ:

Ես կասկած չունեմ, որ իշխանություններն իրենք իրենց արշինով են, այսպես ասած, մարդկանց չափում, հույս ունեն Նարեկի նման մարդկանց կոտրել ազատազրկմամբ, ինչն անհնար է: Նարեկը թե՛ ճաղերի հետևում, թե՛, հուսանք, որ հնարավորինս շուտափույթ, նաև ազատության մեջ շարունակելու է պայքարը: Ես վստահ եմ, որ նմանօրինակ ծիծաղ առաջացնող գործիքներով իշխանությունը հայրենասերներից և ոչ մեկի դեմ պայքարել չի կարող, առավել ևս ոչ մեկին վախեցնել չի կարող:

analitik.am

← Վերադառնալ ցուցակին