Հարցազրույցներ
Հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին հայ սահմանապահների ներգրավումն այս իշխանության համար քարոզչական նշանակություն ունի. Տիգրան Աբրահամյան
10.10.2024
Օրերս«Army Recognition» պաշտպանական նորությունների հարթակը՝ հղում անելով հարավկորեական «Չոսունբիզ» լրատվամիջոցին, գրել էր, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերին այցելել է Հարավային Կորեա՝ ուսումնասիրելու «Hyundai Rotem» ընկերության կողմից մշակված K2 «ՍևՀովազ» մարտական տանկերի ձեռքբերման հնարավորությունը, և,որ K2 մարտական տանկը հագեցած է առաջադեմ տեխնոլոգիայով, որը հատկապես արդյունավետ է գործում և լավ համապատասխանում է լեռնային պայմաններին, ուստի այն համարվում է աշխարհի ամենաթանկ տանկերից մեկը. ըստ բաց աղբյուրների՝ K2-ի արժեքը 8․5 միլիոն դոլար է։
Այս տեղեկությանը զուգահեռ՝Indian Defence Research Wing պարբերականն էլ հրապարակում էր արել, որ Հայաստանի զինված ուժերն ավարտել են Հնդկաստանից ներմուծված վեց ATAGS համակարգերի փորձարկումները, ու, որ Հայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը: Բնականաբար, այս տեղեկությունները հայտնվել են նաև ադրբեջանական լրատվամիջոցների և վերլուծաբանների թիրախում, թե Հայաստանը տարածաշրջանը մտցնում է պատերազմի մեջ, մինչդեռ մեր տարածաշրջանի համար առաջին հերթին սպառնալիք են այս առումով Ադրբեջան-Իսրայել ռազմական և ռազմատեխնիկական ամուր համագործակցությունը և գործարքները:
Ավելի ուշ «Սիվիլնեթի» փաստերի ստուգման հարթակը հայաստանյան պաշտոնական լրատվամիջոցի՝ «Արմենպրեսի» թարգմանած և տարածած տեղեկությունը որակել էր անհիմն. «Հայաստանի կողմից հարավկորեական K2 «Սև հովազ» մարտական տանկերի հնարավոր ձեռքբերման մասին տեղեկությունները հիմնված են ադրբեջանական աղբյուրի տարածած չհաստատված տեղեկատվության վրա»։
Իսկ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այն կարծիքին է, որ Հայաստանի ռազմական գնումները, որոնք պարբերաբար ներկայացվում են քանակական և մոդելային կտրվածքով, խիստ խոցելիություն են ապահովում մեր երկրի պաշտպանական համակարգի համար:
168.am-ն ընդդիմադիր պատգամավորի հետ քննարկել է մի շարք անվտանգային հարցեր:
– Դուք վերջերս ֆեյսբուքյան գրառում էիք կատարել, ըստ որի՝ ռազմական մատակարարումների հրապարակայնությունը հնարավորություն է տալիս հակառակորդին միլիարդ(ներ)ի հասնող զինտեխնիկան, սպառազինությունը ժամերի ընթացքում մետաղի ջարդոնի վերածել, և, որ Ադրբեջանը նաև այս տեսանկյունից փորձում է մեկնարկում խոշոր առավելության հասնել, իսկ հետո շարժվել՝ ըստ իր առաջնահերթությունների: Այսինքն, Հայաստանի ռազմական գնումների քանակական, որակական առումով և պատվիրված սպառազինության տեխնիկական բնութագրերի հրապարակայնացումը խոցելի է դարձնում բանակի և երկրի անվտանգությունը: Այո, այդպես է: Բայց եթե չհաշվենք իշխանական որոշ պատգամավորների, արևմտամետ գործիչների քարոզչական նպատակով արված հայտարարությունները, ապա հիմնականում նման գաղտնազերծումներ անում են հենց գործընկեր երկրները և նրանց լրատվամիջոցները՝ Ֆրանսիա, Հնդկաստան, հիմա՝ Հարավային Կորեա: Նրանք դա անում են բիզնես նպատակներով, բայց ի՞նչ պիտի անի Հայաստանն այս դեպքում, օրինակ, երբ Ֆրանսիան պատասխանի՝ ազատ երկիր ենք և…
-Կարծում եմ՝ Հայաստանի նման երկրները, որոնք գտնվում են ոչ պատերազմ, ոչ խաղաղություն պայմաններում, ռազմական գնումների և առհասարակ նմանօրինակ թեմաները պետք է լինենգաղտնիության պայմաններում՝ սկսած մատակարարումներից մինչև տարբեր ուղղություններում ռազմական նշանակության կառույցների և օբյեկտների տեղակայում ու կառուցում:
Հասկանալի է՝ որոշ դեպքերում ցանկացած երկրի պարագայում կարող է անհրաժեշտություն առաջանալ որոշակի քաղաքական կամ քարոզչական նպատակներով հրապարակումների և, այսպես ասած, արտահոսքերի, սակայն դա ընդհանուր ծավալի շատ նվազ թիվը պետք է կազմի:
Այս առումով մենք բավականին մեծ անելիքներ ունենք, հատկապես հաշվի առնելով մեր հիմնական թշնամուն՝ Ադրբեջանին, որը վերջին տարիներին բավական մեծ փոփոխություններ է մտցրել իր մատակարարումների հարցում:
Եվ եթե նախորդ փուլերում այն հիմնականում քարոզչական և քաղաքական նպատակների էր ծառայում, ու դրա հիմնական մասը հրապարակայնացվում էր՝ ըստ մոդելների և նույնիսկ քանակների, ապա վերջին երեք տարիներին Ադրբեջանն այն իրականացնում է գաղտնիության պայմաններում և հրապարակում է որոշ դետալներ միայն այն ժամանակ, երբ դա իր համար քաղաքական և քարոզչական նշանակություն է ստանում: Հակառակորդի համար կանխատեսելիությունը, բնականաբար, մարտական գործողություններում բավականին լուրջ խոցելություն է ապահովում մեր դեպքում:
-Ի դեպ, ադրբեջանական քարոզչամիջոցներից մեկը որոշ ժամանակ անց հրապարակել էր մի լուսանկար «Զվարթնոց» օդանավակայանից, որտեղ ամերիկյան ինքնաթիռ էր կանգնած, և դրա հիման վրա Հայաստանի դեմ տեղեկատվական արշավ էր սկսել:
168.am-ը գրել էր, որ երբ հուլիսի 15-24-ը Հայաստանում ավարտվել էր «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը,դրան հաջորդող օրերին, այդ թվում՝ օգոստոսի սկզբին, ԱՄՆ-ը իր բերած անձնակազմը և տեխնիկան մի քանի չվերթով Հայաստանից հանել էր, և Ադրբեջանը հենց այս նպատակով ամերիկյան ինքնաթիռների մուտքն էր Հայաստան ֆիքսել: Խնդիրն այս դեպքում ֆիքսելն է, գուցե Թուրքիան է նրանց փոխանցել արբանյակային այդ տեղեկությունը: Սա՝ առաջին: Երկրորդ, Ադրբեջանն այսօր հրապարակայնացնում է՝ ինչ ռազմական տեխնիկա է արդիականացնում, իհարկե, ոչ ամենայն մանրամասնությամբ, Հայաստանի դեպքում նման տեղեկություններն առհասարակ գաղտնի են պահվում: Այսինքն, ՀՀ պաշտպանության նախարարությունը լռություն է պահպանում, գուցե երբեմն չափից ավելի: Մյուս կողմից, նախկինում առավել շատ բան էր հնարավոր լինում թաքցնել օտար աչքից, քան այսօր:
-Ինչ վերաբերում է գաղտնիությանը, դա չի նշանակում, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը չպետք է որոշակի նեղ շրջանակների հետ աշխատի՝ տվյալ ուղղությամբ աշխատող փորձագիտական շրջանակների, նաև լրագրողների սահմանափակ շրջանակի հետ, որոնք մասնագիտացված են ռազմական լրագրության մեջ, որոնք արտահոսքի տեսանկյունից ՀՀ պաշտպանության նախարարության համար «վտանգ» չեն ներկայացնում:
Այսինքն, կան բաներ, որոնք նեղ մասնագիտական քննարկումներ են ենթադրում, սակայն լայն հանրության համար, բնականաբար, ոչ միշտ եննպատակահարմար այդ հրապարակումները և արտահոսքերը:Ժամանակակից տեխնոլոգիաները ցանկացած երկրի պարագայում կարող են մեծ խոցելիություն ապահովել, բայց նույն տեխնոլոգիաները նաև հնարավորություն են տալիս խուսափել խոցելիությունից, այդ խոցելիությունը հասցնել նվազագույնի:
Ընդհանուր առմամբ, այն խնդիրները, որոնք առկա են մինչև տեղեկատվական և տեղեկատվական անվտանգության համակարգ, ցույց են տալիս, որ ըստ ուղղությունների և օղակների՝կան հարցեր, որոնք պատշաճ վերահսկման չեն ենթարկվում կամ այդ ուղղությամբ համապատասխան միջոցառումներ չեն իրականացվում: Կրկնում եմ, հնարավոր չէ ամեն ինչ փակել, չեզոքացնել, բայց հնարավորություն կա եղած ռեսուրսների միջոցով առկա ռիսկայնությունը նվազեցնել:
-Անդրադառնանք հոկտեմբերի 7-8-ը Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցին, այնտեղ արված հայտարարություններին: Ի դեպ, եռակողմ հանդիպում՝Պուտին-Փաշինյան-Ալիև, Մոսկվայում տեղի չունեցավ, Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը պարզաբանել էր՝ «եղել է այդպիսի գաղափար, սակայն ինչ-որ մեկը դրան հավանություն չի տվել»: Թե ո՞ւմ մասին է խոսքը, չի գաղտնազերծվել:
– Հանդիպման ֆորմատը և հարթակները բանակցային գործընթացի առանձնահատկություններից են, այս փուլում այդ հանդիպումների կազմակերպման կամ իրականացման վրա հստակ ազդեցություն ունի բանակցային գործընթացում առկա իրավիճակը: Ակնհայտորեն այն կամ սլանում է դեպի փակուղի, կամ արդեն իսկ փակուղում է: Եվ սա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ կողմերը շատ դեպքերում պարզապես բանակցելու օրակարգ չեն ունենում: Մի դեպքում դա որոշակի ժամանակ է պահանջում, մյուս կողմից՝ դա որոշակի էսկալացիայի վտանգներ է պարունակում: Համենայնդեպս, ՀՀ իշխանությունների զիջողականության պատրաստակամությունը և վերջին 4 տարիների ընթացքում դրանց արձանագրումներն Ադրբեջանի համար ստեղծել են նոր հնարավորություն ավելին պահանջելու, ու ակնհայտորեն ադրբեջանական պահանջները, որոնք պայմանականորեն իջեցված էին 2020 թվականին, ժամանակի ընթացքում կտրուկ աճել են:
-Ի դեպ, ավելի ուշ Փաշինյանի մամուլի խոսնակը հայտնել էր, որ 2025թ. հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը ռուս սահմանապահների հետ համատեղ կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուժերով։
Չմոռանանք, որ ամիսներ առաջ ռուսական կողմից հայտարարել էին, թե Հայաստանը խնդրել է, որ ռուս սահմանապահները շարունակեն ծառայությունը հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններին, մյուս կողմից հնարավոր է՝ սա ինչ-որ առումով տեղավորվում է ռուս-իրանական օրակարգում: Իսկ Ռուսաստան-Հայաստան պաշտպանական շփումներն էլ նախարարների մակարդակով, թերևս, մնում են պասիվ կամ «սառեցված» վիճակում, կունենա՞նք մոտ ապագայում վերականգնում, թե՞ ժամանակը ցույց կտա:
– Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն արդեն 4 տարի է՝ ճգնաժամի մեջ են: Սա մի կողմից՝ ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ հիմքեր, մյուս կողմից՝ ուղիղ պայմանավորված է Հայաստանի արտաքին քաղաքականության և դրա առաջնահերթություններով, և սկսված «Զվարթնոցից» ռուս սահմանապահների դուրսբերումից մինչև սահմանապահների վերատեղակայում կամ ռուս սահմանապահներին հայ սահմանապահներով փոխարինում, տեղավորվում է ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին սպասվող փոփոխությանը և դրա պատճառներին, ապա չեմ կարող ասել, որ «Զվարթնոցից» ռուս սահմանապահների դուրսբերման ժամանակ պայմանավորվածություն չի եղել հայ-իրանական սահմանի մասով: Մյուս կողմից, Ռուսաստանն այս ընթացքում, մեծ հաշվով, ցույց չի տվել, որ ինքը դրանից որևէ դժգոհություն ունի: Իսկ Հայաստանի իշխանության համար սա ունի նաև քարոզչական մեծ նշանակություն, այն է՝ փորձում են ցույց տալ, իբրև թե ինքնիշխանությունն են ուժեղացնում, այնինչ հնարավոր բոլոր ուղղություններով միայն զիջում են:
Մարիամ Պետրոսյան
168.am