Հարցազրույցներ
ՊԱՌԱԿՏՈՒՄՆ ՈՒ ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՀՐԵԼԸ 7,5 ՏԱՐԻ ԵՂԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԶԵՆՔՆ ՈՒ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԸ
19.12.2025
«Հրապարակի» զրուցակիցն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն է։
-Անցնող տարին ներքաղաքական առումով խիստ հագեցած էր ու մտահոգիչ․ ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ խոշոր գործարար, բարերար Սամվել Կարապետյանի, չորս սրբազանների, այլ հոգեւորականների, փաստաբանների, Գյումրու եւ Մասիսի քաղաքապետերի, հակաիշխանական ակտիվիստների կալանավորումներ, Փարաքարի համայնքապետի սպանություն եւ այլն։ Իշխանությունների կողմից այս աննախադեպ բռնաճնշումները կապո՞ւմ եք գալիք ընտրությունների հետ։
- Իշխանությունների կողմից՝ Ձեր նկարագրած գործընթացների իրացումը կապված է երկու պրոցեսի հետ։ Առաջինը, ՀՀ-ում, ըստ էության, ավտորիտար ռեժիմի պետություն է կառուցվում, եւ դրան համահունչ՝ նաեւ գործողություններ են իրականացվում դատական, իրավական, բոլոր հնարավոր համակարգերում։ Երկրորդը․ ընտրություններին ընդառաջ, իշխանությունը փորձում է թուլացնել, խոցելի դարձնել հնարավոր այն շրջանակներին, որոնք կարող են ընտրություններում իր համար քաղաքական առումով խնդիր առաջացնել։ Եվ այս զանգվածային բանտարկությունները, բռնությունները, մարդկանց նկատմամբ հարձակումները կապված են այս ընտրական պրոցեսների հետ։
- Նախընտրական տարվան ընդառաջ, Փաշինյանի ու նրա ռեժիմի համար, թերեւս, գլխավոր թիրախը Ամենայն հայոց կաթողիկոսն ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին են։ Այս հոգեմաշ արշավին նա կարողացել է ներգրավել 10 տիրադավ սրբազանների, որոշ քահանաների, կատարվում են հակաեկեղեցական «պատարագներ»՝ կարգազանց քահանաների կամ տիրադավ որեւէ հոգեւորականի կողմից։ Որքա՞ն կձգվի այս ֆարսը։
- Իշխանությունը ոչ թե գնում է ուղիղ առճակատման Մայր Աթոռի հետ, այլ՝ ներքին պառակտումների եւ, այսպես կոչված, տրոյական ձիու ճանապարհով՝ փորձելով իր շանտաժային քաղաքականությունն օգտագործել, ըստ էության, տարբեր «հոգեւորականների» գերեվարել, պատանդի կարգավիճակում պահել եւ նրանց օգտագործել Հայ առաքելական եկեղեցու եւ, առհասարակ, հասարակության դեմ։ Բավականին նուրբ իրավիճակ է ստեղծված, սա սովորական կամ ստանդարտ իրավիճակ չէ որեւէ պետության համար։ Բայց կարծում եմ, որ ՀԱԵ, Ամենայն հայոց կաթողիկոսի հորդորների եւ զսպվածության, ինչպես նաեւ անհրաժեշտ ազդակները հանրությանը փոխանցելու պայմաններում հնարավորություն կլինի ոչ միայն դիմադրել իշխանության այս ազգակործան քաղաքականությանը, այլեւ, ընդհանուր առմամբ, հասնել հասարակության առողջացմանը։
- Կկարողանա՞ իշխանության ղեկավարը ներսից պառակտել Եկեղեցին, եւ արդյո՞ք քաղաքացիական բախումների վտանգ չկա, ինչի նախադրյալներն արդեն իսկ երեւում են։
- Այս իշխանությունն իր քաղաքականությունը 2018 թվականին կառուցել է պառակտումների, թշնամություն հրահրելու միջոցով, ինչն այս 7,5 տարիներին եղել է իշխանությունների հիմնական զենքն ու գործիքակազմը։ Այն օգտագործվել է բոլորի դեմ՝ քաղաքական ընդդիմախոսների, հասարակական ակտիվ դեմքերի, պարզապես՝ քաղաքացիների, որոնք չեն ընդունել այս իշխանությունների քաղաքականությունը, եւ նույնը կիրառվում է նաեւ Մայր Աթոռի դեմ։ Մայր Աթոռը, որպես նաեւ ինստիտուտ, ամենաբարձր վստահություն ունեցող կառույցներից է, իսկ Փաշինյանը Եկեղեցուն դիտարկում է իր հետ մրցակցության մեջ, թեեւ դա առաջին հայացքից շատ տարօրինակ է։ Սակայն նրանց նպատակն է, որ երկրում որեւէ հեղինակություն չլինի, որպեսզի կարողանան կառավարումը շատ ավելի երկարաձգել։ Ինչ վերաբերում է պառակտմանը, Եկեղեցու տարբեր հոգեւորականներին, իմ ձեւակերպմամբ, գերեվարելն ու պատանդի կարգավիճակում պահելն ինքնին վտանգավոր եմ համարում։ Այս իրավիճակն առաջին հերթին, բնականաբար, աշխատում է Հայաստանի Հանրապետության դեմ։
- Ներընդդիմադիր ճակատում էլ կան ներքին անհամաձայնություններ, եթե ոչ՝ քաղաքական համերաշխության ճգնաժամ։ Նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ճամբարների միջեւ «քաղաքական փոխհրաձգություն կա»։ Ինչո՞վ եք պայմանավորում դա, ո՞վ է առաջին «կրակողը», եւ արդյո՞ք այս ամենը ձեռնտու չէ Նիկոլ Փաշինյանին։
- Բոլոր ժամանակներում էլ ներընդդիմադիր հատվածում մշտապես լինում են տարբեր խնդիրներ, տարաձայնություններ, որոնց մի մասը կուլիսների հետեւում է լինում, մի մասը՝ հրապարակային, ամեն դեպքում, Հանրապետականը կարծում է, որ մեր երկրում կուտակված բոլոր խնդիրների եւ ճգնաժամերի աղբյուրն այս իշխանությունն է, եւ պետք է բոլոր ուժերը կենտրոնացնել իշխանության դեմ։ Հանրապետականը երբեք չի նախաձեռնել ներընդդիմադիր դաշտում որեւէ պրոցես, որը կարող է բերել նույն այդ դաշտում ներքին տարաձայնությունների խորացման կամ ճգնաժամերի, ավելի՛ն, մենք կողմ ենք ներընդդիմադիր դաշտի համերաշխությանը եւ բոլոր ռեսուրսների կենտրոնացումն իշխանության դեմ։
- Դուք՝ հանրապետականներդ, պնդում եք, որ պետք է իմպիչմենտի միջոցով հեռացնել Փաշինյանին, մինչդեռ քոչարյանական ճամբարը դրա համար իրատեսական նախադրյալներ չի տեսնում։ Եվ ոչ միայն իրենք, քաղաքական որոշ շրջանակներ, կուսակցություններ եւս։ Ամեն դեպքում, ակնհայտ է, որ իմպիչմենտի գործընթացն ինքնաբերաբար վիժեցվում է։
- Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը Սահմանադրությամբ ամրագրված այն գործիքն է, որը նմանատիպ իրավիճակներում հնարավորություն է տալիս ոչ միայն պրոցես գեներացնելու, այլ նաեւ հասարակությունը, այդ թվում՝ ներընդդիմադիր դաշտն այդ ուղղությամբ կոնսոլիդացնելու համար։ Այն հանգամանքը, որ շատ քաղաքական ուժեր ի սկզբանե հայտարարել են խորհրդարանական ընտրությունների գնալու մասին՝ դա յուրաքանչյուրի խնդիրն ու որոշելիքն է, սակայն իշխանության այն քայլերը, այն գործողությունները՝ բռնաճնշումների, մարդկանց ազատազրկելու, բռնության ենթարկելու, այս մոտեցումը, որն ընտրել է իշխանությունը, նաեւ այն, որ իշխանությունները փորձում են ընտրությունների հարցը լուծել մինչեւ բուն քվեարկության օրը, սա է պատճառը, որ մենք հայտարարում ենք, որ, ամեն դեպքում, արդյունավետ ճանապարհը իմպիչմենտի շուրջ համախմբումն է։ Ինչ վերաբերում է 2026-ի ընտրություններին, ՀՀԿ-ում այդ մասին քննարկում չի եղել, եւ, ըստ այդմ էլ, որոշում չկա։
hraparak.am
