Հարցազրույցներ
Թուրքիան փորձում է Հարավային Կովկասում դառնալ գլխավոր կազմակերպող ուժը, իսկ Մոսկվան փորձելու է մնալ որպես հավասարակշռող, երբեմն՝ խանգարող ուժ. Շիրազ Խաչատրյան
11.04.2026
Իրան-ԱՄՆ հայտարարված հրադադարի ֆոնին տեղեկություններ շրջանառվեցին, մասնավորապես, Թուրքիայի դերակատարման մասին, հատկապես՝ երկրի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT): Թուրքական աղբյուրները հայտնել են, որ երկրի հետախուզական կառույցը դեռ նախքան պատերազմն է ինտենսիվ շփումներ ստեղծել հակամարտության բոլոր կողմերի հետ, իսկ պատերազմից հետո արդեն մշտական կապի մեջ է եղել և՛ ամերիկա-իսրայելական, և՛ իրանական կողմի հետ:
Բացի այս, թուրքական հետախուզությունն այս ընթացքում «համագործակցել» է Իրաքի, Պակիստանի, Կատարի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Եգիպտոսի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի հետ:
Ավելին, Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունն օգտագործել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ ունեցած իր խողովակները և կապերը, որպեսզի Իրանին փոխանցի թուրքական առաջարկները և մեսիջները հրադադարի հաստատման վերաբերյալ:
Նշենք, որ հստակ տեղեկություններ կան նաև թուրքական հետախուզության և Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության նախկին ղեկավար, այսօր Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի՝ քրդական և զինված այլ խմբավորումների մուտքն Իրան կանխելու հարցում ունեցած լուրջ դերակատարման մասին:
Իրենց հերթին, թերևս, այս ամենը հաշվի առնելով, իսրայելական շրջանակները նկատել են, թե մեծ է հավանականությունը, որ Թուրքիան դառնա տարածաշրջանի «նոր հրեշը»՝ Իրանի թուլացման ֆոնին, որովհետև Անկարան վարում է քաղաքականություն, որը կարող է վնասել ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և տարածաշրջանային անվտանգության շահերին:
Թե որքանո՞վ են Իսրայելի քաղաքագիտական և փորձագիտական շրջանակների այս պնդումներն իրատեսական կամ համապատասխանում իրականությանը, և, թե ինչո՞ւ կան այդ պնդումները՝ կարելի է որոշակի ենթադրություններ անել: Մյուս կողմից, Իրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ Թուրքիան հիմնականում թիրախավորել է Իսրայելին, և ոչ այնքան՝ ԱՄՆ-ին, ինչը ևս հասկանալի և սպասելի էր:
Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ:
– Բնականաբար, Իրան-ԱՄՆ պատերազմի ֆոնին տարածաշրջանում ձևավորվելու է նոր ուժային հավասարակշռություն, որտեղ Իրանի հարաբերական թուլացումը ստեղծելու է նոր ազդեցության վակուում։ Այդ վակուումն անմիջապես փորձում են լրացնել տարածաշրջանային հավակնություններ ունեցող պետությունները, և Թուրքիան դրանցից ամենաակտիվներից մեկն է, եթե ոչ՝ ամենաակտիվը։
Անկարան հետևողականորեն փորձում է ուժեղացնել իր ներկայությունը ռեգիոնում՝ հետախուզական, ռազմական և քաղաքական բոլոր ուղղություններով, հատկապես այն տարածքներում, որտեղ Իրանը ժամանակավորապես թուլացած է։
Այս պարագայում Իսրայելի անհանգստությունը տրամաբանական է, նրա համար Թուրքիան խնդիր է ոչ թե այն պատճառով, որ այս պահին ուղղակի հակառակորդ է, այլ, որովհետև Անկարան արագ տեմպերով դառնում է ինքնուրույն խաղացող՝ անկանխատեսելի և ոչ լիովին վերահսկելի՝ նույնիսկ Արևմուտքի համար։ Եթե չմտնենք թուրք-իսրայելական լարված հարաբերությունների պատմական դետալների մեջ, ապա իրավիճակը բավական դասական է՝ ռեգիոնում ընթանում է ուժային վերաբաշխում, որտեղ Թուրքիան աստիճանաբար ուժեղացնում է իր դիրքերը, իսկ Իսրայելը փորձում է զսպել այդ գործընթացը։
– Տարածաշրջանում առանց այն էլ ազդեցիկ ներկայություն ունեցող Թուրքիայի դերի մեծացումն ի՞նչ վերաձևումների կհանգեցնի, ի՞նչ պատկեր կունենանք ՌԴ-ի դերակատարման առումով, և սա ի՞նչ կտա կամ ի՞նչ խնդիրներ կստեղծի Ադրբեջանի համար, որը ռազմավարական հարաբերություններ ունի Իսրայելի հետ, և դա որքանո՞վ ձեռնտու կլինի ԱՄՆ-ին:
– Հարցը ծավալուն է, բայց եթե կարճ ու առանցքներով ձևակերպենք, ապա պատկերը մոտավորապես այսպիսին է։ Թուրքիայի դերը տարածաշրջանում շարունակում է աճել, Ռուսաստանն այլևս նախկին մենաշնորհային դերակատարը չէ Հարավային Կովկասում, և այստեղ արևմտյան ու ամերիկյան աջակցությամբ նոր կապուղիների ստեղծման տրամաբանությունը գործնականում միտված է շրջանցելու թե՛ ռուսական, թե՛ իրանական սահմանափակող ազդեցությունը։ Այս իմաստով Թուրքիան քայլ առ քայլ փորձում է փոխարինել Մոսկվային՝ դառնալով տարածաշրջանային գլխավոր կազմակերպող ուժը։ Ռուսաստանի պարագայում, պարզ է, որ նա չի վերադառնալու նախկին բացարձակ վերահսկողության դիրքին։ Բայց դա չի նշանակում, թե նա անշրջելիորեն դուրս է մղվել ռեգիոնից։ Մոսկվան Կովկասում փորձելու է մնալ որպես հավասարակշռող, երբեմն՝ նաև խանգարող ուժ՝ օգտագործելով իր դեռ պահպանված լծակները՝ անվտանգային կապերը, էներգետիկ կախվածությունները, երկկողմ պայմանավորվածությունները և ճգնաժամերի կառավարման փորձը։
Այսինքն՝ Ռուսաստանի դերը նվազել է, բայց չի վերացել. այն ավելի շատ անցնում է «մենաշնորհային վերահսկողի» մոդելից դեպի «հավասարակշռող խաղացողի» մոդելի։
Ադրբեջանի համար Թուրքիայի ուժեղացումը միաժամանակ և՛ հնարավորություն է, և՛ երկարաժամկետ ռիսկ։ Հնարավորություն է, որովհետև Բաքուն ավելի խորությամբ է մտնում Միջին միջանցքի առանցքային ճարտարապետության մեջ՝ դառնալով էներգետիկ և լոգիստիկ կարևոր հանգույց Հարավային Կովկասում։ Բայց խնդիրն այն է, որ Ադրբեջանը միաժամանակ ունի նաև ռազմավարական հարաբերություններ Իսրայելի և Ռուսաստանի հետ, և այստեղ կարող է առաջանալ բարդ հավասարակշռման անհրաժեշտություն։ Եթե Թուրքիան, օրինակ, ավելի կոշտ մրցակցության մեջ մտնի Իսրայելի կամ Արևմուտքի որոշ կենտրոնների հետ, Բաքուն ստիպված կլինի ավելի բարդ մանևր կատարել՝ չկորցնելով ո՛չ Անկարային, ո՛չ Թել Ավիվին։ Այսինքն՝ Թուրքիան Ադրբեջանին ուժեղացնում է, բայց նաև նրա արտաքին քաղաքականությունը դարձնում է ավելի բարդ ու բազմավեկտոր ճնշումների տակ։
Իսկ տարածաշրջան եկած ԱՄՆ-ի համար Թուրքիայի մեծացող դերը երկակի նշանակություն ունի։ Մի կողմից՝ դա օգտակար է, որովհետև Թուրքիան օգնում է զսպել Ռուսաստանին և որոշ չափով Իրանի ազդեցությունը, նաև՝ նպաստում է այնպիսի հաղորդակցային նախագծերի առաջխաղացմանը, որոնք համապատասխանում են արևմտյան տնտեսական ու ռազմավարական շահերին։ Մյուս կողմից՝ Անկարան երբեք չի գործում ամբողջությամբ ամերիկյան կանոններով։ Թուրքիան փորձում է սեփական օրակարգը, սեփական ռեգիոնալ հավակնություններն առաջ մղել և երբեմն բավական հակասական վարքագիծ է ցույց տալիս արևմտյան շրջանակների նկատմամբ։ Եթե կարճ, ապա ռեգիոնում նոր մրցակցային հավասարակշռության ձևավորման փուլում ենք։ Թուրքիան ուժեղանում է, Ռուսաստանը նահանջում է, բայց դեռ մնում է խաղի մեջ, Ադրբեջանը շահում է, իսկ ԱՄՆ-ը փորձում է օգտվել իրավիճակից։ Այս ամբողջ վերաձևավորման մեջ ամենակարևորն այն է, թե Հայաստանը որքանո՞վ է կարողանալու օգտվել տարածաշրջանային այս վերաձևումներից։
– Այս ամենի ֆոնին ի՞նչ զարգացումներ սպասել ԹՐԻՓՓ նախագծի շուրջ, արդյո՞ք կարող են վերանայումներ լինել, և որքանո՞վ է պահպանվել ԱՄՆ-ի հետաքրքրությունը՝ սրա հետ կապված կամ դրա շուրջ:
– ԹՐԻՓՓ-ի մրցունակությունը մեծապես կախված է ոչ միայն նրանից, թե նախագիծն ինչ է առաջարկում Հայաստանին ու Ադրբեջանին, այլ նաև նրանից, թե Իրանը որքանով է շարունակում մնալ տարածաշրջանային «խոչընդոտ» կամ հակակշիռ ամերիկյան ռազմավարության համար։ Եթե տեսականորեն վատթարագույն սցենար դիտարկենք, օրինակ, եթե Իրանը երկարատև պատերազմի հետևանքով կորցնի իր ենթակառուցվածքային ու քաղաքական վերահսկողությունը, ԱՄՆ-ը կարող է վերագնահատել Հարավային Կովկասով անցնող այս նախագծի առաջնահերթությունը։ Այդ դեպքում ԹՐԻՓՓ-ը կարող է դիտարկվել ոչ այնքան որպես հրատապ աշխարհաքաղաքական գործիք, այլ ավելի շատ որպես պահեստային կամ երկարաժամկետ լոգիստիկ տարբերակ՝ Ռուսաստանի և ընդհանուր եվրասիական կապուղիների մրցակցության համատեքստում։
– Օրերս այս թեմայով հոդված է հրապարակել Արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը, որտեղ անդրադարձել է մի քանի հարցի: Նախ, ըստ նրա, նոր առևտրային միջանցքներն անխուսափելիորեն վերաբաշխում են ազդեցությունը, և, որ Ռուսաստանը և Իրանը, որոնք տնտեսական և ռազմավարական կշիռ են ստանում առկա տարանցիկ երթուղիներից, չեզոք կերպով չեն դիտարկի այս զարգացումները: Ավելին, որ նրանց քաղաքական, տնտեսական արձագանքներն են ձևավորելու այն միջավայրը, որտեղ գործում է TRIPP-ը: Ըստ էության, սրա մասին մենք վերևում խոսեցինք: Իսկ նախկին արտգործնախարարն այն կարծիքին է նաև, որ անվտանգության երաշխիքները՝ հիմնված մեծ տերություններից ակնկալվող պաշտպանության վրա, ապացուցել են իրենց անօգտակարությունը, քանի որ դրանք հիմնված են շահերի վրա, իսկ մեծ տերությունների շահերը փոփոխական են և ժամանակի ընթացքում փոխվում են, և այլն: Քաղաքական ընդդիմությունից TRIPP-ի դեպքում տարբեր երաշխավորություններից են խոսում, ըստ Ձեզ՝ ի՞նչ տեսակ երաշխավորություն է պետք Հայաստանին, որ մեղմացվի հնարավոր ռիսկերը, և ինչպե՞ս եք պատկերացնում տարածաշրջանային խաղացողների ռազմավարական հավասար ներկայությունն այս դեպքում:
– Այս հարցադրման և դրան իմ պատասխանի տրամաբանական շարունակությունն է այս հարցը: ԹՐԻՓՓ-ի նման նախագիծը չի կարող աշխատել միայն մեկ մեծ տերության խոստումներով, որովհետև նման «երաշխիքները» միշտ ժամանակավոր են և կախված են շահերի փոփոխություններից։ Նոր առևտրային միջանցքները, իսկապես, վերաբաշխում են ազդեցությունը, և տարածաշրջանային մեծ խաղացողները դժվար թե չեզոք նայեն մի նախագծի, որը փոխում է առկա տարանցիկ հավասարակշռությունը և նվազեցնում նրանց դերակատարությունը, այս դեպքում՝ Ռուսաստանի և Իրանի մասին է խոսքը։ Դա հենց այն միջավայրն է, որի մեջ պետք է գործի ԹՐԻՓՓ-ը, և այդ միջավայրի կայունությունը որոշվելու է ոչ թե հայտարարություններով, այլ՝ տարածաշրջանային ուժերի արձագանքներով։
Այս պայմաններում Հայաստանին պետք են ոչ թե վերացական պաշտպանության խոստումներ, այլ ավելի գործնական, չափելի և բազմաշերտ երաշխիքներ։
Առաջինը՝ իրավական երաշխիքներն են, որտեղ հստակ ամրագրված կլինեն, որ ճանապարհը, ենթակառուցվածքը, մաքսային ու անվտանգային ռեժիմը մնում են Հայաստանի ինքնիշխան իրավասության տակ։
Երկրորդը՝ բազմակողմ ինստիտուցիոնալ երաշխիքներն են, այսինքն՝ ոչ թե միայն ԱՄՆ-ի, այլ մի քանի դերակատարների ներգրավվածությունն այստեղ, որպեսզի նախագիծը չդառնա մեկ կենտրոնի քաղաքական գործիք։
Կարևոր է նաև տնտեսական հակակշիռների մեխանիզմի առկայությունը, որպեսզի Հայաստանը ոչ միայն տարանցիկ տարածք լինի, այլ ստանա վերահսկելի տնտեսական շահ, իսկ չաշխատող կամ ճգնաժամային պահերին ունենա փոխհատուցման ու ճնշման նվազեցման մեխանիզմներ։
Հաջորդը՝ անվտանգության օպերատիվ մեխանիզմներն են, որոնք կախված չեն «երաշխավորի» կամքից, այլ՝ հիմնված են տեղային վերահսկողության, մշտադիտարկման և արագ արձագանքման վրա։ Սա է իրական երաշխավորությունը, ոչ թե հերթապահ քաղաքական հայտարարությունները։
Ինչ վերաբերում է տարածաշրջանային խաղացողների «հավասար ներկայությանը», ես դա չեմ պատկերացնում՝ որպես գեղեցիկ հավասարակշռված սիմետրիա, որովհետև ռեգիոնում նման սիմետրիա գրեթե երբեք չի եղել։ Ավելի իրատեսական է խոսել վերահսկվող բազմակողմանիության մասին։ Այսինքն՝ ԱՄՆ-ը կարող է մնալ նախագծի քաղաքական հովանավորը, բայց եթե Ռուսաստանն ու Իրանն ամբողջությամբ դուրս մնան պրոյեկտի հաշվարկից, նրանք կաշխատեն կա՛մ խափանել, կա՛մ «թանկացնել» դրա իրականացումը։ Հենց դրա համար էլ, իմ գնահատմամբ, Հայաստանի շահերից է բխում այնպիսի մոդել, որտեղ Ռուսաստանը և Իրանն ամբողջությամբ դուրս չեն մղվում տարածաշրջանային հաշվարկից։
– Ի դեպ, օրերս Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Զուլֆուգարովն էլ հայտարարել է, որ իրենց համար կարևորն Ադրբեջանի հիմնական մասի Նախիջևանին կապն է և անխոչընդոտ անցումն ապահովելը, և էական չէ՝ դա կլինի նոյեմբերի 9-ի փաստաթղթո՞վ, թե՞ ԹՐԻՓՓ-ով, վերջինի դեպքում ուղիղ կողմ չէ Բաքուն:
– Զուլֆուգարովի այս հայտարարությունը բավականին բաց ու անկեղծ կերպով ցույց է տալիս Բաքվի իրական առաջնահերթությունը։ Ադրբեջանի համար առանցքայինը ոչ թե այն է, թե կոնկրետ ո՞ր ձևաչափով կլուծվի հարցը՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթո՞վ, թե՞ ԹՐԻՓՓ-ի միջոցով, այլ այն, որ ապահովվի Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև անխոչընդոտ, վերահսկելի և կայուն կապը։ Այսինքն՝ ձևաչափը երկրորդական է, նպատակը մշտական և գործնական կապի ստեղծումն է։
Սա նաև բացատրում է, թե ինչու է Բաքուն փորձում չկապվել ամբողջությամբ որևէ մեկ նախագծի հետ և պահպանել մանևրելու լայն դաշտը։ ԹՐԻՓՓ-ի նկատմամբ զգուշավորությունը պայմանավորված է նրանով, որ դա ավելի շատ ամերիկյան նախաձեռնություն է, իսկ նման նախագծում ԱՄՆ-ի ակտիվ ներգրավվածությունը կարող է որոշ չափով սահմանափակել Ադրբեջանի ինքնուրույնությունը միջանցքի կառավարման և դրա քաղաքական օգտագործման հարցում։
Մյուս կողմից՝ նոյեմբերի 9-ի ձևաչափը Բաքվի համար ավելի հարմար է այն առումով, որ այն ավելի մոտ է տարածաշրջանային և երկկողմ վերահսկողության տրամաբանությանը՝ առանց բացահայտ արտաքին գերիշխող դերակատարի։ Այլ կերպ ասած՝ Բաքվի համար հարցի էությունը ոչ թե այն է, թե ով է կառուցում կամ հովանավորում այդ ճանապարհը, այլ այն, թե ինչ պայմաններով է այն գործելու։ Որքան այդ անցումը լինի ավելի անխոչընդոտ, քիչ վերահսկվող Հայաստանի կողմից և ավելի շահավետ Ադրբեջանի համար, այնքան ավելի ընդունելի կլինի Բաքվի համար՝ անկախ նրանից, թե դա ինչ քաղաքական փաթեթավորմամբ է ներկայացվում։ Սա հենց այն կետն է, որը պետք է հասկանալ՝ Ադրբեջանի համար առաջնայինը ոչ թե փաստաթղթի անունն է, այլ միջանցքային տրամաբանության գործնական ապահովումը։
– Եվ վերջում՝ Իրանի դեմ պատերազմի ֆոնին Սյունիքի աշխարհաքաղաքական դերը մեծացա՞վ, ինչո՞ւ չէ, նաև՝ Նախիջևանինը:
– Իհարկե, նախորդ դիտարկումներիս մեջ ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցադրումները կարելի է տարածել նաև ամբողջ Սյունիքի մասով։ Ներկա ԱՄՆ-Իրան պատերազմը ցույց տվեց, որ Իրանը ոչ միայն «չփլվեց», այլ նաև կարողացավ դիմադրություն ցույց տալ և խափանել իր հակառակորդների առավելագույն նպատակները։ Այս պարագայում ԱՄՆ-ի համար չեն կորցնելու կարևորությունները բոլոր այն կետերի նկատմամբ, որոնց միջոցով կարելի է շարունակական ճնշում գործադրել Իրանի վրա՝ անվտանգային, լոգիստիկ կամ տնտեսական իմաստով։ Այդ տեսանկյունից Սյունիքը մնում է բարձր արժեք ունեցող գոտի, որովհետև այն կարող է օգտագործվել՝ ինչպես տարանցիկ նոր նախագծերի, այնպես էլ՝ Իրանի շուրջ ուժային հավասարակշռության վերաձևման շրջանակներում։ Բայց հենց այստեղ է վտանգը մեր համար, քանի որ «Սյունիքի կարևորության աճը» Հայաստանի համար ինքնաբերաբար շահավետ չէ, եթե այն աճում է միայն արտաքին դերակատարների մրցակցության և դիրքավորման հաշվին։
Նախիջևանի դեպքում նրա նշանակության աճը մի փոքր այլ բնույթ ունի։ Եթե Սյունիքն արտաքին ուժերի մրցակցության հանգույց է, ապա Նախիջևանն ավելի շատ արդեն ձևավորվող թուրք-ադրբեջանական նախագծի կենդանի հարթակ է՝ ոչ միայն Իրանի, այլև Ռուսաստանի դեմ գործելու համար։ Այսինքն՝ եթե Սյունիքի շուրջ դեռ պայքար է ընթանում ազդեցությունների դերաբաշխումների համար, ապա Նախիջևանն արդեն գործնականում վերածվել է թուրք-ադրբեջանական ազդեցության ամրացման հենակետի։
Մարիամ Պետրոսյան
168.am
