Լուրեր

Ադրբեջանական բանակի չզարգանալու պատճառը կոռուպցիան եւ յուրացումներն են. Ջասուր Սումերենլի

12.03.2012

Ադրբեջանի լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի տնօրեն Ջասուր Սումերենլին հայտարարել է, որ ադրբեջանական բանակի չզարգանալու հիմնական պատճառը բանակում առկա կոռուպցիան եւ հսկայական յուրացումներն են:
Նա ասել է, որ զինված ուժերի համար հատկացված հսկայական ֆինանսական միջոցների ծախսման կանոնները մութ են հասարակության համար, տենդերներն անցկացվում են փակ պայմաններում, կաշառակերության եւ կոռուպցիայի վերաբերյալ բազմաթիվ տեղեկություններ կան:
«Այդ բոլոր յուրացումների արդյունքում զինվորի սնվելու, հագնվելու մեջ լուրջ պակասություններ են ի հայտ եկել: Դրան գումարած էլ` զինված ուժերում ապօրինի դրամահավաքներ են կատարվում: Բանակում զինվորականների կարիերիայի հնարավորությունները սահմանափակվում են, սոցիալական անարադարություն է տիրում», -ասել է նա` նշելով, որ ամեն օր բանակից գանգատներ են ուղղվում իշխանության վերին ատյաններին, սակայն, այդպես էլ ոչինչ չի փոխվում:
«Ներքին եւ Սահմանային զորքերում կարգ ու կանոնը, զինվորների խնդիրները լուծելու պատրաստակամությունը փոքր-ինչ բարձր է, քան ազգային բանակում, ինչը գալիս է այդ կառույցների ղեկավարության` ավելի պատրաստվածությունից: Սակայն, նույնը չի կարելի ասել բանակի մասին: Հակառակը, մամուլում բազմաթիվ տեղեկություներ են հրապարակվել բանակում ծառայության վատ պայմանների, ոջիլի տարածված լինելու մասին: Բացի այդ, Պաշտպանության նախարարության ղեկավարությունն արդեն 20 տարի է չի փոխվել: Պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը այդ պաշտոնում է արդեն 17 տարի, իսկ շտաբի պետ Նեջմեդդին Սադըգովը` 19 տարի: Աշխարհի ոչ մի երկրում, հատկապես` հետխորհրդային տարածքում նման երկար ժամկետով պաշտոնավարողներ չկան, ինչը զինված ուժերի զարգացմանը խոչընդոտող հիմնական պատճառներից մեկն է»,- կարծում է Սումերենլին:

armenpress.am

← Վերադառնալ ցուցակին