Լուրեր

Գ. Մինասյան. Մենք գնում ենք հենքային բարեփոխումների ճանապարհով

24.03.2012

«Մենք համոզված ենք, որ այն պատգամավորները, որոնք իրենց շատ փայլուն են դրսևորել գործող խորհրդարանում, անպայման պետք է լինեն նաև ապագա խորհրդարանում»,- այսօր անդրադառնալով Հանրապետական մի քանի ակտիվ պատգամավորների` ՀՀԿ ցուցակում համեմատաբար հետին հորիզոնականներ զբաղեցնելու խնդրին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը:
Նրա համոզմամբ, ցուցակում ներառված` գործադիր մարմինը ներկայացնող շատ գործիչներ չեն լինելու խորհրդարանում:
Խոսելով սոցիալ-տնտեսական խնդիրների մասին, բանախոսը նշեց, որ առկա խնդիրները իշխանությունները գիտակցում են և ընդունում, ինչպես նաև մոտենում ինքնաքննադատորեն, սակայն համաշխարհային ճգնաժամի պայմաններում, որը մի շարք զարգացած երկրների տնտեսությունների կործանման պատճառ դարձավ, Հայաստանում որևէ սոցիալական ծրագիր չի կրճատվել:
Խոսելով այլ ոլորտների ձեռքբերումների մասին, պատգամավորն ասաց. «Մենք ունեցանք չափազանց մեծ ձեռքբերումներ ներքաղաքական զարգացման բնագավառում: Հայ մարդու համար չափազանց կարևոր է, այն, որ ներքին լարվածությունը, որն առկա էր 2008 թվականի մարտի մեկից հետո, իշխանությունների խոհեմ քաղաքականության արդյունքում բացակայում է: Այսօր մեր քաղաքական դաշտն այնպիսին է, ինչպիսին արևմտյան քաղաքակիրթ պետությունների քաղաքական դաշտը»,- հավելեց Գ. Մինասյանը:
«Հեղափոխական ճանապարհը Հայաստանի համար հակացուցված է: Մենք գնում ենք հենքային բարեփոխումների ճանապարհով»,- ասաց խորհրդարանականը: 

← Վերադառնալ ցուցակին