Լուրեր

Հրայր Թովմասյանն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը

27.03.2012

 ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը մարտի 26-ին ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկային և պատվիրակության անդամներ Մառլա Մորրին ու Քսենյա Դաշուտինային:
Հյուրերին հետաքրքրում էր ՀՀ արդարադատության նախարարության դերը ընտրական գործընթացներում, ինչպես նաև ընտրությունների ընթացակարգին և օրենսդրությանը վերաբերող այլ հարցեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արդարադատության նախարարությունից, զրույցի ընթացքում նախարար Թովմասյանը պարզաբանել է, որ իր ղեկավարած գերատեսչությունն անմիջական առնչություն չունի ընտրական գործընթացների հետ:
Նախարարությունն, իհարկե, մասնակցել է օրենսդրական ՝ մասնավորապես «ՀՀ ընտրական օրենսգրք»ի, «Զանգվածային լրատվության մասին», ինչպես նաև «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքների փոփոխությունների իրականացմանը: Արդարադատության նախարարությունը հեղինակել է «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը:
Հարցին, թե որքանով են բավարարում փորձառու իրավաբան, ընտրական իրավունքի մասնագետ Հրայր Թովմասյանին «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, նախարարը պատասխանել է, որ եվրոպական կառույցների դրական գնահատականին արժանացած՝ «Հավաքների ազատության մասին» օրենքի հեղինակը նախարարությունն է, և վերջին մեկ տարվա ընթացքում նախորդ տարիներին բազմիցս օգտագործվող «չարտոնված կամ արգելված հավաքներ» արտահայտություններն այլևս վերացել են, նման դեպքեր պարզապես չեն եղել:
Ինչ վերաբերում է ՀՀ «Ընտրական օրենսգրքին», ապա նախարար Թովմասյանի խոսքով ինստիտուցիոնալ առումով որևէ առարկություն չունի:
Հյուրերի խնդրանքով արդարադատության նախարարը ներկայացրել է նաև ընտրական օրենսգրքով սահմանված ընտրության արդյունքները բողոքարկելու, ընտրությունների ընթացքը վերահսկելու մեխանիզմները, ինչպես նաև ընտրություններին կանանց մասնակցության հնարավորությունները:
Զրույցի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարն, ընդգծելով մայիսի 6-ին ազատ և թափանցիկ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը, շեշտել է , որ դա առաջին հերթին պետք է մեր երկրին ու մեր քաղաքացիներին, ուստի ամեն ինչ արվելու է այդ չափանիշներին համապատասխանող ընտրություններ անցկացնելու համար:

← Վերադառնալ ցուցակին