Լուրեր

Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է Պատրիկ Ֆիորիին

30.03.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է ֆրանսիացի հանրահայտ երգիչ Պատրիկ Ֆիորիին, ով բազմաթիվ ֆրանսիացի արվեստագետների հետ Երևան է ժամանել` մասնակցելու ֆրանկոֆոնիայի միամսյակին: Ողջունելով հյուրին Երևանում և Երևանի քաղաքապետարանում՝ Տարոն Մարգարյանը հատկանշել է հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը, մասնավորապես ներկայացնելով ջերմ ու գործնական հարբերությունները Երևանի քույր քաղաքներ Փարիզի և Մարսելի հետ: <<Տեղյակ եմ, որ հաճախ եք լինում Երևանում, և հուսով եմ, որ ամեն անգամ միայն լավ տպավորություններով ու հիշողություններով եք հեռանում Երևանից>>,- նշել է քաղաքապետը: Պատրիկ Ֆիորին իր հերթին նշել է, որ հասցրել է շրջել Երևանում և հիացած է մեր մայրաքաղաքով։ Ֆրանսահայ հանրաճանաչ երգիչը Երևանի քաղաքապետին իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել հայ-ֆրանսիական մշակութային նախաձեռնություններին և ցանկություն հայտնել Երևանում անվճար ներկայացումներ կազմակերպելու, ինչպես նաև աշխարհահռչակ <<Փարիզի Աստվածամոր տաճարը>> մյուզիքլը Երևանում ևս ներկայացնելու մասին: <<Երևանի քաղաքապետարանը ամենայն հնարավորություն կներդնի Ձեր նախաձեռնություններին իր լիազորությունների սահմաններում աջակցելու համար>>,- շեշտել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը Պատրիկ Ֆիորիին հրավիրել է մասնակցելու <<Էրեբունի-Երևան>> տոնակատարություններին:

← Վերադառնալ ցուցակին