Լուրեր

Վերականգնվում է քաղաքացիների սեփականության իրավունքը

02.04.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ գյուղում և Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասում բնակվող 20 ընտանիքներ ստացել են իրենց հողամասերի նկատմամբ հիմքերի վերականգնման իրավունք: Սույն որոշումները բնակիչներին է հանձնել անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով, շնորհավորելով ներկաներին, նկատել է, որ երկարամյա այս խնդիրը փուլ առ փուլ լուծում է ստանում:
<<Նմանատիպ խնդիրները մենք փուլերի ենք բաժանել. առաջին հերթին ուսումնասիրվում են տնամերձները, այնուհետև քննարկվում է գյուղատնտեսական նշանակության հողերի հարցը: Այսօր ձեզ հանձնելով հողերի իրավական հիմքերի վերականգնման փաստաթղթերը` մեկ անգամ ևս վստահեցնում ենք, որ քաղաքապետարանը պատրաստակամ է աջակցել ու օգնել, որպեսզի բոլոր հողօգտագործողները հնարավորին շուտ ստանան այդ որոշումները, որից հետո արդեն կադաստրի պետական կոմիտեում կկարողանան գրանցել իրենց գույքը>>,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նկատենք, որ Երևանի Չարբախ թաղամասի և Հաղթանակ գյուղի տարածքում դեռևս 1990-ական թվականներին հողատարածքներ են հատկացվել բազմաթիվ ընտանիքների: 2005թ.-ից մինչ օրս հողամասերի հատկացման հիմքերը վերականգնելու և հողամասերի հատակագծեր թողարկելու համար հարցին լուծում է տրվել միայն առանձին դեպքերում:
Քաղաքապետի որոշումներն ստացած բնակիչները, իրենց հերթին շնորհակալություն հայտնելով Տարոն Մարգարյանին, նշել են, որ իսկապես երկար տարիներ է պահանջվել հարցին լուծում տալու համար. <<Շատ շնորհակալ ենք Ձեզանից պարոն Մարգարյան, որ անհնարին թվացող մեր այս գործը ավարտին հասցրիք: Հիմա մենք մեզ լիիրավ սեփականատեր ենք զգում>>:
Քաղաքապետը վստահեցրել է, որ լուծում են ստանալու ոչ միայն Հաղթանակ գյուղի այլև մնացած բոլոր մասնավոր տնատիրությունների բնակիչների խնդիրները. <<Համոզված եղեք, որ քաղաքապետարանը միշտ բնակիչների կողքին է: Վստահեցնում եմ, որ հուզող բոլոր հարցերին մենք ժամանակի ընթացքում հաստատ լուծումներ ենք տալու>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
 

← Վերադառնալ ցուցակին