Լուրեր

Քաղաքապետը հյուրընկալել է Տոկիո լարային քառյակի անդամներին

02.04.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է <<Երևանյան հեռանկարներ>> 13-րդ երաժշտական միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող <<Տոկիո>> լարային քառյակի անդամներին և փառատոնի հիմնադիր նախագահ, գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանին:
Ողջունելով հյուրերին` քաղաքապետը շնորհավորել է 2012 թվականի համերգաշրջանի բացման կապակցությամբ և կարևորել քառյակի մասնակցությունը երևանյան մշակութային կյանքին:
<<Մեր քաղաքը մշակութային հարուստ պատմություն ու ներկա ունի, և մեզ համար պատիվ է հյուրընկալել ձեզ Երևանում: Վստահ եմ, որ համերգային անմոռանալի երեկո է սպասում երևանցիներին>>,- նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ Երևանի դռները միշտ բաց են քառյակի առջև:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ հյուրընկալության համար` Տոկիո լարային քառյակի անդամները նշել են, որ իրենք տպավորված են ու երջանիկ 7 տարի անց` 2-րդ անգամ գտնվել 2794-ամյա քաղաքում և անհամբեր սպասում են երևանյան հանդիսատեսի հետ հանդիպմանը:
Տարոն Մարգարյանը հյուրերին առաջարկել է ազատ ժամանակը տնօրինել քաղաքին ծանոթանալով և հույս հայտնել, որ քառյակի հետ հաջորդ հանդիպումը չի ուշանա, ու երևանյան հանդիսատեսը ավելի հաճախ հնարավորություն կունենա ունկնդրելու երաժշտախմբի կատարումները:

 

← Վերադառնալ ցուցակին