Լուրեր

Կառավարությունում հյուրընկալվել են Բավարիայի արդարադատության համակարգի ներկայացուցիչները

03.04.2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բավարիայի արդարադատության նախարարի տեղակալ դոկտոր Հելմուտ Փալդերին և Մյունխենի գլխավոր դատախազ դոկտոր Քրիստոֆ Շթրյոցին, ովքեր Հայաստան են ժամանել մարտի 31-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով:
Կառավարության ղեկավարը ողջունել է հյուրերին` նշելով. «Ուրախ ենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը միջազգային համագործակցության ներքո Բավարիայի դատախազության հետ ստեղծել է այսպիսի կապեր: Մենք շահագրգռված ենք դրանում, որովհետև Հայաստանում տեղի են ունենում բարեփոխումներ, այդ թվում նաև` իրավապահ մարմինների, դատախազության ոլորտում, և միջազգային փորձի ուսումնասիրությունն ու համագործակցությունը մեզ համար խիստ կարևոր է: Ձեր այցելությունը Հայաստան ևս մեկ հնարավորություն է, որպեսզի մեր դատախազության գործընկերները կարողանան նոր կապեր հաստատել և ուսումնասիրել ձեր փորձը»:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դոկտոր Քրիստոֆ Շթրյոցը նշել է, որ ՀՀ արդարադատության նախարարություն և ՀՀ գլխավոր դատախազություն կատարած այցի շրջանակում ծանոթացել են մեր երկրի դատաիրավական համակարգում իրականացվող ծրագրերին ու բարեփոխումներին, ապա այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավական ոլորտում համագործակցության հեռանկարները: Մասնավորապես, արծարծվել են դատախազների և դատավորների վերապատրաստմանն առնչվող հարցեր: Դոկտոր Հելմուտ Փալդերն ընդգծել է, որ իր երկրում հաջողությունների գրավականը կադրային ճիշտ ընտրությունն է և լիարժեք կրթության ապահովումը: Այդ համատեքստում վարչապետ Սարգսյանը կարևորել է գերմանական փորձի ուսումնասիրությունը: Բավարիայի արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոնյաները պատրաստակամություն են հայտնել աջակցելու և իրենց փորձը փոխանցելու մեր երիտասարդ մասնագետներին:
Բավարիայի իրավապահ մարմինների պատվիրակությունը Գերմանիա կվերադառնա ապրիլի 5-ին:

← Վերադառնալ ցուցակին