Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանին

04.04.2012

 Քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում փորձի փոխանակման և ներդրումային դաշտի զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդիի հանդիպման ժամանակ:
Շնորհավորելով դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ երկու պետությունների քաղաքների միջև գործընկերային հարաբերությունները զարգացման նոր որակ ու ընթացք կստանան:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպանն իր հերթին նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը:
Կարևորելով մայրաքաղաքային տնտեսության մեջ հնարավոր ներդրումների ներգրավումը` քաղաքապետը ներկայացրել է մայրաքաղաքում ներդրումային հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր. <<Քաղաքապետարանը միշտ բաց է համագործակցության համար և պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ, որը կնպաստի երկու երկրների քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների զարգացմանը>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդին պատրաստակամություն է հայտնել ներդրումային առաջարկությունների փաթեթը ներկայացնել Քուվեյթի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումային ընկերություններին. <<Համոզված եմ, որ առաջարկները կհետաքրքրեն մեր գործարարներին: Վստահ եմ, որ հատկապես զբոսաշրջության բնագավառում մեր երկրների միջև զարգացման լայն հեռանկարներ կան: Դուք հրաշալի երկիր և ժողովուրդ ունեք, և ես կարծում եմ, որ արդեն այս ամառ բազմաթիվ քուվեյթցիներ իրենց հանգիստը կնախընտրեն անցկացնել Հայաստանում և Երևանում>>,- նշել է դեսպանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

← Վերադառնալ ցուցակին