Լուրեր

Տիգրան Սարգսյանն ընդունել է Կիպրոսի ԱԳ նախարարին

04.04.2012

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էրատո Կոզակու Մարկուլիսին:
«Ուրախ եմ, որ մեր երկկողմ հարաբերությունները գտնվում են քաղաքական բարձր մակարդակի վրա: Մեր պարտքն է խորացնել և ամրապնդել դրանք: Գոյություն ունի մեծ տնտեսական ներուժ, որը չենք իրացրել, ուստի անհրաժեշտ է մշակել այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն տնտեսական կապերի զարգացմանը»,- ասել է վարչապետը: Այս համատեքստում Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է Հայաստանում կազմակերպել բիզնես ֆորում` հայ և կիպրացի գործարարների մասնակցությամբ:
Կիպրոսի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ իր այցը կնպաստի հայ-կիպրական հարաբերությունների բազմակողմ, այդ թվում նաև տնտեսական ոլորտում համագործակցության ակտիվացմանը: Էրատո Կոզակու Մարկուլիսին նշել է, որ Կիպրոսը պատրաստ է օժանադակել մեր երկրին` տարբեր բնագավառներում իրականացվող բարեփոխումների և եվրոպական չափանիշների ներդրման գործընթացներում:
Անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրման ուղղությամբ տարվող աշխատանքներին` վարչապետը տեղեկացրել է, որ գնալով Հայաստան-ԵՄ համագործակցությունն ավելի է խորանում, ինչի արդյունքում առաջիկայում կմեկնարկեն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի շուրջ բանակցությունները:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի տնտեսական քաղաքականությանը և առաջիկա ծրագրերին, մասնավորապես, արտահմանն ուղված արդյունաբերական քաղաքականությանը, նոր ատոմային էներգաբլոկի կառուցմանը և տնտեսական այլ նախագծերի:

 

← Վերադառնալ ցուցակին