Լուրեր

ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը հետաքրքրվել է ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հարցով

18.04.2012

 ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ապրիլի 18-ին ընդունել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյի գլխավորած պատվիրակությանը: Նախարարությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում Հայաստանի և ԱԷՄԳ միջև համագործակցության հարցերը, մասնավորապես՝ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի 2 էներգաբլոկի անվտանգության բարձրացման աշխատանքների համակարգման շարունակականության, անվտանգության մակարդակի բարձրացման և ֆիզիկական պաշտպանության ուժեղացմանն ուղղված հարցերը, ինչպես նաև հայկական ԱԷԿ-ը շահագործումից հանելու աշխատանքներին տեխնիկական աջակցության տրամադրման խնդիրները: ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման տարբեր փուլերում աշխատանքների իրականացման, այդ թվում` համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման, լիցենզավորման համար պատրաստված փաստաթղթերի գրախոսման, կադրերի վերապատրաստման հարցերը:

Անդրադարձ է եղել ՀՀ կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կարողությունների ուժեղացման, ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման տարբեր փուլերի լիցենզավորման աշխատանքներին տեխնիկական աջակցման հարցերին: Քննարկվել են նաև ՀՀ-ում ճառագայթային թերապիայի զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրերը:

ԱԷՄԳ պատվիրակությունն այցելել է նաև Հայկական ատոմային էլեկտրակայան և շրջայց կատարել ԱԷկ-ի գործող էներգաբլոկում: ԱԷՄԳ պատվիրակությանը ներկայացվել են հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացման ծրագրով ներդրված միջոցառումները և կատարվելիք աշխատանքները:

Հայաստանի Հանրապետությունը 1993 թվականին դարձել է ԱԷՄԳ-ի լիիրավ անդամ և մինչ օրս ԱԷՄԳ - ի հետ համագործակցում է ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման տարբեր բնագավառներում և ամբողջությամբ կատարում է միջազգային կոնվենցիաներով իր ստանձնած պարտավորությունները:

← Վերադառնալ ցուցակին