Լուրեր

«Քաղաքացու քվեն կպարզի` մենք արժանի ենք մնալու իշխանությունում, թե պետք է մեր տեղը զիջենք». Սերժ Սարգսյան

18.04.2012

 Հայաստանի հանրապետական կուսակցության համար առաջնահերթություն է ոչ թե հաղթանակն ընտրություններում, այլ ազատ և արդար պայքարի պահպանումն այդ ընթացքում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հանրապետական կուսակցության` Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքում քարոզարշավի շրջանակներում ապրիլի 18-ին նման հայտարարությամբ հանդես եկավ կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը` հավելելով, որ ազատ ընտրությունների կազմակերպման գործում հսկայական դեր ունի նաև Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, ում ձայնը կարող է նշանակալի լինել վերջնական արդյունքներում:

«Դուք պետք է լուրջ մոտենաք ընտրություններին, քանի որ դրանից է կախված, թե ինչ խորհրդարան ենք ունենալու ու ինչ կառավարություն է ձևավորվելու: Ընտրությունների արդյունքները ցույց կտան` արդյոք, մենք արժանի ենք պահպանելու իշխանությունը, թե պետք է այն զիջենք մեկ այլ ուժի»,- ասաց ՀՀԿ առաջնորդը:

Խոսելով վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանում իրականացված բարեփոխումների մասին` Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ արձանագրվել են նկատելի հաջողություններ:

«Իհարկե, դա սահման լինել չի կարող, քանի որ մենք պայքարում ենք լավագույն պայմաններն ապահովելու համար: Մենք պետք է մեր ընդհանուր ջանքերը միատեղենք` պայքարելու մեր պետության ընդհանուր բարօրության համար»,- ասաց նա:

Մալիշկայի համայնքի բնակիչների հետ հանդիպումից հետո, Սերժ Սարգսյանն այցելեց նաեւ Արենի գյուղ: Այդտեղ նրան դիմավորեցին գյուղի բնակիչներն ու համայնքի ղեկավարը: Բնակիչների հետ զրույցում ՀՀԿ առաջնորդը ծանոթացավ նրանց հոգսերին ու առաջարկություններին:

← Վերադառնալ ցուցակին