Լուրեր

«ՀՀԿ-ն վճռական է լուրջ բարեփոխումներ իրականացնել». Սերժ Սարգսյան

21.04.2012

Հայաստանի hանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում ապրիլի 21-ին հանդիպեց Տավուշի մարզի սահմանամերձ Բագրատաշեն գյուղի բնակիչների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սարգսյանը նշեց, որ Բագրատաշենը սահմանակից է բարեկամ մի երկրի, որի կայունությունը ունի նույն նշանականությունը, ինչ Հայաստանինը:

«Բագրատաշենի դերակատարությունն ու տարերային շուկան կարեւոր դեր խաղացին մեր պետության զարգացման գործում: Այստեղ սահմանին սկսելու է հսկայական շինարարություն, որը լինելու է առաջին անցումային կետերից մեկը: Այդ կառույցը պատիվ է բերելու յուրաքանչյուրին»,-ասաց Սարգսյանը: Նա նշեց, որ կառուցվելիք անցումային կետը մեծ դերակատարություն է ունենալու Հայաստանի զարգացման մեջ: «Շատ ծրագրեր դանդաղել են արտաքին մարտահրավերների հետ կապված, սակայն մենք վճռական ենք: Ցանկանում ենք, որ այս համայքն ունենա այնպիսի զարգացում, որը կդառնա անճանաչելի»,-նշեց ՀՀԿ ղեկավարը: Նրա խոսքով` եկել է ժամանակը բոլոր ծրագրերն առաջ տանելու համար: Հնարավոր է լավ արդյունքների հասնել` դրական ազդակներ հաղորդելով: ՀՀԿ-ն վճռական է մեծ բարեփոխումներ իրականացնել, քանի որ ունի այդ պոտենցիալը եւ պարտավոր է միավորել բոլորի ջանքերը:

«Ուզում եմ զգաք յուրաքանչյուրիդ գործի եւ ձայնի կարեւորությունը: Հարցերի ցանկն ավարտվում է, եթե սկսում ենք լուծել այդ հարցերը»,-նշեց Սարգսյանը:

Նա կոչ արեց աջակցել ՀՀԿ-ի համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին: Բագրատաշենում մեծամասնական ընտրակարգով առաջին անգամ կին թեկնածու է առաջադրվել` Մարինե Մեհրաբյանը, ով կարող է արժանապատվորեն ներկայացնել գյուղի խնդիրները խորհրդարանում:

← Վերադառնալ ցուցակին