Լուրեր

Արցախի նախագահը ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ

24.04.2012

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում մասնավորապես նշվում է. «Սիրելի հայրենակիցներ,

ապրիլի 24-ը մեր ժողովրդի պատմության մեջ է մտել որպես ցավի ու կոտորածի, զրկանքի ու կորստի օր, որը միավորում է աշխարհի բոլոր հայերին` ոգեկոչելու 1915 թվականի ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Միավորում է` ընդդեմ չարի ու ոճրագործության, բռնության ու ահաբեկչության, որը պետք է անպայմանորեն ճանաչվի ու դատապարտվի աշխարհի առաջադեմ մարդկության կողմից: Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր այսօր մեզ հետ են եւ իրենց ձայնն են բարձրացնում հանուն արդարության հաղթանակի:

Մենք այսօր միավորվում ենք, որպեսզի ասենք` հայն այլեւս ուժեղ է ու պաշտպանված եւ կանի ամեն ինչ, որպեսզի նման հրեշագործություններն էլ երբեք չկրկնվեն: Թուրք ժողովուրդը պետք է մաքրի իր պատմության այդ սեւ բիծը եւ սերունդներին ազատի ծանր ու նվաստատացուցիչ ժառանգությունից: Սա հրամայական է, որից խուսափել չի լինի»:

← Վերադառնալ ցուցակին