Լուրեր

Հնդկահայ համայնքը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

24.04.2012

Հնդկահայ համայնքը, Հայոց մարդասիրական ճեմարանի անձնակազմը ապրիլի 24-ին Կալկաթայի Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցում ոգեկոչել են Հայոց մեծ եղեռնին զոհ գնացած միլիոն ու կես անմեղ նահատակների հիշատակը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հայոց մարդասիրական ճեմարանից, եկեղեցու բակում` Ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ, տեղի է ունեցել հոգեհանգստյան կարգ` հանդիսապետությամբ հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի: Ներկաները ծաղիկներ են դրել հուշակոթողին:

Հնդկաստանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը կառուցվել է 1965 թվականին` Մեծ եղեռնի հիսունամյա տարելիցի առիթով: Հնդկահայ համայնքն անսալով երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի 1964 թվականի օգոստոս 17-ի Սրբատառ Կոնդակին` «Մենք, Հայրապետ Ամենայն Հայոց, մեր ազգի պատմութեան մեծ ողբերգութեան յիսնամեայ տարելիցի սեմին, այսու Մեր կոնդակաւ, կ’առաջադրենք ու կը հրահանգենք` ա. որ յառաջիկայ 1965 տարին հռչակուի մեր եկեղեցիին և համայն մեր ժողովուրդին համար ազգային սուգի և աղօթքի տարի», Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցու հյուսիսային պատի տակ կառուցել է մարմարե հուշարձան:

← Վերադառնալ ցուցակին