Լուրեր

Լեհաստանի դեսպանը վստահ է, որ թուրք հասարակությունն արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

24.04.2012

Հայոց ցեղասպանությունն առաջին հերթին պետք է ճանաչեն այն երկրները, որոնք ապրել են նման ցավ: Այս մասին ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: «Ես չեմ կարծում, որ ցեղասպանության ճանաչումը որեւէ մի պետության կողմից կբուժի Հայաստանի եւ հայ ժողովրդի ցավը: Ինձ համար` որպես Լեհաստանի ներկայացուցիչ, հայ ժողովրդի ցավը եւ զգացմունքը միանշանակ հասկանալի է, քանի որ ինչ-որ տեղ մեր պատմական իրադարձությունները նման են իրար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Ռաչինսկին: Նա նշեց, որ Լեհաստանը կիսում է այդ ցավը եւ հարգանքի տուրք մատուցում Ցեղասպանության բոլոր զոհերի հիշատակին: Դեսպանի կարծիքով` Ցեղասպանության ճանաչման հարցը թուրքական հասարակության կողմից արդեն տեղի է ունեցել, եւ դա թուրք հասարակության կայացման արդյունքն է: Ինչ վերաբերում է Թուրքիա պետության կողմից հարցի ճանաչմանը, ապա այստեղ դժվար է պարտադրել նրան, քանի որ այս հարցը անհրաժեշտ է ընդունել առաջին հերթին հոգեպես եւ հասկանալ այդ ցավը:

Դեսպանը նշեց, որ Թուրքիան կճանաչի Ցեղասպանության փաստը միայն միջազգային մեծ ճնշման արդյունքում:

← Վերադառնալ ցուցակին