Լուրեր

Սերժ Սարգսյանը վճռական է Դիլիջանի հարստությունը ծառայեցնելու ի շահ երկրի քաղաքացիների

27.04.2012

Դիլիջանը, ոչ միայն գեղագիտական գանձ է, այլևս հարստություն` բառի ուղղակի իմաստով, եւ բոլորի խնդիրն է բացահայտել այն ամբողջ տնտեսական ներուժը, որը թույլ կտա տեղացիներին դա լիարժեքորեն օգտագործել: Ապրիլի 27-ին Դիլիջան քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:

«Ընտրարշավի ընթացքում եղել ենք գրեթե ամբողջ հանրապետության տարածքում ու ձեռքբերումներն ու բացթողումներն ամեն տեղ հիմնականում նույնն են: Սակայն Դիլիջանն այս տեսանկյունից ունի իր յուրահատկությունները: Վերջին մի քանի տարիների ընթացքում այն ոչ միայն վերագտնում է երբեմնի զբոսաշրջային համբավն, այլև անում է նոր, աննախադեպ քայլեր: Ձեր աչքի առջև լուրջ ներդրումներ են արվում, որը նաև պետության-մասնավոր հատվածի լուրջ համագործակցության արդյունքն են»,- ասաց Սերժ Սարգսյանը` մասնավորեցնելով, որ «Տարածքների համաչափ զարգացման» ծրագրի համաձայն մայրաքաղաքից այստեղ են տեղափոխվում հանրապետական մի շարք կառույցներ:

«Մյուս տարի շահագործման կհանձնվի ԿԲ-ի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնը: Դա և այլ փոփոխություններ հանգեցնելու են գործարար միջավայրի ամբողջական կերպարանափոխմանը: Քաղաքն իր կերպարով, պատմաճարտարապետական հուշարձաններով յուրահատուկ ներուժ ունի ու վայելում է հատուկ վերաբերմունք: Մեր նպատակն է տեղի գեղեցկությունը ծառայեցնելու նաև ի շահ ձեզ, դարձնել բարեկեցության աղբյուր»,- ընդգծեց ՀՀԿ առաջնորդը:

← Վերադառնալ ցուցակին