Լուրեր

Լրագրող, բժիշկ, մանկավարժ եւ սպորտսմեն երիտասարդները հաջորդ տարի նոր բնակարաններ կունենան

30.04.2012

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 30-ին մասնակցեց Ավան վարչական շրջանում կառուցվող «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին եւ սպորտսմեններին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում կառուցվող բազմաբնակարան շենքի հիմնարկեքի արարողությանը: Երկրի ղեկավարը շրջեց շինհրապարակում, զրուցեց բնակարանների` երիտասարդ ապագա տերերի հետ:

Ծրագիրն իրականացվում է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից, ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո: Ծրագրի շրջանակում Ծարավ Աղբյուրի 55/8 հասցեում կառուցվում է ժամանակակից ճարտարապետական լուծումներով բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով տրամադրվելու են երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին ու սպորտսմեններին: Բնակելի համալիրը բաղկացած է լինելու հինգ մասնաշենքից եւ ունենալու է 338 բնակարան: Շենքի շինարարությունը մեկնարկել է այս տարվա մարտին եւ նախատեսվում է ավարտել 2013 թվականի դեկտեմբերին: Բազմահարկ- բազմաֆունկցիոնալ շենքը լինելու է մոնոլիտ-երկաթբետոնե: Այն ունենալու է 13 բնակելի հարկ` երկսենյականոց, երեքսենյականոց եւ չորսսենյականոց բնակարաններով, ինչպես նաեւ ստորգետնյա ավտոկայանատեղեր` նախատեսված 120 ավտոմեքենայի կայանման համար: Շենքի հարակից տարածքն ամբողջությամբ բարեկարգվելու է , նորացվելու են կոմունիկացիոն համակարգերը, կառուցվելու են մանկական խաղահրապարակներ, կանաչապատման հանգստի գոտիներ եւ ծառուղիներ: Բնակարաշինական ծրագրի ընդհանուր արժեքը 6 մլրդ ՀՀ դրամ է:

← Վերադառնալ ցուցակին