Լուրեր

Սերժ Սարգսյանը հավատում է Հայաստանում պատմության մեջ լավագույն ընտրությունների անցկացմանը

30.04.2012

Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն համերաշխության, ոչ թե թշնամանքի ավելացման ընտրություններ: «Անկախ այն հանգամանքից, թե ով ինչ որոշում է կայացրել կամ կայացնելու, գալիք խորհրդարանը լինելու է բոլորինը: Ուստի, սիրելի ավանցիներ, ես ձեզ կոչ եմ անում մայիսի 6-ը չհամարել ինչ-որ շատ կարեւոր օր, չհամարել կենաց ու մահվան կռվի ավարտ կամ սկիզբ, չավելացնել թշնամությունը, այլ ուղղակի ակտիվորեն մասնակցել մեր երկրի խորհրդարանի ձեւավորմանը»,- ապրիլի 30-ին մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ ղեկավարը:

Նրա խոսքով` մայիսի 6-ին որոշվելու է, թե որ քաղաքական ուժն է կառավարելու, սակայն կյանքը շարունակվելու է, եւ լավ կլինի, որ այն շարունակվի ավելի հանդարտ, հանգիստ պայմաններում: Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հանրապետական կուսակցությունն առաջատար քաղաքական ուժ է, որ երբեք չի առաջնորդվել նեղ կուսակցական շահերով կամ նպատակներով, այլ իրեն համարում է մի կուսակցություն, որ պատասխանատվություն է ստանձնել ողջ երկրի համար եւ հաշվետու է ՀՀ բոլոր քաղաքացիներին:

Իշխող կուսակցության ղեկավարը մայրաքաղաքի առաջնահերթ խնդիրների երկու մեծ խումբ է առանձնացնում` Երեւանի բեռնաթափումը` ծանրության որոշ կենտրոններ մարզեր տեղափոխելու միջոցով, Երեւանի կենտրոնի պատմաճարտարապետական նկարագրի պահպանումն ու հնարավորինս վերականգնումը: ՀՀԿ ղեկավարը նշեց, որ սրանով հարցերը չեն սպառվում, այլ միայն սկսվում են, որովհետեւ իրենք պարտավոր են ապահովել հարմարավետություն բոլոր երեւանցիների համար: Լուծելով տրանսպորտի, երթեւեկության, աղբահանության, ջրամատակարարման խնդիրները` ՀՀԿ-ն խոստացավ շարունակել իր աշխատանքները, բայց ավելի մեծ ջանասիրությամբ եւ ներդրումով:

«Համայն հայության մայրաքաղաքում պիտի հաճելի ու հարմարավետ լինի ապրելը, ուսանելն ու մարզվելը: Երեւանը պետք է հպարտության առարկա լինի մայրաքաղաքացիների եւ ողջ հայության համար»,- նշեց Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով` համայն հայության քաղաքական կենտրոն Երեւանը պետք է ապրի նաեւ աշխույժ ու հագեցած մշակութային կյանքով, քանի որ օրեցօր աճում են մեր ժողովրդի մշակութային պահանջները: ՀՀԿ ղեկավարը նկատեց, որ մայրաքաղաքում արդեն ձեւավորվում է քաղաքային նոր մշակույթ, որ մասամբ շարունակությունն է հին ավանդույթների, մասամբ էլ նորի ներդրում է:

«ՀՀԿ-ն ցանկանում է ավելի լավ Հայաստան յուրաքանչյուրի համար: Այդ նպատակով մեզնից յուրաքանչյուրը պետք է իր ջանքերը կրկնապատկի: Ես իմ տեղում, կառավարությունն` իր, համայնքն` իր տեղում, մեզնից յուրաքանչյուրը պիտի լավ աշխատի, դրա համար մենք պետք է հավատանք մեր ուժերին, ես հավատում եմ եւ հավատում եմ, որ Ավանը կարող է լինել շատ-շատ բարեկեցիկ համայնք, եւ մենք կարող ենք անցկացնել լավագույն ընտրությունները պատմության մեջ»,- նշեց ՀՀԿ ղեկավարը:

Սերժ Սարգսյանը տեղեկացրեց, որ ՀՀԿ-ն այս ընտրություններին եւս պաշտպանելու է մեծամասնական ընտրակարգով առաջադրված իր թեկնածուին` Ռուբեն Հայրապետյանին: ՀՀԿ ղեկավարը հույս հայտնեց, որ ավանցիներն իրենց ձայնը կտան հանրապետական թեկնածուին:

← Վերադառնալ ցուցակին