Լուրեր

«Հանրապետականը բոլոր ուժերին առաջարկում է միասին պայքարել հանուն Հայաստանի ապագայի». Սերժ Սարգսյան

02.05.2012

«Տարածքների համաչափ զարգացման» ծրագիրը Հայաստանի հանրապետական կուսակցության` հիմնական կենսական նշանակության լուծման ենթակա հիմնախնդիրներից է:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում մայիսի 2-ին Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Բյուրեղավանը մեր այն երիտասարդ քաղաքներից է, որոնք անկախացումից հետո անցել են լրջագույն դժվարությունների ու նեղությունների միջով, սակայն և կարողացել է հաղթահարել դրանք սեփական ջանքերով: Ցավոք, աշխատանքային հզորությունների կորստյան պատճառով այժմ այստեղ մեծ տոկոս է կազմում աղքատությունը»,- ասաց ՀՀԿ առաջնորդը` հավելելով, որ այդ հարցի լուծման համար հարկավոր է մեծ քայլերով գնալ առաջ ու խրախուսել հատկապես անհատ ձեռներեցության բարձրացումն ու աշխատատեղերի ստեղծման գործընթացները:

Կոտայքի մարզի հաջորդ` Չարենցավան քաղաք այցելության ընթացքում, Սերժ Սարգսյանը նշեց, որ Հայաստանը 21-րդ դար է մտել հաղթանակով ու վստահությամբ դեպի նոր հաղթանակները:

«Այժմ ժամանակն է կռվելու սեփական թերությունների դեմ: Իսկ հանրապետությունը շենացնելու ուղղությամբ այդ կռիվը պետք է լինի ոչ թե միմյանց միջև, այլ բոլորով միասին: Մենք խտրականություն երբեք չենք դրել ու պատրաստ ենք համագործակցության: Ես տարբերություն չեմ դնում ուժերի միջև. բոլորն էլ մերոնք են: Մենք ասում ենք` եկեք միասին աշխատենք ու պայքարենք հանուն Հայաստանի ապագայի»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:

← Վերադառնալ ցուցակին