Լուրեր

Երևանի քաղաքապետը աշխատանքային շրջայց է կատարել Կենտրոն վարչական շրջանում

02.05.2012

Շարունակվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքային շրջայցերը վարչական շրջաններ: Հերթական աշխատանքային շրջայցի ընթացքում Տարոն Մարգարյանը ծանոթացել է քաղաքապետարանի 2012թ.-ի ծրագրերով Կենտրոն վարչական շրջանում կատարվող բարեկարգման և կանաչապատման աշխատանքներին:Վարչական շրջանի պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել բակային տարածքներում և բազմաբնակարան շենքերի մուտքերում իրականացվող բարեկարգման համալիր աշխատանքների արդյունքները, ընթացքն ու նախատեսվող ծրագրերը:Շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը Կենտրոնի բնակիչների հետ միասին գնահատել է այս տարվա ծրագրով արդեն բարեկարգված ու ժամանակակից խաղահրապարակներով, զրուցարաններով և նստարաններով կահավորված նոր բակերը:Բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել Երևանի քաղաքապետին մայրաքաղաքում օրեցօր ավելացող բարեկարգ ու հարմարավետ բակերի, մայրաքաղաքի արտաքին տեսքի նկատելի դրական փոփոխությունների համար:Տարոն Մարգարյանն էլ` ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի ծրագրերն ու իր մոտեցումները, վստահեցրել է, որ քաղաքապետարանի նախաձեռնած <<Բարեկարգ Երևան>> ծրագրի շրջանակում առաջիկա տարիների ընթացքում կբարեկարգվեն երևանյան բոլոր բակերը:<<Մեր դիրքորոշումը հստակ է. Երևանը պետք է համաչափ զարգանա և, անկախ վարչական շրջանի տեղակայման դիրքից, երևանցին պետք է իրեն զգա մայրաքաղաքի լիարժեք բնակիչ: Բարեկարգ, հարմարավետ, խնամված ու խաղահրապարակներով կահավորված բակերը ևս այդ նպատակի բաղադրիչն են: Այսօր արդեն լուրջ քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ, և կարող եմ վստահեցնել, որ մի քանի տարիների ընթացքում կբարեկարգենք բոլոր բակային տարածքները>>,- նշել է Տարոն Մարգարյանը:Քաջազնունու 9 հասցեի բարեկարգված բակում խաղացող բազմաթիվ ժպտադեմ փոքրիկների աշխուժությունն արդեն ապացուցում էր, որ կառուցված նոր խաղահրապարակն այլևս սիրված ու հանգստի հարմարավետ գոտի է դարձել:Քաղաքապետին զեկուցվել է, որ վարչական շրջանում բակերի բարեկարգմանը զուգահեռ նաև բազմաբնակարան շենքերի տանիքների և շքամուտքերի նորոգման աշխատանքներ են ընթանում: Տարոն Մարգարյանը հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել իրականացվող աշխատանքների ընթացքն ու դրանք ավարտել սահմանված ժամկետներում: Քաղաքապետի հետ անմիջական շփումների ընթացքում բնակիչները Տարոն Մարգարյանին ներկայացրել են նաև իրենց հուզող խնդիրները: Բարձրացվել է մասնավորապես բակային տարածքներում ոռոգման ցանց ունենալու հարցը:<<Բակային տարածքների ոռոգման խնդիրներ կան ոչ միայն Կենտրոնում, այլ նաև մյուս վարչական շրջաններում: Այս տարի նախատեսել ենք 16 կմ ոռոգման նոր ցանց անցկացնել, և հաշվի առնելով մեր բնակիչների խնդրանքը` վերանայել ենք ոռոգման ծրագիրն ու արդեն այս տարի որոշ բակային տարածքներ ընդգրկել ենք ծրագրում: Համոզված եղեք, որ այս մոտեցումը ևս շարունակական է լինելու, և ոչ ուշ ապագայում մենք բակերում ևս կունենանք ոռոգման ցանց>>,- նշել է Տարոն Մարգարյանը:Հատկանշական է, որ Երևանի նկատմամբ սրտացավ ու հոգատար լինելու քաղաքապետի հորդորին օրըստօրե ավելի ու ավելի շատ ընկերություններ են միանում: Այս համատեքստում Կենտրոն վարչական շրջանի պատասխանատուները շրջայցի շրջանակում քաղաքապետին են ներկայացրել նաև Տերյան 62 ու Աղայան 9 և Աբովյան 19 շենքերի լիարժեք բարեկարգված բակերը:Տարոն Մարգարյանը, կարևորելով քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությունը, ընդգծել է, որ համատեղ ուժերով Երևանը բարեկարգելու և գեղեցկացնելու արդյունքում ոչ ուշ ապագայում կունենանք մեր երազած Երևանը: Ի նշան գնահատանքի, քաղաքապետը եղևնի է տնկել Աղայան 9 և Աբովյան 19 շենքերի բարեկարգված բակում:

← Վերադառնալ ցուցակին