Լուրեր

Արդյունաբերական քաղաքականությամբ պետությունը մասնավոր հատվածին տրամադրելու է օժանադակության տարբեր գործիքներ

02.05.2012

Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռամավարության նպատակն է խթանել ներդրումները' ստեղծելով նոր արդիական աշխատատեղեր: Այս մասին հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը' Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության անդամների հետ ՀՀԿ նախընտրական ծրագրի տնտեսական հատվածի շուրջ քննարկումների ժամանակ: «Համաշխարհային ֆինանսատնտեսական Ճգնաժամը ստիպեց առաջնորդվել նոր մոտեցումներով, գտնել արդյունաբերության զարգացման նոր ելքեր: Այդ առումով, արդյունաբերական նոր քաղաքականությունը մենք մշակել ենք' հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

ՀՀԿ փոխնախագահի խոսքերով' արդյունաբերական քաղաքականությամբ պետությունը մասնավոր հատվածի հետ համագործակցության արդյունքում է մշակում հստակ ծրագրեր' տարբեր ոլորտներում: «Մենք ձևավորել ենք պետություն-մասնավոր համագործակցության նոր հարթակ' արդյունաբերական խորհուրդը, և որոշումներն ընդունվում են այդ հարթակում: Դրանով իսկ ապահովում ենք մեր նոր տնտեսական քաղաքականության լեգիտիմությունը: Կարևոր է, որ պետությունն ինքնուրույն որևէ որոշում չի կայացնում, հակառակը, մասնավոր հատվածի հետ ուսումնասիրություն է իրականացնում' գնահատելով արդյունաբերության տարբեր ճյուղերի հարաբերական առավելությունները և առկա ներուժը: Այդպիսով, 11 ճյուղերում մենք տեսնում ենք արտահանման մեծ հնարավորություններ և մշակում համատեղ ծրագրեր»,- ասաց Տիգրան Սարգսյանը' տեղեկացնելով, որ դեղագործության և կոնյակագործության բնագավառներում արդեն իսկ կառավարությունը մասնավոր հատվածի հետ ստորագրել է համագործակցության հուշագրեր, որտեղ սահմանվել են կողմերի հստակ պարտավորությունները:

Այդ համատեքստում, պետության կողմից մասնավորին առաջարկվելու են օժանդակության տարբեր գործիքներ' ապրանքների վաճառքի դիստրիբյուտորական ցանցի ստեղծում, արտոնյալ վարկերի տրամադրում, սուբսիդավորում, հարկային և մաքսային արտոնություններ և այլն: «Սա արմատական և հեղափոխական փոփոխություն է մեր տնտեսական քաղաքականության մեջ»,- ասաց Տիգրան Սարգսյանը' ավելացնելով, որ պետությունը հետևելու է, որպեսզի ձեռնարկություններն իրենց ներդրումային ծրագրերն իրականացնելիս չհանդիպեն որևէ խոչընդոտի:

← Վերադառնալ ցուցակին