Լուրեր

Տեղի է ունեցել ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը

30.05.2012

Շարունակվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադ որտեղ մայիսի 30-ին տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը:
Օրակարգում ընդգրկված են մոտ երկու տասնյակ հարցեր, որոնք հիմնականում վերաբերում են ԱՊՀ անդամ երկրների ֆինանսական շուկաների ծառայությունների ազատականացման հայեցակարգին, ԱՊՀ-ում հիդրոմետ ծառայությունների գործունեության ռազմավարության զարգացման ծրագրին, ինտեգրված տարադրամի շուկայի կազմակերպությունների ոլորտում համաձայնագրի և համագործակցության վերաբերյալ նախագծին, տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնությանը, բուսականության կարանտինի համակարգման խորհրդի ստեղծման մասին համաձայնագրին, զբոսաշրջության խորհրդի համաձայնագրին, զինված ուժերի ինժեներական ապահովման ոլորտում համագործակցության համաձայնագրին, էներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության մասին:
Նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումներից և նախատեսված փաստաթղթերի ստորագրումից հետո ԱՊՀ անդամ-երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:
Այսօր երեկոյան վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երևան:

← Վերադառնալ ցուցակին