Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջայց է կատարել Արաբկիր վարչական շրջանում

03.07.2012

Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է նոր, հարմարվետ ու խաղային ատրակցիոններով կահավորված մի քանի բակեր:Գրիբոյեդովի 11 շենքի բակը, որը տասնյակ տարիներ մնացել էր անխնամ, այսօր այլևս համալրել է մայրաքաղաքի հարյուրավոր բարեկարգ բակերի շարքը:Դեռ ապրիլյան շրջայցի շրջանակում քաղաքապետը հետևել էր նաև այս բակի բարեկարգման աշխատանքների ընթացքին ու դեռ այն ժամանակ խոստացել էր բնակիչներին անձամբ մասնակցել բակի հանդիսավոր բացմանը:Գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով, մանուկների համար խաղահրապարակներով կահավորված հանգստի հարմարվետ այս գոտին, բնակիչների հավաստմամբ, իսկապես սպասված ու ցանկալի նվեր էր, որի համար նրանք իրենց խորին երախտագիտությունն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Քաղաքապետն էլ իր հերթին, շնորհավորելով բնակիչներին, հորդորել է խնամքով վերաբերվել ու պահպանել բակը` հավելելով, որ բակերի բարեկարգման քաղաքային ծրագիրը լինելու է շարունակական:<<Քաղաքապետարանն ամենօրյա աշխատանք է տանում բակերի բարեկարգման ուղղությամբ, որպեսզի օր առաջ դրանք հանձնի մեր բնակիչների տնօրինմանը: Բոլորս էլ գիտակցում ենք, որ սա ոչ մեկ օրվա և ոչ էլ մեկ տարվա աշխատանք է, բայց կարևորը դրա մեկնարկը տալն էր, ինչը արել ենք ու շարունակելու ենք մինչև մայրաքաղաքի բոլոր բակերը բարեկարգենք ու հանձնենք մեր բնակիչներին: Բացի այդ, այսօր նաև չեղյալ ենք համարում քաղաքաշինական փաստաթղթերը, որոնք ժամանակին տրվել էին բակային տարածքներում կառուցապատում իրականացնելու նպատակով: Մեր դիրքորոշումն այս հարցում հստակ է. բակերը բացառապես պետք է ծառայեն բնակիչներին: Մեկ անգամ ևս վստահեցնում եմ, որ բակերի հաշվին որևէ կառուցապատում չի իրականացվի, և բակերը կծառայեն բացառապես մեր երեխաներին և բնակիչներին>>,- շեշտել է Տարոն Մարգարյանը:Շրջայցի շրջանակում քաղաքապետն այցելել է նաև Կոմիտասի 7, 9 և Ավետիսյան 67 շենքերի բակերում կառուցված նոր խաղահրապարակներ ու, բնակիչների հետ միասին գնահատելով կատարված աշխատանքը, հանդիսավորությամբ բացել է նորաստեղծ հանգստի այդ գոտիները:Այս բակերում ևս բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել Երևանի քաղաքապետին մայրաքաղաքում օրեցօր ավելացող բարեկարգ ու հարմարավետ բակերի համար: Բարեկարգման ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոխվել են եզրաքարերը, սալապատվել են ճեմուղիները, տեղադրվել են նստարաններ, զրուցարաններ, փոքրիկների համար հարմարավետ ժամանակակից խաղային ատրակցիոններ ու մարզական սարքեր:Հատկանշական է, որ Արաբկիր վարչական շրջանում շահագործման հանձնված այս բակերը ևս կառուցվել են նախկինում ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքների տեղերում:Նորակառույց բակային տարածքներում, որպես պարտադիր պայման, առանձնակի ուշադրություն է դարձվել նաև կանաչ գոտիների ստեղծմանը, ինչի համար տարածքներն ապահովվել են նաև ոռոգման նոր համակարգով:Երևանի զարգացման այս տարվա ծրագրերի շրջանակում դեռ տարեսկզբից մայրաքաղաքում լայն թափով մեկնարկեցին նաև շատրվանների վերականգնման աշխատանքները: Ծրագրի շրջանակում բարեկարգվել է նաև Կոմիտաս-Փափազյան խաչմերուկին հարակից հատվածում տեղադրված շատրվանը:Շրջայցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը գնահատել է նաև այդ շատրվանի գործարկման ուղղությամբ տարված աշխատանքը:Շատրվանին հարակից շենքերի տարեց բնակիչների այդ վայրում փոքրիկ զրուցարան ունենալու խնդրանքին ի պատասխան քաղաքապետը վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է հնարավորին սեղմ ժամկետում ապահովել զրուցարանի տեղադրումը, որտեղ էլ բնակիչները կկազմակերպեն իրենց ամենօրյա հանգիստը:Շրջայցից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ: Գոհունակություն հայտնելով վարչական շրջանի աշխատակազմին կատարած ու իրականացվող լայնածավալ աշխատանքների համար` քաղաքապետն այդուամենայնիվ հորդորել է չբավարարվել գրանցած արդյունքներով ու շարունակել աշխատել նույն ոգով` նպատակ ունենալով օր առաջ լուծել ծառացած բոլոր խնդիրները:<<Ձեր աշխատանքը իսկապես գնահատելի է: Հատկապես հաշվի առնելով այն կարճ ժամանակահատվածը, որ հաջորդել է մեր նախորդ հանդիպմանը, իրոք մեծ ծավալի աշխատանք եք կատարել: Սա հենց այն թիմային ոգին է, որը մշտապես խրախուսվել և խրախուսվելու է իմ կողմից>>, - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
 

← Վերադառնալ ցուցակին