Լուրեր

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներն ամփոփեցին վեհաժողովի 21-րդ նստաշրջանի արդյունքները

12.07.2012

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը եւ պատվիրակության անդամ Արտակ Դավթյանը հուլիսի 12-ին կայացած մամուլի ասուլիսում ամփոփեցին հուլիսի 5-9-ը Մոնակոյում տեղի ունեցած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 21-րդ նստաշրջանի արդյունքները: Տեղեկացվեց, որ նստաշրջանի ավարտին ընդունվել է Մոնակոյի հռչակագիրը:

Հայկական պատվիրակության ղեկավարը նշեց, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի եւ հիմնական զեկուցող լիտվացի պատվիրակ Վիլյա Աբրամիկիենեի ելույթները վերաբերել են ԵԱՀԿ տարածքի 56 անդամ երկրների ներքաղաքական եւ արտաքին քաղաքական զարգացումներին: Մեկ պարբերության մեջ հիշատակվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին:

Արտաշես Գեղամյանը հուլիսի 9-ի լիագումար նիստի ժամանակ պատվիրակության անունից իր ելույթում մասնավորապես արձանագրել է, որ երկու օր առաջ ադրբեջանական դիպուկահարի արձակած փամփուշտից զոհվել է հայ զինծառայող, իսկ այդ փաստը Ադրբեջանը փորձում է աղավաղել:

Հայկական պատվիրակության ղեկավարը ելույթ է ունեցել նաեւ քաղաքական եւ տնտեսական հանձնաժողովներում, խոսել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի մասին, հանդես եկել առաջարկությամբ եւ հարցադրումներով: Առաջարկության մեջ ասվել է, որ ճիշտ կլիներ` ԵԱՀԿ ԽՎ-ն միջազգային փորձագետներ հրավիրեր, որոնք կհուշեին 56 անդամ երկրների պատվիրակներին` ինչ առաջնային միջոցառումներ կազմակերպել` կանխելու համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի հետեւանքները: Ըստ Արտաշես Գեղամյանի` իր առաջարկն ընդունել եւ պաշտպանել է տնտեսական կոմիտեի հիմնական զեկուցող, բրիտանացի խորհրդարանական Լորդ Թոնի Լոյդը:

Նա տեղեկացրեց, որ Բելգիայի պատվիրակության ղեկավար Խավիեր Դե Դոնեան իր զեկույցում անդրադարձել է ՀՀ ԱԺ ընտրություններին` գնահատելով դրանք զգալի առաջընթաց նախորդ ընտրությունների համեմատ:

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արտակ Դավթյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց տնտեսական հանձնաժողովի հիմնական զեկուցող Լորդ Թոնի Լոյդի ելույթին, որտեղ առաջարկվել է կրթության միջոցով հաղթահարել ոչ միայն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները, այլեւ ապահովել որոշակի զարգացումներ, որի արդյունքում ԵԱՀԿ տարածքում ցածրորակ որակավորում ունեցող աշխատողների պահանջարկը 2020 թվականին 2010 թ.-ի համեմատությամբ կնվազի, իսկ բարձրորակինը կմեծանա:

Ասուլիսի մասնակիցները պատասխանեցին նաեւ լրագրողների հարցերին:

← Վերադառնալ ցուցակին