Լուրեր

Երևանը պետք է պահպանի իր քաղաքաշինական ու ճարտարապետական դիմագիծը

23.07.2012

 <<Երևանը պետք է պահպանի իր քաղաքաշինական ու ճարտարապետական դիմագիծը: Սա նաև բոլոր երևանցիների ցանկությունն է: Ամենօրյա հսկողություն սահմանել ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ուղղությամբ, բացառել որևէ անօրինականություն: Բոլոր ապօրինի կառույցները հայտնաբերվելու են, արձանագրվելու և քանդվելու են>>,- շեշտել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Մայրաքաղաքում լայն թափով շարունակվում են քաղաքապետարանի 2012թ.-ի ծրագրով նախատեսված ասֆալտապատման աշխատանքները: Շինբարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ է նաև կապալառուների կողմից սեփական միջոցներով 2011թ.-ին անորակ և թերի կատարած ասֆալտբետոնե ծածկույթի թերությունների վերացման գործընթացը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա անմիջական հսկողության տակ պահել կատարվող աշխատանքների ընթացքը և որակը:Մշտական հսկողության պահանջ է դրվել նաև մայրաքաղաքի փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի վերականգնման աշխատանքների ավարտից հետո համապատասխան կազմակերպությունների կողմից ներքին կոմունիկացիոն աշխատանքների իրականացման նպատակով քանդման թույլտվությունները բացառելու մասով. <<Խախտումներ թույլ տվող և համայնքային գույքը վնասող կազմակերպությունների նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված պատժամիջոցներ>>,- ընդգծել է քաղաքապետը: Հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ շարունակվում է իրականացվել ամենօրյա հսկողություն: Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ սանիտարական ոչ պատշաճ վիճակի պատճառով երթուղիներից դուրս է բերվել 12 մեքենա: Զեկուցվել է նաև, որ ընթացքի մեջ է Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Հասարակական տրանսպորտի կանգառներում էլեկտրոնային չվացուցակների համակարգերի տեղադրման հետ կապված` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է փորձարկել պիլոտային ծրագիրը, որպեսզի արդեն աշնանը երթուղային նոր ցանցի շահագործմանը զուգահեռ գործարկվի ամբողջական համակարգը: Մայրաքաղաքի տարածքում վերանորոգման ենթակա շատրվանների վերագործարկման աշխատանքների մասով զեկուցվել է, որ ավարտվել են Գլխավոր պողոտայի տարածքում գտնվող շատրվանների վերագործարկման, ինչպես նաև հարակից տարածքի բարեկարգման ուղղությամբ տարվող աշխատանքները:Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են մայրաքաղաքի կենտրոնական փողոցների, այգիների ու պուրակների ցայտաղբյուրների վերանորոգման ու վերագործարկման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է ծրագրում ներառել նաև բակային տարածքներում գտնվող ցայտաղբյուրները:Անդրադառնալով վարչական շրջաններ-համատիրություն համատեղ ծրագրով իրականացվող բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքների ընթացքին` կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ արդեն վերանորոգվել է 776 շքամուտք: Զեկուցվել է նաև, որ աշխատանքների որակի ապահովման նպատակով կատարվում են ստուգայցեր և հայտնաբերված թերությունները տեղում վերացվում են:Զեկուցվել է, որ արդեն ավարտվել է մայրաքաղաքի շենքերի ճակատային հատվածների մաքրման և ներկման 2012թ.-ի ծրագիրը: Քաղաքապետը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ` դիտարկելու կատարած աշխատանքների որակը:Հանձնարարվել է մաքրել բազմաբնակարան շենքերի պատերին և հասարակական նշանակություն ունեցող այլ վայրերում փակցված հայտարարություններն ու պաստառները և առաջարկություն ներկայացնել սահմանազատված վայրերում հայտարարությունների համար համապատասխան ցուցատախտակներ տեղադրելու վերաբերյալ: Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ներկվել ու պատշաճ տեսքի են բերվել մայրաքաղաքի վերգետնյա անցումները, զուգահեռաբար շարունակվում են նաև վերգետնյա 7 նոր անցումների կառուցման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է համապատասխան միջոցներ ձեռնարկել նախորդ տարիներին կառուցված վերգետնյա անցումների սալահատակների ասֆալտապատման ուղղությամբ` անձրևների և հալոցքների ժամանակ ավելորդ անհարմարություններից խուսափելու նպատակով: Բնապահպանության վարչության պետին հանձնարարվել է հնարավորին կարճ ժամկետում ավարտել ծառերի բուժման գործընթացը: Երևանի գիշերային լուսավորության շրջանակում գեղարվեստական լուսավորությամբ կձևավորվեն նաև կենտրոնական մի շարք փողոցների ծառերը: Հանձնարարվել է գույքագրել Երևանի քաղաքապետարանի ենթակայության <<Շտապբուժօգնություն>> ՓԲԸ-ի շարժակազմը:<<Էրեբունի-Երևան>> տոնակատարությունը մեծ շուքով նշելու նպատակով հանձնարարվել է ստեղծել աշխատանքային խումբ:

← Վերադառնալ ցուցակին