Լուրեր

Այս տարի մայրաքաղաքի բոլոր դպրոցներն ապահովված կլինեն ջեռուցման համակարգերով

27.08.2012

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ մինչև հերթական ջեռուցման սեզոնի մեկնարկը ջեռուցման համակարգերով կապահովվեն մայրաքաղաքի դեռևս չջեռուցվող բոլոր դպրոցները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ համապատասխան կառույցների պատասխանատուներին հանձնարարել է մինչև նոյեմբերի 15-ը ավարտել քաղաքապետարանի ենթակայության 17 և ԿԳՆ ենթակայության 9 չջեռուցվող դպրոցների ջեռուցման համակարգերի անցկացումն ու դրանց լիարժեք գործարկումը:
<<2011 թվականին մենք կարողացանք ամբողջությամբ ավարտել մանկապարտեզների ջեռուցման աշխատանքներն ու ապահովել մանուկների համար պատշաճ տաք ու հարմարավետ պայմաններ: Երևանի համար սա համարում եմ մեծ ու կարևոր ձեռքբերում: Մինչև ջեռուցման սեզոնի մեկնարկը պետք է ավարտին հասցնենք նաև չջեռուցվող դպրոցների ջեռուցմամբ ապահովելու հարցը, որպեսզի մեր երեխաները կարողանան հանգիստ դպրոց հաճախել և կրթություն ստանալ>>,-նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ հետագա ծրագրերում կընդգրվեն նաև չջեռուցվող մշակութային օջախները, գրադարաններն ու մարզադպրոցները:Քաղաքապետին զեկուցվել է, որ սեպտեմբերի 1-ին ընդառաջ հանրակրթական դպրոցներն ու դրանց հարակից տարածքները հիմնականում պատշաճ տեսքի են բերվել և պատրաստ են նոր ուսումնական տարվա մեկնարկին: Տարոն Մարգարյանը հանձնարարել է համապատասխան քայլեր ձեռնարկել 2012 թվականի ծրագրերի շրջանակում նոր կառուցվող վերգետնյա հետիոտն անցումները մինչև սեպտեմբեր 1-ը բնակիչներին հանձնելու ուղղությամբ: Քաղաքապետը հատկապես կաևորել է ուսումնական հաստատությունների մոտակայքում կառուցվող անցումների շահագործման հանձնումը` հանձնարարելով խստորեն վերահսկել հատկապես այդ աշխատանքների սահմանված ժամկետում կատարումը:
Մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանման և ընդլայնման շրջանակում Տարոն Մարգարյանը հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել, մասնավորապես, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից, ինչպես նաև Նորքի, Դալմայի այգիների և անտառաշերտով պատված այլ տարածքների ոռոգման ցանցերի գործարկման և ոռոգման աշխատանքների կազմակերպման ուղղությամբ:<<Մայրաքաղաքում առկա առանց այդ էլ սակավ անտառաշերտերը, անկախ նրանից, թե ում ենթակայության ներքո են գտնվում, Երևանի տարածքում են, և մենք պետք է համապատասխան քայլեր ձեռնարկենք այն պահպանելու ուղղությամբ: Նշված տարածքների ոռոգումը մշտապես պետք է լինի համապատասխան կառույցների, այդ թվում նաև վարչական շրջանների ղեկավարների անմիջական հսկողության տակ: Եթե անգամ վերոնշյալ տարածքները քաղաքապետարանի ենթակայության տիրույթում չեն, միևնույն է, մենք չենք կարող թույլ տալ, որ դրանք մնան անխնամ ու ժամանակի հետ կանգնենք դրանք կորցնելու վտանգի առաջ>>,-նշել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել սերտորեն աշխատել տվյալ տարածքների պատասխանատուների հետ:Քաղաքապետը հանձնարարել է նաև կազմակերպել Հրազդանի կիրճի տարածքի սանիտարական մաքրման աշխատանքները և մշտական հսկողություն սահմանել պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է հանգստյան օրերին կազմակերպվող շաբաթյակների աշխատանքներում ներգրավել քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցներին, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտներին ու հետևել աշխատանքների պատշաճ կատարմանը: Համապատասխան կառույցներին հանձնարարվել է կազմակերպել փողոցների հեղեղատարների մաքրման աշխատանքները:Շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական ավտոտրասպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ: Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ արտաքին և ներքին սանիտարական ոչ պատշաճ վիճակի համար նախորդ շաբաթվա ընթացքում երթուղիներից ժամանակավորապես դուրս է բերվել թվով 10 մեքենա, ձեռնարկվել են նաև համապատասխան միջոցներ չթույլատրված վայրերում, մասնավորապես, հասարակական տրանսպորտի կանգառներում և կամարանցումներում ավտոմեքենաների կայանումը բացառելու ուղղությամբ: Զեկուցվել է նաև, որ ընթացքի մեջ է Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը:
Ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման գործընթացի հետ կապված քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 18 արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել այդ ուղղությամբ խիստ հսկողությունը` հնարավոր դեպքերը բացառելու համար:
Քաղաքապետին զեկուցվել է, որ շարունակվում են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի պատերին և հենասյուներին անհայտ անձանց և կազմակերպութունների կողմից փակցված հայատարարությունների մաքրման աշխատանքները: Բացի այդ, այս շաբաթ կմեկնարկեն հայտարարությունների համար նախատեսված ցուցատախտակների առաջին խմբաքանակի տեղադրման աշխատանքները:Անդրադառնալով մայրաքաղաքում առկա արձանների մինչև լուսաբաց լուսավորությամբ ապահովելու քաղաքապետի հանձնարարականին`<<Երքաղլույս>> ՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ գույքագրված 63 արձանների լուսավորության ժամերը երկարացվել են, և այժմ արձանները լուսավորված են մինչև լուսաբաց: Զեկուցվել է նաև, որ աշխատանքներ են տարվում հնարավորին սեղմ ժամկետում Վարդան Մամիկոնյանի արձանի գեղարվեստական լուսավորման աշխատանքները ևս ավարտելու ուղղությամբ:
<<Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն>> ՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ ամբողջությամբ ավարտվել են մետրոպոլիտենի տարածքում WiFi համակարգի տեղադրման աշխատանքները, իսկ մայրաքաղաքի այգիներում և պուրակներում էլ շարունակվում են համանման համակարգերով ապահովելու աշխատանքները:

← Վերադառնալ ցուցակին