Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պատվիրակությունը մասնակցեց ԼՂՀ անկախության հռչակման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին

02.09.2012

Սեպտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Ստեփանակերտում մասնակցեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

Պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Ռուբիկ Հակոբյանը, Վարդան Այվազյանը, Արտակ Զաքարյանը, Կորյուն Նահապետյանը, Էլինար Վարդանյանը, Մարգարիտ Եսայանը, Նաիրա Կարապետյանը, Արթուր Գեւորգյանը, Միքայել Մելքումյանը, Վահան Հովհաննիսյանը, Հովհաննես Մարգարյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Առավոտյան ՀՀ պատվիրակությունը ԼՂՀ քաղաքական եւ զինվորական բարձրագույն ղեկավարության հետ միասին Արցախի մայրաքաղաքի Վերածննդի հրապարակից քայլերթով ուղեւորվեցին դեպի Ստեփանակերտի հուշահալիր, որտեղ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին Արցախի ազատության ու անկախության համար զոհվածների հուշակոթողին եւ ազատամարտիկների շիրիմներին:

ՀՀ պատվիրակությունը մասնակցեց կազամկերպված տոնական միջոցառումներին, այցելեց Շուշի: Քաղաքի մատույցների մոտ գտնվող հուշակոթողին պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին ու հարգանքի տուրք մատուցեցին հերոս ազատամարտիկների հիշատակին, ապա ծաղիկներ դրեցին Վազգեն Սարգսյանի հուշարձանին, այցելեցին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար:

Լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մեկ անգամ եւս շնորհավորեց արցախցիներին եւ ողջ հայ ժողովրդին ԼՂՀ անակխության հռչակման տարեդարձի կապակցությամբ:

ՀՀ պատվիրակությունը Երեւան կվերադառնա այսօր երեկոյան:

← Վերադառնալ ցուցակին