Լուրեր

Հանձնարարվել է մանրակրկիտ ուսումնասիրել սոցիալական ծառայություններ ներկայացված բոլոր դիմումները

03.09.2012

<<Սոցիալական ծառայություններ դիմող մեր բնակիչների կողմից ներկայացված որևէ դիմում անպատասխան չպետք է մնա: Սա հստակ պահանջ է, որով պետք է առաջնորդվեն բոլոր սոցիալական ծառայությունները>>,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ` ոլորտի պատասխանատուներին հանձնարարելով այս հարցում լինել խիստ հետևողական: Սոցիալական ծառայություններում լիարժեք ու կանոնակարգված աշխատանք ապահովելու նպատակով քաղաքապետը հորդորել է մանրակրկիտ ուսումնասիրել ներկայացված բոլոր դիմումները:
Անդրադառնալով բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման աշխատանքներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր գոհունակությունն է հայտնել վարչական շրջանների ղեկավարների և վարչության համատեղ աշխատանքի արդյունքներից, շեշտելով, որ իրավիճակն այսօր մայրաքաղաքում արմատապես փոխվել է: Քաղաքապետը հանձնարարել է լինել հետևողական և շարունակել այս ուղղությամբ ամենօրյա հսկողությունը:Մայրաքաղաքում կառուցապատում իրականացնող ընկերությունները պարտավոր են պահպանել անհրաժեշտ նորմերն ու շինհրապարակներից դուրս եկող բեռնատար մեքենաների պահանջվող մաքրության ապահովումը: Քաղաքապետը հանձնարարել է խստորեն հետևել շինհրապարակների կազմակերպման համար սահմանված չափորոշիչների պահպանման պարտավորության ապահովմանը:
Սեպտեմբերից դպրոցներում և բուհերում դասերի վերսկսման հետ կապված մայրաքաղաքում կանոնակարգված երթևեկություն ապահովելու նպատակով, հանձնարարվել է շարունակել ամենօրյա հսկողությունը հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի ուղղությամբ և կանգառներում բացառել կուտակումները<<Ինչպես քաղաքապետարանի ենթակայության տրանսպորտային ձեռնարկությունների, այնպես էլ մասնավոր ընկերությունների կողմից իրականացվող ուղևորափոխադրումների նկատմամբ սահմանեք խիստ վերահսկողություն: Հատուկ ուշադրություն դարձրեք երթուղի դուրս բերվող մեքենաքանակին և խստորեն վերահսկեք, որ հատկապես առավոտյան և երեկոյան առավել ծանրաբեռնված ժամերին դրանք աշխատեն սահմանված ժամանակացույցի համաձայն, առանց ուշացումների>>, - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետի կողմից խիստ և հետևողական վերահսկողության պահանջ է դրվել նաև մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպման և որակի ապահովման ուղղությամբ մշտական հսկողություն սահմանելու նպատակով:
Զեկուցվել է, որ բազմաբնակարան շենքերի պատերին, հենասյուներին և հասարակական նշանակություն ունեցող այլ վայրերում հայտարարությունների և բազմաթիվ այլ պաստառների զետեղումը բացառելու նպատակով, քաղաքապետի հանձնարարությամբ, մայրաքաղաքի որոշակի հատվածներում արդեն տեղադրվել է հայտարարությունների համար նախատեսված հատուկ ցուցատախտակների առաջին խմբաքանակը:Մայրաքաղաքի շինբարեկարգման գծով տարեկան ծրագրերի շրջանակում զեկուցվել է, որ ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ` ընթացքի մեջ է նաև մայրաքաղաքի փողոցների մաշված բետոնային և բազալտե եզրաքարերը նորերով փոխարինելու գործընթացը:
Անդրադառնալով քաղաքապետարան - վարչական շրջան - համատիրություն համատեղ ծրագրով իրականացվող բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքների ընթացքին` զեկուցվել է, որ նախատեսված 1083 շքամուտքերից արդեն վերանորոգվել են 986-ը: Կատարած աշխատանքների որակը վերահսկելու նպատակով պարբերաբար կատարվում են ստուգայցեր, և հայտնաբերված թերությունները տեղում վերացվում են:
Խորհրդակցության ընթացքում համապատասխան կառույցներին հանձնարարվել է նաև ուժեղացնել բազմաբնակարան շենքերի շքամուտքերում կրծողների դեմ պայքարը:
 

← Վերադառնալ ցուցակին