Լուրեր

ԱԺ մշտական հանձնաժողովները քննարկում են 2011 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը

28.09.2012

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության, մանկության հարցերի ու ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արա Բաբլոյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվեցին 2011 թվականին առողջապահության նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ- գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց բյուջետային հատկացումների ընդհանուր պատկերը, իսկ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը` ծախսերի ուղղվածությունը:

Առողջապահության նախարարությունը հաշվետու տարում իրականացրել է 62 ծրագիր, կառավարության պահուստային ֆոնդից եւս հատկացվել են միջոցներ: Առողջապահության նախարարության ընդհանուր ծախսերը կազմել են 66 մլրդ 640 մլն դրամ, իսկ կատարողականը` 95,64 %: Հիմնական ծրագրերը, որոնց համար կատարվել են վճարումներ, ներառված են եղել «առողջապահություն բյուջետային» դասակարգման մեջ:

Դեղագործական ապրանքների ձեռքբերմանն ուղղվել է 4,1 մլրդ դրամ` ապահովելով ծրագրի 96,5% կատարողական, արտահիվանդանոցային ծառայությունների ձեռքբերմանը տրամադրվել է ավելի քան 23 մլրդ դրամ` ապահովելով ծրագրի 97,6% կատարողական, հիվանդանոցային ծառայությունների ձեռքբերման ծախսերը կազմել են 27 մլրդ դրամ` ապահովելով 99% կատարողական: Լաբորատոր - գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ծախսերը կազմել են 2,8 մլրդ դրամ` ապահովելով ծրագրի 97,3% կատարողական:

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի խոսքով` նախարարության ամբողջ բյուջեի ծախսերի 35%-ը ուղղվել է արտահիվանդանոցային ծրագրերի իրականացմանը, առողջության առաջնային պահպանման ծախսերը կազմել են 36,5%-ը, մասնագիտացված բժշկական օգնության ծառայության միջոցները` 24,8%-ը: Մայրության եւ մանկության ծառայության ծախսերը կազմել են կեսից ավելին:

Նույն օրը ԱԺ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հակոբ Հակոբյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվեցին 2011 թվականին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց բյուջետային հատկացումների ընդհանուր պատկերը, իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը այն հիմնական աշխատանքները, որ իրականացրել է նախարարությունը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւ վերջինիս համակարգում գտնվող սոցիալական ապահովության պետական ծառայություները հաշվետու տարում իրականացրել են 98 ծրագրեր, կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել են լրացուցիչ միջոցներ: Հաշվետու տարում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվել է 59 մլրդ դրամ: Կատարողականը 86,8% է: Մեծ տեսակարար կշիռ ունի նախարարության բյուջետային դասակարգման «սոցիալական պաշտպանություն» բաժնով նախատեսված եւ իրականացված ծրագրերի չափը` 58,6 մլրդ դրամ:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերը: 2011-ին նախարարության համար գերակա ուղղություններ են եղել կենսաթոշակային բարեփոխումները, ինտեգրացված սոցիալական ծառայությունների ներդրումը եւ երեխաների իրավունքների պաշտպանությունը:

Նախարարի տեղեկացմամբ` բոլոր ծրագրերի կատարողականը գրեթե 100% է:  

← Վերադառնալ ցուցակին