Լուրեր

Երևանի քաղաքապետը հյուրընկալել է Համայն եզդիների հոգևոր առաջնորդի գլխավորած պատվիրակությանը

03.10.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Համայն եզդիների հոգևոր առաջնորդ, Նորին սուրբ մեծություն Միրե-Միրա Թախսին Բեգի գլխավորած պատվիրակությանը, որը Երևան է ժամանել ՀՀ Արմավիր մարզի Ակնալիճ գյուղում տեղի ունեցած <<Եզդիների սրբատեղի>> տաճարի բացման արարողությանը մասնակցելու առիթով:Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է հյուրերին՝ սրբատեղի-տաճարի բացման կապակցությամբ: <<Վստահ եմ, որ սրբատեղին կդառնա հայաստանաբնակ եզդիական համայնքի հավաքատեղիներից մեկը։ Եզդիների համայնքը առանձնահատուկ դեր ունի Երևանի հասարակական կյանքում: Երևանի քաղաքապետարանը կարևորում է ազգային փոքրամասնությունների դերն ու նշանակությունը մեր մեծ համայնքում և պատրաստ է իր լիազորությունների շրջանակներում համագործակցել ու աջակցել նրանց։ Եզդիների համայնքը, ինչպես նաև երևանաբնակ բոլոր ազգային փոքրամասնությունները, Երևանի տարբեր մշակութային կենտրոններում միջոցառումներ իրականացնելու հնարավորություն ունի, այդուհանդերձ, բոլորովին վերջերս մենք առաջարկել ենք եզդիական համայնքին Երևանում մշակութային կենտրոն ունենալ>>,- հյուրերին ներկայացրել է քաղաքապետը:Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Համայն եզդիների հոգևոր առաջնորդ, Նորին սուրբ մեծություն Միրե-Միրա Թախսին Բեգը հիշատակել է հայերի և եզդիների պատմական անցյալում ձևավորված բարեկամությունը և համոզմունք հայտնել, որ այն շարունակվելու ու առավել սերտանալու հիմքեր ունի, ինչի ապացույցը նաև Հայաստանում տեսած ջերմ հյուրընկալությունն է:
Երևանաբնակ եզդիների համայնքի ներկայացուցիչները հյուրերին ներկայացրել են Երևանում եզդիների կեցության և գործունեության պայմանները և գոհունակություն հայտնել քաղաքապետարանի կողմից ցուցաբերված աջակցության և մշտական ուշադրության համար:

← Վերադառնալ ցուցակին