Լուրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սոպոտի քաղաքապետի հետ

03.10.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լեհաստանի Սոպոտ քաղաքի քաղաքապետ Յացեկ Կորնովսկիի գլխավորած պաշտոնական պատվիրակության հետ: Ողջունելով գործընկերոջը` Տարոն Մարգարյանը, համառոտ ներկայացնելով Երևան քաղաքի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները, առանձնացրել է նաև քաղաքի մշակութային հարուստ պատմությունն ու մայրաքաղաքի մշակութային կյանքի աշխուժացմանն ու հարստացմանն ուղղված քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունը:<<Կարծում եմ` Երևանը և Սոպոտը համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկար ունեն ինչպես մշակույթի և սպորտի բնագավառներում, այնպես էլ կառավարման հարցում փորձի փոխանակման առումով>>,- նշել է Տարոն Մարգարյանը` կարևորելով նաև հոկտեմբերի 4-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում լեհ նկարիչ Ռիշարդ Ստրիեցի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսի կազմակերպումը. <<Ցուցահանդեսը կրում է ճանաչողական բնույթ և հնարավորություն կստեղծի առավել մոտիկից ծանոթանալու լեհական մշակույթին: Վստահ եմ, որ մեր համագործակցության արդյունքում Լեհաստանում, հատկապես Սոպոտ քաղաքում ևս կանցկացվեն նմանատիպ միջոցառումներ, և կներկայացվի հայկական հարուստ մշակույթը: Սա նաև հրաշալի առիթ է մշակութային երկխոսության տեսանկյունից>>,- նշել է Երևանի քաղաքապետը:Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար`Սոպոտի քաղաքապետ Յացեկ Կորնովսկին համոզմունք է հայտնել, որ առաջիկայում Երևանի և Սոպոտի միջև հարաբերություններն ավելի սերտ ու գործնական կդառնան. <<Սոպոտը ևս ապրում է մշակութային հարուստ կյանքով, և ես համոզված եմ, որ երկու քաղաքներն իսկապես ունեն մեծ ներուժ համատեղ ծրագրերի իրականացման հարցում>>,- նշել է Յացեկ Կորնովսկին և երկու քաղաքների միջև հարաբերությունների սերտացման հարցերն առավել հանգամանալի քննարկելու համար, օգտվելով առիթից, Տարոն Մարգարյանին հրավիրել է պաշտոնական այցով հյուրընկալվել Սոպոտում:
Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է փոխշահավետ համագործակցություն ծավալելու Սոպոտ քաղաքի հետ և իր լիազորությունների շրջանակում օժանդակելու փորձի փոխանակման, ենթակառուցվածքների բարելավման, կառավարման, այդ թվում նաև Երևանում ներդրումային ծրագրերի իրականացման հարցում:

← Վերադառնալ ցուցակին