Լուրեր

Ներկայացվել է հասարակական տրանսպորտի ոլորտում բարեփոխումների ընթացքը

04.10.2012

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ոլորտում բարեփոխումներին ուղղված ծրագրերի ընթացքը:
Նշվել է, որ շարունակվում են Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների սպասարկման համար մրցույթները: Միկրոավտոբուսային երթուղիների սպասարկման համար հայտարարված մրցույթները հիմնականում ավարտվել են: Կայացած թվով 21 մրցույթում ընդգրկված է եղել 76 միկրոավտոբուսային երթուղի, որոնցից 62-ում հաղթողներ են ճանաչվել, իսկ 14 երթուղիների մասով կանցկացվեն լրացուցիչ մրցույթներ:Սահմանված ժամանակացույցի համաձայն` հոկտեմբերի 4-ից մեկնարկել են ավտոբուսային երթուղիների հիմնական մրցույթները: Մինչ այժմ անցկացված 18 երթուղիների մրցույթներում հաղթել են 12-ը, իսկ մնացած երթուղիների վերաբերյալ նախատեսվում է անցկացնել լրացուցիչ մրցույթներ։
Անդրադառնալով միկրոավտոբուսների թվի կրճատմանը՝ Հենրիկ Նավասարդյանը նշել է, որ սպասարկման որակի բարելավման տեսանկյունից կայացած մրցույթների արդյունքներով երթուղիներից հանվել է շուրջ 330 տեխնիկական պայմաններին չհամապատասխանող, հնամաշ միկրոավտոբուս: Տրանսպորտի վարչության պետը տեղեկացրել է նաև, որ հաստատված երթուղային նոր ցանցով նախատեսված ուղևորափոխադրման աշխատանքներն ավելի ընդգրկուն դարձնելու նպատակով որոշ միկրոավտոբուսային երթուղիներ փոխարինվել են ավտոբուսայինով։ Զուհագեռաբար վերականգնվել են նաև նախկինում գործող ավտոբուսային որոշ երթուղիներ:<<Երթուղային ցանցի ամբողջացումն ու հասարակական տրանսպորտի ոլորտում կառատարվող փոփոխությունները գտնվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ամենօրյա խիստ հսկողության ներքո: Մեզ համար առաջնային խնդիր է բնակիչների համար պատշաճ սպասարկումն ապահովելը, ինչի նպատակով ձեռնարկվում են համապատասխան միջոցառումները, այդ թվում միկրոավտոբուսային երթուղիների թվաքանակի նվազեցումն ու ավտոբուսների թվի ավելացումը>>,- նշել է տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը` հավելելով, որ տրանսպորտի ոլորտի վերջնական կարգավորման համար հստակ ժամկետներ սահմանել հնարավոր չէ:Միևնույն ժամանակ, տրանսպորտի վաչության պետն ընդգծել է, որ գործընթացը շարունակական է և հաջորդ շաբաթ ևս 3 երթուղիներ սպասարկման դուրս կգան ավտոբուսային նոր շարժակազմերով:
Նշվել է, որ զուգահեռաբար փոխադրող ընկերությունների կողմից առաջիկայում կներկրվի շուրջ 160 ավտոբուս: Տրանսպորտի վարչության պետը ևս մեկ անգամ տեղեկացրել է համապատասխան կարգ ունեցող վարորդների թափուր աշխատատեղերի մասին նշելով, որ քաղաքապետարանը պատրաստ է հոգալու նաև համապատասխան կարգի ձեռքբերման խնդիրը։

← Վերադառնալ ցուցակին