Լուրեր

Երևանի քաղաքապետը հանդիպել է Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի անդամների հետ

06.10.2012

 Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Երևանում հոկտեմբերի 4-ից 7-ը անցկացվող Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի նիստի անդամների հետ:Ողջունելով հյուրերին` քաղաքապետը նախ նկատել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ձևավորված ասոցիացիան, նախկին սոցերկրների ճարտարապետների միջև առկա կապերի պահպանման առումով, իսկապես անհրաժեշտություն էր, և անցած 20 տարիները մեկ անգամ չէ, որ փաստել են դա:<<Հաշվի առնելով, որ նոր ժամանակների մարտահրավերներն առաջադրում են նաև նոր մոտեցումներ ճարտարապետության ասպարեզում, վստահ եմ մեր երկրների ընդհանուր անցյալը ևս մեկ կարևոր խթան կարող է հանդիսանալ, որպեսզի համատեղ ուժերով փորձենք մեր երկրների քաղաքաշինական ծրագրերում կիրառել միջազգային լավագույն փորձը` այն համադրելով առկա ճարտարապետական դիմագծի հետ: Ու քանի որ այս տեսանկյունից մեր բոլորի քաղաքաշինական խնդիրները գրեթե նույնական են, կարծում եմ, սերտ փոխգործակցությունը կարող է բավականին լավ արդյունքներ բերել>> - նշել է Տարոն Մարգարյանն ու, օգտվելով առիթից, շնորհավորել ներկաներին ասոցիացիայի ձևավորման 20-ամյակի ու ճարտարապետների միջազգային օրվա կապակցությամբ:Ներկաների անունից շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին ջերմ ընդունելության և շնորհավորանքի համար, Ռուսաստանի Դաշնության ճարտարապետների միության նախագահ Անդրեյ Բոկովը նշել է, որ կիսում է Տարոն Մարգարյանի կարծիքն ու իր գործընկերների անունից նաև վստահեցրել է, որ կարվի հնարավորը, որպեսզի փոխգործակցությունը դառնա առավել առարկայական ու շոշափելի:<<Մենք, իրոք, շատ անելիքներ ունենք միջազգային արդյունավետ մոտեցումները քաղաքաշինական մեր ծրագրերում ներդնելու առումով և Դուք, պարոն քաղաքապետ, ճիշտ եք, որ սերտ փոխգործակցության արդյունքում մենք շատ ավելի հեշտ կկարողանանք հասնել դրան: Ընդ որում, երբ այդ կերպ է մտածում նաև իրապես ճարտարապետական դեմք ունեցող քաղաքի` Երևանի քաղաքապետը, դա ոչ միայն հաճելի է, այլ նաև պարտավորեցնող>> - նշել է Անդրեյ Բոկովը:Հանդիպման վերջում, օգտվելով առիթից, քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանին` ռոտացիայի կարգով Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` մաղթելով նրան արդյունավետ և բեղմնավոր աշխատանք:

← Վերադառնալ ցուցակին