Լուրեր

Մարալիկում շահագործման է հանձնվել սոցիալական բնակարանային ֆոնդի առաջին համալիրը

06.10.2012

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Շիրակի մարզ: Կառավարության ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի ուղեկցությամբ նախ եղել է Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի գլխավոր մասնաշենքում, ծանոթացել վերջինիս հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:
ՀՀ կառավարության ղեկավարը տարբեր գերատեսչական մարմինների և կառուցապատող շինարարական ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել: Զեկուցվել է, որ շենքի շինաշխատանքները մեկնարկել են ընթացիկ տարվա հունիսի 1-ին և կավարտվեն 2013թ.-ին: Վարչապետին վստահեցվել է, որ շինաշխատանքներն ընթանում են ըստ նախանշված ժամանակացույցի և բարձր որակով: Կառավարության ղեկավարը հանձնարարել է աշխատանքները շարունակել՝ հաշվի առնելով նաև տեխնոպարկի շենքի պատմամշակութային նշանակությունը:
«Տեխնոպարկի շինաշխատանքներն արագ տեմպերով շարունակվում են: Իր հերթին, միջազգային D-Link ընկերությունը տեխնոպարկին կից մտադիր է նոր կառույց հիմնել, որտեղ կտեղակայվեն ընկերության մասնաճյուղերը: Այսպիսով, տեխնոպարկի գաղափարը դառնում է իրականություն, ինչը և խոստացել էինք գյումրեցիներին»,- լրագրողների հետ զրույցում նշել է վարչապետը:
Տեխնոպարկում ներկայում գործունեություն են ծավալում 7 սկսնակ ընկերություններ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարագիտության, էներգետիկայի և ոսկեգործության ոլորտներից, ընդհանուր 28 աշխատատեղերով: Գործում է նաև D-link ընկերության հետազոտական և թեստավորման կենտրոնը: Մինչև ընթացիկ տարվա դեկտեմբեր ամիսը նախատեսվում է նաև E-WORKS, INTRACOL և «Մակադամիան» ընկերությունների մասնաճյուղերի հիմնումը:
Տեխնոպարկում, որտեղ ապագայում հնարավոր կլինի ապահովել մինչև 300 աշխատատեղ, այժմ նաև իրականացվում են կրթական ծրագրեր` մուլտիմեդիայի, մեխանիկայի, էլեկտրոնիկայի, հեռահաղորդակցության, ինչպես նաև եռաչափ մոդելավորման ոլորտներում: Շրջանավարտները պրակտիկայի ավարտից հետո կանցնեն աշխատանքի տեխնոպարկում հիմնվող կազմակերպություններում:
Այնուհետև Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Մարալիկում շահագործման է հանձնվել Սոցիալական բնակարանային ֆոնդի առաջին համալիրը: Այն բաղկացած է 59 բնակարաններով երեք շենքերից՝ 103 անձի համար: Բնակարանները կահավորված են անհրաժեշտ գույքով: Սոցիալական բնակարաններում բնակվելու են մանկատան շրջանավարտներ, միայնակ տարեցներ և բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներ:
«Այս ծրագիրը կառավարության նոր նախաձեռնությունն է: Պետությունը, ձևավորելով սոցիալական բնակարանային ֆոնդ, կարիքավոր ընտանիքներին կկարողանա ապահովել բնակարաններով: Հետագայում այս փորձը տարածելու ենք նաև այլ մարզերի վրա: Այնպես որ, հաջողված ենք համարում սոցիալական բնակարանային ֆոնդի հայեցակարգը»,- ասել է վարչապետը:
Բնակարանամուտ տոնած քաղաքացիները շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին նման ծրագիր կյանքի կոչելու և սոցիալապես կարիքավորների նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար:
Ծրագրի շրջանակում առաջիկայում Մարալիկում շահագործման է հանձնվելու ևս երկու նմանատիպ շենք: Եվս մեկ շենք ներկայում վերակառուցվում է Երևանում, ինչի համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել են համապատասխան միջոցներ:
Սոցիալական բնակարանները համալիր կազմակերպելու նպատակով փոխանցվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

← Վերադառնալ ցուցակին