Լուրեր

ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ասուլիսը

09.10.2012

Հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության մամուլի ասուլիսը, որին մասնակցում էին պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, պատվիրակության անդամներ Հերմինե Նաղդալյանը եւ Զարուհի Փոստանջյանը: Նրանք ներկայացրին 2012 թվականի հոկտեմբերի 1-5-ը Ստրասբուրգում գումարված ԵԽԽՎ նստաշրջանում իրենց կատարած աշխատանքի հաշվետվությունը:

Պատվիրակության անդամներն անդրադարձան նստաշրջանի ընթացքում քննարկված եւ ընդունված բանաձեւերին եւ դրանց վերաբերյալ ԱԺ պատվիրակների դիրքորոշումներին:

Հայաստանյան պատվիրակությունը մասնակցել է նաեւ ԵԽԽՎ բյուրոյի նիստերին, քանի որ նախարարների կոմիտեում հաջորդ տարի նախագահելու է Հայաստանը:

ԱԺ պատվիրակության անդամները երկու գրավոր հարց են ուղղել ԵԽԽՎ նախարարների կոմիտեի նախագահողին: Զարուհի Փոստանջյանի հարցը վերաբերել է Թուրքիայում ազգային փոքրամասնությունների դպրոցների փոխտնօրենների նշանակման կարգին: Խնդիրն այն է, որ փոխտնօրեններին նշանակում է Թուրքիայի կառավարությունը, ինչը հայ համայնքն անընդունելի է համարում: Զարուհի Փոստանջյանն ասաց, որ հարցի պատասխանը գոհացուցիչ չի եղել, եւ ինքը շարունակելու է հարցի արծարծումը :

Պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը, օրակարգային ազատ քննարկման ժամանակ ելույթ ունենալով, անդրադարձել է ԵԽԽՎ կողմից չճանաչված միավորումներին որոշակի կարգավիճակ շնորհելու հարցին: Օրինակ է բերվել Պաղեստինը, որին շնորհվել է «ժողովրդավարության գործընկեր» կարգավիճակը, ինչը հնարավորություն է ընձեռում Պաղեստինի ներկայացուցիչներին` մասնակցելու ԵԽ նիստերին` առանց քվեարկելու իրավունքի: Արմեն Ռուստամյանն ասել է, որ ԵԽ անդամ երկրների տարածքում եւս կան նման միավորներ, եւ ճիշտ չէ, որ նրանց եւս չեն շնորհվում նման կարգավիճակներ:

Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ նման հարցը ինքը եւս ժամանակին բարձրացրել է, երբ քննարկվել է Կոսովոյի խնդիրը: Նա ասաց, որ թեեւ առաջընթաց չի գրանցվել, այնուամենայնիվ այս ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են: Պարբերաբար պետք է պնդել, որ Եվրոպայի Խորհուրդը նման մոտեցում ցուցաբերի նաեւ իր տարածքում գտնվող, չճանաչված միավորումների կամ պետությունների նկատմամբ:

«Մարդու իրավունքները եւ արտաքին քաղաքականությունը» թեմայով քննարկմանը ելույթ է ունեցել Զարուհի Փոստանջյանը եւ ԵԽԽՎ պատվիրակների ուշադրությունը հրավիրել ԼՂՀ հակամարտության, Ստեփանակերտի օդանավակայանը գործարկելու հարցերի վրա ու դրա հետ կապված ադրբեջանական կողմի հնչեցրած սպառնալիքներին: Այս թեմայով քննարկման շրջանակներում ելույթ է ունեցել նաեւ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը եւ կարծիք հայտնել, որ երկրների արտաքին քաղաքականության ոլորտում տնտեսական շահերը գերակա են մարդու իրավունքների համեմատությամբ, ինչի վառ ապացույցն է ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը:

ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ քննարկվել եւ ընդունվել է «քաղբանտարկյալի սահմանման» վերաբերյալ բանաձեւ. հայկական պատվիրակության անդամներ Արմեն Ռուստամյանը եւ Զարուհի Փոստանջյանը ներկայացրել են իրենց տեսակետները: Մասնավորապես Արմեն Ռուստամյանն անդրադարձել է Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայությանը, ԵԽԽՎ իրավական հարցերի հանձնաժողովի եւ այդ հարցով զեկուցողի հետ ադրբեջանաակն կողմի չհամագործակցելու հարցին:

Քննարկվել եւ ընդունվել է բանաձեւ, որը վերաբերել է ԵԽԽՎ անդամների վարքագծին: «ԵԽԽՎ անդամների վարքագծի կանոններ. բարեխիղճ գործելաո՞ճ , թե՞ կարեւոր պարտականություն» անվանումով բանաձեւում ներառվել են Դավիթ Հարությունյանի մի շարք առաջարկները: Ըստ նրա` ընդունված բանաձեւի գլխավոր արժանիքն այն է, որ դրա արդյունքում կառույցում կսահմանափակվի լոբբիստական գործունեություն իրականացնողների ակտիվությունը:

Քննարկվել եւ ընդունվել է պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանի «Սոցիալական արդարության վերականգնումը ֆինանսական գործարքների հարկման միջոցով» զեկույցը, որը նախաձեռնել է ԵԽԽՎ տնտեսական հարցերի հանձնաժողովը եւ որը վերաբերել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառների ուսումնասիրությանը: Զեկույցում փորձ է արվել վերլուծել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառները եւ գտնել ուղիներ` հետագայում կանխելու համար նման ճգնաժամերը:

ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ասաց, որ նստաշրջանի ընթացքում քննարկվել է ՆԱՏՕ-ի կազմակերպած դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին արտահանձնման դեպքը, որի վերաբերյալ ելույթներ են ունեցել հայկական պատվիրակության բոլոր անդամները: Նրանք արտահայտել են իրենց դիրքորոշումները` ընդգծելով, որ ոճրագործությունը կատարվել է այլատյացության հողի վրա:

Ելույթներ են ունեցել նաեւ այլ երկրների բազմաթիվ պատվիրակներ, որոնց թվում նաեւ` հունգար պատվիրակները, ովքեր իրենց ելույթներում դատապարտել են կատարված ոճրագործությունը, ոճրագործի արտահանձնումն ու հերոսացումը:

Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ այս քննարկման վերաբերյալ բանաձեւ չի ընդունվել, սակայն որպես քննարկման հետեւանք` Բյուրոն անդրադարձ է կատարելու ԵԽ միջազգային պայմանագրերով սահմանված իրավունքների չարաշահման խնդրին:

Պատվիրակության անդամները պատասխանեցին լրագրողների նաեւ հարցերին:  

← Վերադառնալ ցուցակին