Լուրեր

Երևանի քաղաքապետարանը կակտիվացնի գործակցությունը Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքների կազմակերպության հետ

09.10.2012

Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքների կազմակերպության և անդամակից Երևանի համագործակցության սերտացման հեռանկարներն են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և կազմակերպության նախագահ, Նիդերլանդների Բիմսթեր քաղաքի քաղաքապետ Հարրի Բրինքմանի հանդիպման ընթացքում, որին մասնակցել են նաև հոկտեմբերի 7-8-ին Էջմիածնում անցկացված Տնօրենների խորհրդի նիստի պատվիրակներ:
Շնորհակալություն հայտնելով այցելության համար՝ Տարոն Մարգարյանը կարևորել է Երևանի անդամակցությունը Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքների կազմակերպությանը և նկատել, որ պատմամշակութային արժեքների պահպանություն գործում ցանկալի արդյունավետության համար անհրաժեշտ է ակտիվացնել գործակցությունը:<<2006 թվականից, <<Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքների կազմակերպությանը>> անդամակցելուց ի վեր մեր համագործակցությունը կարծում եմ բավարար չէ: Երևանի քաղաքապետարանը կարևորում է «Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքներ>> կազմակերպության դերն ու նպատակները, և կարծում եմ պետք է սերտացնենք համագործակցությունը՝ լրացնելով բացթողածը: Մի քանի օրից նշելու ենք Էրեբունի-Երևանի 2794-ամյակը: Երևանը պատմամշակութային հարուստ ժառանգությամբ քաղաք է, որտեղ մեր խնդիրը հին, պատմամշակութային տարածքները պահպանելով՝ նոր մոտեցումներով քաղաք կառուցելն է>>,- նշել է Երևանի քաղաքապետը:Տարոն Մարգարյանին ներկայացնելով կազմակերպության հաջողված ծրագրերը՝ հյուրերը նկատել են, որ Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքների կազմակերպության հետ համագործակցությունը Երևանին միջազգային ճանաչման հավելյալ հնարավորություն կընձեռի և պատմամշակութային արժեքների պահպանման հարցեր ներկայացնելու լայն հարթակ կդառնա: Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքների կազմակերպության նախագահը Երևանի քաղաքապետին հրավիրել է մասնակցելու կազմակերպության խորհրդի՝ 2013 թվականի նոյեմբերին Մեխիկոյում կայանալիք նիստին:
Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքների կազմակերպության հիմքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի` համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանման հռչակագիրն է: Կազմակերպությանն անդամակցում են 238 քաղաքներ, որտեղ գտնվում են այնպիսի վայրեր, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

← Վերադառնալ ցուցակին